Դարչինով ոլորների (cinnamon roll) ամենահամեղ ու նուրբ բաղադրատոմսը 

Գիտե՞ք, որ բոլոր քաղցրակերների սիրելի դարչինով ոլորը, նույնը ինքը՝ սինամոն ռոլը, սկանդինավյան երկրների ավանդական աղանդերն է, սուրճի սեղանների և ընդմիջումների անբաժան մասնիկը։ Այս թխվածքը Շվեդիայում այնքան սիրված է, որ ամեն տարի հոկտեմբերը 4-ը նշվում է որպես Դարչինով ոլորի օր։

Հայերենում այն անվանում են դարչինով կաթնահաց (կաթնահունց), ռուսերենում՝ պլյուշկա, գերմաներենում՝ խխունջ։ 

Այս թխվածքի թե՛ միջուկը, թե՛ կրեմը պատրաստում են տարբեր բաղադրիչներով՝ ըստ ճաշակի։ Այսօր ձեզ հետ կկիսվենք խմորի պատրաստման բոլոր գաղտնիքներով, ինչպես նաև միջուկի և կրեմի մի քանի բաղադրատոմսով։

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-ալյուր (500 գրամ)

-գոլ կաթ (200-250 մլ)

-խմորիչ (1 ճաշի գդալ)

-փափուկ կարագ (80-90 գրամ)

-ձու (2 հատ)

-շաքարավազ (60-70 գրամ)

-աղ (0,5 թեյի գդալ)

Գոլ կաթի մեջ լուծում ենք շաքարավազը և ավելացնում խմորիչը։ Ծածկում ենք սրբիչով և թողնում 10 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա։ Ավելացնում ենք փափուկ կարագը, ձուն, աղը, ինչպես նաև ալյուրը՝ մաս-մաս մաղելով։ Այս ամենն անհրաժեշտ է խառնել, հունցել և ստանալ ձեռքերին չկպչող խմոր։ 

Եթե նկատում ենք, որ խմորն ամեն դեպքում կպչուն է, կարող եք մի փոքր էլ ալյուր ավելացնել։ Խմորին տալիս ենք ամբողջական գնդի կամ խորանարդի տեսք, ծածկում սրբիչով և թողնում սենյակային ջերմաստիճանում 1 ժամ, որպեսզի հասունանա։

Ժամանակը լրանալուց հետո խմորը տեղափոխում ենք հարթ մակերեսի վրա և գրտնակով բացում։ Անհրաժեշտ է ստանալ բարակ շերտով, ուղղանկյունաձև բացված խմոր։ Այժմ միջուկը տարածելու հերթն է, որի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-փափուկ կարագ (100 գրամ)

-շաքարավազ (100-150 գրամ)

-դարչին (15-20 գրամ)

Սա, ինչպես նկատեցիք, միջուկի դասական և ամենասիրված բաղադրատոմսն է։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մանր կտրատած ընկույզ, չամիչ կամ կակաչի սերմեր (мак пищевой)։ 

Կարագը տարածում ենք խմորի վրա, այնուհետև ավելացնում շաքարավազի և դարչինի խառնուրդը։ Խմորը սկսում ենք փաթաթել ռուլետի տեսքով, իսկ ռուլետը կտրում ենք 3-4 սմ հաստությամբ կտորներով։ 

Խորհուրդ 1․ Ցանկալի է ռուլետը կտրել ոչ թե դանակի, այլ թելի օգնությամբ, որպեսզի շերտերը չդիպչեն իրար և կտրվածքը գեղեցիկ կլինի։

Խորհուրդ 2․ Յուրաքանչյուր կտորի ազատ եզրն անհրաժեշտ է ծալել դեպի ներքև, որպեսզի թխվելու ընթացքում պարունակությունը չթափվի։

Մինչ ջեռոցում թխելը թողնում ենք, որ կտորները 20-30 րոպե հանգստանան։ Ջեռոցի թավայի վրա տարածում ենք բուսական յուղ, մի փոքր ալյուր ենք շաղ տալիս։ Ռոլերը թխում ենք 180°C տաքացված ջեռոցում 20-25 րոպե (մինչև կարմրելը)։ Ջեռոցից հանելուց մի քանի րոպե հետո արդեն կարող եք ավելացնել կրեմը։

#1 Պանրային սերուցքով կրեմ

Homemade cinnamon rolls or buns baked in a cast iron skillet and smothered in cream cheese icing. The skillet is cooling atop a black wire cooling rack on a white and gray marble countertop. A bowl of icing and a wooden spoon are in the background.

Սա դարչինով ոլորների համար կրեմի դասական տարբերակն է։ Անհրաժեշտ է 100-120 գրամ սենյակային ջերմաստիճանի սերուցքային պանիր, 60 գրամ փափուկ կարագ, 110-120 գրամ շաքարի փոշի, 1 թեյի գդալ վանիլի մզվածք, մեկ պտղունց աղ, 60 մլ կաթ։

Սերուցքային պանիրն ու կարագը հարեք միջին ուժգնությամբ մինչև համասեռ զանգված դառնալը։ Ավելացրեք վանիլն ու աղը, կրկին հարեք։ Ավելացրեք շաքարի փոշին մինչև համասեռ զանգված դառնալը։ Ճաշի գդալով աստիճանաբար ավելացրեք կաթը, մինչև ստանաք ծորացող, բայց թանձր զանգված։

#2 Խտացրած կաթով և ջնարակով կրեմ

Խտացրած կաթը կարելի է ձեռք բերել պարզապես խանութից, իսկ ջնարակը տնային պայմաններում պատրաստելը չափազանց հեշտ է։

Կաթսայի մեջ ավելացնում ենք 5 ճաշի գդալ շաքարավազ, 3 ճաշի գդալ կակաո փոշի (մաղած) և 7 ճաշի գդալ ջուր կամ կաթ։ Խառնում ենք մինչև համասեռ զանգված դառնալը և դնում ենք գազօջախի վրա։ Խառնելով եփում ենք և եռացնում ենք 1-2 րոպե։ Ավելացնում ենք նաև 0,5 թեյի գդալ բուսական յուղ, ցակության դեպքում նաև 1 թեյի գդալ կոնյակ։ 

Սպասում ենք, որ ջնարակը սառչի, այնուհետև ոլորները զարդարում ենք խտացրած կաթի ու ջնարակի խառնուրդով։

#3 Թթվասերային կրեմ 

Homemade Cinnamon Buns with cream on a paper

250 գրամ թթվասերին ավելացնում ենք շաքարի փոշի, որի քանակը կախված է ձեր նախընտրությունից։ Թթվայնությունը կոտրելու և քաղցրություն տալու համար կարող եք ավելացնել 1 ճաշի գդալ։ Պետք է հիշել, որ և՛ խմորի, և՛ միջուկի մեջ արդեն շաքարավազ ավելացրել ենք։ 

#4 Եփովի կրեմ

Թեև մենք սովոր ենք եփովի կրեմն օգտագործել որպես էկլերի միջուկ, դարչինով ոլորների հետ այն նույնպես հիանալիորեն համադրվում է։ 

Կաթսայի մեջ ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ, 3 ճաշի գդալ ալյուր և խառնում։ Մաս-մաս լցնում ենք նաև 1,5 բաժակ կաթ՝ ընթացքում զանգվածը խառնելով (ցանկալի է փայտե գդալով), որպեսզի գնդիկներ չառաջանան։ Եփում ենք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե՝ անընդհատ խառնելով։ Երբ զանգվածը սկսի խտանալ, ավելացնում ենք 100 գրամ կարագ։ Կարագը հալչելուն պես կաթսան գազօջախից վերցնում ենք։ Սառչելուց հետո ստացվում է խտացրած կաթի նման զանգված, որը հենց այս տեսքով էլ կարելի է օգտագործել։

Վերջում ցանկանում ենք կիսվել դարչինով ոլորներ թխելու մի քանի խորհուրդներով ևս․

  • Պարտադիր է խմորիչը նախապես ակտիվացնել։ Դրա համար անհրաժեշտ է խմորիչի վրա գոլ կաթ ավելացնել և թողնել մի քանի րոպե։ Մեկ այլ տարբերակ է այն չոր բաղադրիչների խառնել (ալյուր, շաքարավազ, աղ), հետո ավելացնել գոլ կաթը, կարագն ու ձուն։ Կարագն ու ձուն պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։
  • Ալյուրն անհրաժեշտ է օգտագործել զգուշորեն՝ աստիճանաբար և առանց չարաշահելու։ Խմորը պետք է լինի խոնավ, բայց միաժամանակ ձեռքերին չկպչող, հակառակ դեպքում դարչինով ոլորները չոր կստացվեն։ 
  • Խուսափեք խմորը չափից դուրս շատ հունցելուց։ Բավական է տեսնել, որ խմորը խոնավ, փափուկ ու չկպչող է, և այն կարելի է կողքի դնել։ Երկար հունցելու պատճառով ոլորներն ավելի շատ կնմանվեն հացի, ինչպես նաև չոր կստացվեն։
  • Նուրբ, բերանում հալվող դարչինով ոլորներ պատրաստելու համար կարելի է արդեն կտրատած ոլորների վրա ոչ շատ տաք սերուցք լցնել, հետո ջեռոցում թխել։ Սա պետք է անել այն ժամանակ, երբ կտորներն արդեն մոտ կես ժամ հանգստացել են։
  • Ոլորների փափկությունը պահպանելու համար անհրաժեշտ է այն կրեմապատել երկու փուլով։ Ջեռոցից հանելուց հետո նախ կարելի է տարածել ջնարակի մի փոքր մասը, իսկ մյուս մասը՝ ոլորների սառչելուց հետո։

Վստահ ենք, որ այս նրբահամ, անուշաբույր ոլորները սեփական ձեռքերով պատրաստելուց հետո այլևս չեք ցանկանա դրանք գնել խանութից կամ ուտել սրճարանում։ Կպատրաստեք ինքներդ ամենալավ բաղադրիչներով՝ բարձրորակ կարագով, թարմ կաթով, թթվասերով ու մեծ սիրով։

Եթե քաղցրասեր եք և ձեր ընդմիջումներն ու նախաճաշերը չեք պատկերացնում առանց համեղ աղանդերի, առաջարկում ենք աչքի անցկացնել նաև մեր քաղցր մենյուն․

Խնձորով և դարչինով թխվածք

Փանքեյքի շերտեր

Գաթա

Հալվա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով