Համեմունքների օգտակար հատկությունները․ ի՞նչ համեմունքներ է օգտագործում Foody-ն

Համեմունքները ոչ միայն հարստացնում են սննդի համը, հոտն ու տեսքը, այլ նաև պարունակում են հանքանյութեր, վիտամիններ, հակաօքսիդիչներ, որոնք օգտակար են օրգանիզմի առողջության համար։

Սիրիական խոհանոցն անհնար է պատկերացնել առանց բահարի, հնդկականը՝ առանց կարիի, միջերկրածովյանը՝ առանց օրեգանոյի։ Այս և այլ համեմունքները հեշտությամբ կարելի է օգտագործել նաև հայերի սիրելի ճաշատեսակները պատրաստելիս՝ դրանց հաղորդելով նոր ու յուրահատուկ համ։ Դե, իսկ մեր նշած տարբերակները խանութներում գտնելն ընդհանրապես դժվար չէ։

Foody-ի խոհարարները նույնպես օգտագործում են զանազան համեմունքներ թե՛ մսային, թե՛ բուսական ծագման ուտեստները համեմելու համար։ Այստեղ ուզում ենք շեշտել, որ մենք երբևէ չենք օգտվում սննդային հավելումներից և մեր բոլոր ուտեստների որակն ու համը ստանում ենք բաղադրիչները ճիշտ համեմելու և ճիշտ ջերմաստիճանի տակ պատրաստելու շնորհիվ։

Ահա 8 համեմունք, որոնք մեր խոհանոցի կարևոր մասն են կազմում և ընդգծում են ուտեսների թաքնված համերը։

Կարի

Կարի փոշին չորացրած և աղացած տարբեր համեմունքների խառնուրդ է և սովորաբար ներառում է կուրկումա (թուրմերիգ), համեմ, քիմիոն, չիլի պղպեղ։ Երբեմն կարող է պարունակել նաև կոճապղպեղ, սև պղպեղ, մանանեխի սերմեր։

Կուրկուման, համեմն ու չիլի պղպեղը կարրի փոշուն օժտում են հակաբորբոքային ազդեցությամբ։ 

Կարիի փոշին կարող է օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և բարելավել վերջինիս շրջանառությունն անմիջապես ուտելուց հետո։ Կուրկումայի միջոցով կարիի փոշին օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը և սրտային հիվանդությունների ռիսկը։ Կուրկուման և կոճապղեղը նաև դրականորեն են ազդում մարսողական համակարգի աշխատանքի վրա։ 

Կարիի փոշիով համեմում են ապուրները, սոուսները, միսը (հատկապես՝ հավի), բանջարեղենը։ Մեր խոհարարներն առաջարկում են լանչի տարբերակ՝ հնդկաձավար և կարրի սոուսով համեմված հավի կրծքամիս։

Շաֆրան (զաֆրան)

Շաֆրանն աշխարհի ամենաթանկ համեմունքն է, քանի որ բերքահավաքի և արտադրության համար պահանջվում են շատ աշխատողներ ու ժամանակ։ Սակայն կարելի է շաֆրան ձեռք բերել փոքր փաթեթավորմամբ, և այն կբավականացնի տասնյակ ուտեստներ պատրաստելու համար։

Շաֆրանով համեմված սնունդ ընդունելը կամ դրա բույրը զգալը կարող է մեղմել նախադաշտանային այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են գլխացավը, գրգռվածությունը, կծկումները։ Այն պարունակում է նաև հակաօքսիդիչներ՝ կրոցին, կրոցետին, սաֆրանալ, կեմպֆերոլ։ Վերջիններս պաշտպանում են ուղեղի բջիջները, բարելավում հիշողությունն ու սովորելու ունակությունները, նաև կառավարում են ախորժակը և օգնում նիհարել։

Այս համեմունքն իդեալական է բրինձը, մակարոնեղենը, ձուն, ծովամթերքը և հավի միսը համեմելու համար։ Foody-ի խոհարարները շաֆրան օգտագործում են կեսարի խռթխռթան հացիկները և կարի սոուսը համեմելիս։

Զիրա

Զիրան ամենից հաճախ օգտագործում են մարսողական համակարգի աշխատանքը բարելավելու համար։ Համեմունքը նաև երկաթի աղբյուր է․ աղացած զիրայի 1 թեյի գդալն ապահովում է երկաթի օրական անհրաժեշտ չափաբաժնի 17.5%-ը։ 

Զիրան որպես համեմունք օգտագործելը կարող է սահմանափակել վարակակիր մանրէների և սնկերի աճը՝ նվազեցնելով սննդային թունավորումների ռիսկը։

Առանց զիրայի անհնար է պատկերացնել ուզբեկական փլավը, որը մեր խոհարարները պատրաստում են հորթի տեղական թարմ մսով, գազարով, սիսեռով։

Օրեգանո

Օրեգանոն օգտագործում են թարմ, չորացրած կամ յուղի տեսքով, և բոլոր դեպքերում էլ այն պահպանում է իր օգտակար հատկությունները։ Չորացրած օրեգանոյի 1 թեյի գդալը պարունակում է վիտամին K-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 8%-ը։

Պարունակում է հակաօքսիդիչներ՝ կարվակրոլ և թիմոլ, որոնք պաշտպանում են օրգանիզմի բջիջները ծերացումից և տարբեր հիվանդություններից։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա օրգանական միացությունները կարող են թողնել նաև հակավարակային ազդեցություն։ 

Չորացրած օրեգանոն կարելի է օգտագործել պիցցաները և մակարոնեղենը համեմելու, աղցանները զարդարելու, միսը մարինացնելու, ինչպես նաև սոուսներ պատրաստելու համար։ Մեր խոհարարները օրեգանոյով են զարդարում հունական աղցանը և շիշ թաուկը։

Դարչին

Դարչինը պարունակում է հզոր հակաօքսիդիչներ՝ պոլիֆենոլներ և այդ հատկությամբ գերազանցում նույնիսկ սխտորին և օրեգանոյին։ Նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը՝ իջեցնելով խոլեստերինի և տրիգլիցերինների մակարդակը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և բարձրացնում ինսուլինի նկատմամբ զգայունությունը։

Կենդանիների շրջանում արված փորձարկումները ցույց են տվել, որ դարչինն օգնում է պայքարել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների՝ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների դեմ։

Դարչինի ալդեհիդը՝ համեմունքի մեջ առկա գլխավոր բաղադրիչներից մեկը, կարող է օգնել պայքարել տարբեր վարակների դեմ։ Այն ունի նաև հակասնկային հատկություն, որի շնորհիվ դարչինն օգտագործում են որպես սննդային բնական հավելում։

Հավանաբար դուք էլ եք սիրում դարչինի և խնձորի համադրությունը, որից հնարավոր չէ հագենալ։ Մեր խնձորով և դարչինով նրբահամ թխվածքը հենց այս համադրության սիրահարների համար է։ Դարչինն օգտագործում են խմորեղեն թխելիս, ցանում շիլաների վրա, իսկ ձողիկներն ավելացնում են ցիտրուսային թեյ պատրաստելիս։

Չաման 

Չամանն ունի սննդային հարուստ պրոֆիլ. ներառում է մանրաթել և հանքանյութերից երկաթ ու մագնեզիում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է նպաստել կերակրող կանանց մոտ կաթնարտադրության բարձրացմանը և օգնել նորածիններին ավելի շատ քաշ հավաքել։ Այդ նպատակով կարելի է խմել չամանի սերմերով բուսական թեյ, բայց նախապես անպայման անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Չամանը նաև դիաբետիկների համար թույլատրելի համեմունք է և օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել խոլեստերինի մակարդակը։

Այս համեմունքն իր ուրույն տեղն ունի հայկական խոհանոցում։ Օգտագործում են բաստուրմա պատրաստելիս, տարածում են հացի վրա, իսկ Foody-ի խոհարարները չաման ավելացնում են ուզբեկական փլավ պատրաստելիս։

Քիմիոն

Քիմիոնը պարունակում է կենսական սնուցիչներ՝ երկաթ, ցինկ, կալցիում, պղինձ, մանրաթել։ Պատմականորեն այս համեմունքն օգտագործել են մարսողական խանգարումները կարգավորելու և ստոմոքսի խոցը բուժելու համար։ 

Քիմիոնն առավել հայտնի է որպես տարբեր հացերի բաղադրիչ, բայց օգտագործում են նաև կեքսեր, թխվածքաբլիթներ, ռոլեր պատրաստելիս։ Հարմար է ապուրները, սոուսները, կասերոլը համեմելու համար։ Կարելի է նաև այս համեմունքով թեյ պատրաստել։

Foody-ի խոհարարները քիմիոնն օգտագործում են հումուս և կարմիր ոսպով ապուր պատրաստելիս։

Բահար

Բահարը պարունակում է շատ կարևոր միացություններ, որոնք մեր օրգանիզմին օգնում են պայքարել տարբեր օտարածին մարմինների ու երևույթների դեմ։ Ահա դրանցից գլխավորները․

-Էվգենոլ, որն ունի հակամանրէային, հակասնկային, հակաքաղցկեղային հատկություններ,

-Կվերցետին, որն ուժեղ հակաօքսիդիչ է, ունի հակավարակային, հակաբորբոքային ազդեցություն,

-Գալլաթթու՝ ևս մեկ հակաօքսիդիչ, որը կարող է թողնել նաև հակավարակային և հակաքաղցկեղային ազդեցություն։ 

Բահարը նաև տարածված միջոց է գլխացավերի, ատամի և մկանային ցավերի դեմ։ Ապահովում է հագեցածության զգացողություն, նվազեցնում ախորժակն ու օգնում կառավարել քաշը։ 

Համեմունքը հիմնականում օգտագործում են մսային, ծովամթերային ու բանջարեղենային ուտեստներ պատրաստելիս, երբեմն նաև թխվածքների ու մուրաբաների մեջ։ Բահարը Foody-ի խոհարարների պատրաստած տժվժիկի անբաժան մասն է։

Վերջում կիսվենք համունքները պահպանելու և օգտագործելու հետ կապված մի քանի խորհուրդներով։ 

  1. Համեմունքներն անհրաժեշտ է պահել հերմետիկ փաթեթավորմամբ` մութ, սառը վայրում։ 
  1. Մշտապես ուշադրություն դարձրեք ժամկետներին, քանի որ ժամկետանց համեմունքները կորցնում են իրենց իրական համն ու տեսքը։ 
  1. Հնարավորության դեպքում ձեռք բերեք համեմունքների հատիկները և ինքներդ աղացեք այդ պահին անհրաժեշտ չափով, քանի որ հատիկները ավելի երկար պահպանման ժամկետ ունեն, քան փոշիները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով