Faux pas… Այսպես են անվանում այն անքաղաքավարի, տգեղ քայլերը, որ մարդիկ անում են որևէ սոցիալական իրավիճակում, այդ թվում՝ սեղանի շուրջ։ Նման քայլերի շարքին են դասվում սեղանի շուրջ հեռախոսով զբաղվելը, արմունկները սեղանին դնելը, և այլն։
Այս և նմանատիպ իրավիճակներից խուսափելու և հյուրերի վրա դրական տպավորություն թողնելու համար առաջարկում ենք կարդալ էթիկայի և հյուրերի հարմարավետությունն ապահովող ոսկե կանոնների մասին։
1․ Ձևավորեք սեղանն ըստ սպասքի հիմնական մատուցման ձևի
Սպասքի ձևավորման այս ձևը կարող եք օգտագործել ընկերական ու ընտանեկան հավաքների ժամանակ, որտեղ բոլորի հետ մտերիմ եք։
Հիմնական մատուցման ձևը ենթադրում է սպասքի մինիմալ տարրեր։ Կենտրոնում ափսեն է, աջ կողմում դանակն է, կողքին՝ թեյի գդալը, ձախ կողմում՝ պատառաքաղը, ափսեի վերևի աջ մասում՝ հյութի բաժակը, իսկ ափսեի վրա՝ թղթե կամ կտորե անձեռոցիկ։
Եթե նույնիսկ թեյի գդալը չի օգտագործվելու հյուրի կողմից, այնուամենայնիվ այն ընդունված է ներառել սեթի մեջ։ Բայց հիմնականում այն օգտագործում են չոր նախաճաշ ուտելու, ինչպես նաև թեյը կամ սուրճը խառնելու համար։
2. Ձևավորեք սեղանն ըստ սպասի մատուցման պաշտոնական ձևի
Սպասքի մատուցման այն ձևն օգտագործում են այն դեպքում, երբ հավաքն ավելի պաշտոնական է և երեկոյին հրավիրված են հյուրեր, որոնց այդքան էլ լավ չեք ճանաչում։
Ափսեի ձախ կողմում տեղադրեք երկու պատառաքաղ․ փոքրը՝ աղցանի համար, մեծը՝ հիմնական ուտեստի։ Եթե որպես հիմնական ուտեստ նախատեսվում է մատուցել և՛ ձուկ, և՛ միս, ապա հատկացրեք առանձին պատառաքաղ յուրաքանչյուրի համար։
Աջ կողմում տեղադրեք դանակ և թեյի գդալ, իսկ եթե ճաշացանկում ներառված է նաև ապուր, ապա ավելացրեք նաև ճաշի գդալ։ Ապուր մատուցելու դեպքում անհրաժեշտ է ափսեի վրա տեղադրել նաև խորը աման։
Ափսեի վերևի աջ կողմում տեղադրեք հյութի բաժակ, իսկ կողքին՝ գինու գավաթ։ Եթե նախատեսում եք մատուցել և՛ կարմիր, և՛ սպիտակ գինի, ապա հատկացրեք մեկական գավաթ յուրաքանչյուրի համար։ Յուրաքանչյուր անձի համար ափսեի վրա տեղադրեք թղթե կամ կտորե անձեռոցիկ։
Պաշտոնական հավաքների ժամանակ ընդունված է դեսերտի սպասքը նույնպես մատուցել՝ ինչպես երևում է նկարում։ Մատուցված են թեյի/սուրճի բաժակը, ափսեն և ափսե ու դանակ դեսերտից օգտվելու համար։ Բայց առօրյայում կարելի է դեսերտի սպասքը մատուցել հենց դեսերտի ժամանակ և խնայել սեղանի տարածքը։
3․ Դիմավորեք հյուրերին ժպիտով
Հայտնեք, որ ուրախ եք հյուրերի գալու առթիվ։ Ներս մտնելիս հյուրերը պետք է զգան, որ հարմար միջավայր են այցելել և վստահ լինեն, որ լավ ժամանակ են անցկացնելու։
Ցույց տվեք, թե որտեղ կարող են թողնել իրենց վերնահագուստը, պայուսակը, անձրևանոցը և այլ իրեր։ Եթե հյուրերն առաջին անգամ են այցելում Ձեր բնակարան, ծանոթացրեք տան հետ, ցույց տվեք սենյակները՝ չմոռանալով լոգարանի և սանհանգույցի մասին։ Լոգարանում հյուրերի համար տեղադրեք առանձին սրբիչներ՝ նախապես տեղեկացնելով այդ մասին։
4․ Սկսեք թեթև նախուտեստից
Պետք չէ հենց սկզբից մատուցել հիմնական ուտեստները, քանի որ հյուրերը կկենտրոնանան սննդի վրա և չեն կարողանա զրուցել։
Որպես նախուտեստ կարող եք մատուցել աղցաններ (օրինակ՝ Կեսար, Վինեգրետ, Հունական կամ մեկ հիմնական բաղադիչով՝ ավոկադոյով, բազուկով կամ գազարով), բրուսկետաներ, պանրի տեսականի և այլն։
Հիմնական ուտեստը պետք է լինի այնպիսին, որ հյուրերի մեծ մասին կամ բոլորին դուր գա և հարմար լինի նրանց համար, ովքեր հետևում են սննդային սահմանափակումների։ Օրինակ՝ պետք է խուսափել շատ կծու կամ շատ յուղոտ սնունդ պատրաստելուց։ Սիրված հիմնական ուտեստներից են հավը կարտոֆիլով, ձուկը բանջարեղենով և այլն։
5․ Մաղթեք բարի ախորժակ և ազդարարեք ընթրիքի/ճաշի սկիզբը
Տանտիրոջ պարտականությունների մեջ է մտնում առաջինը սեղանը նստելը և հյուրերին սեղանի մոտ հրավիրելը։
Թղթե կամ կտորե անձեռոցիկը դրեք Ձեր ոտքերին (աթոռից վեր կենալու դեպքում անձեռոցիկը պետք է դնել աթոռին, ոչ սեղանի վրա կամ ափսեի մեջ)։ Իսկ երբ ուտեստեներն արդեն մատուցված են, մաղթեք բոլորին բարի ախորժակ և սկսեք օգտվել սեղանից, որպեսզի հյուրերը հետևեն Ձեր օրինակին։
Եթե ինչ-ինչ պատճառներով Դուք սեղանին չեք մոտենում, խնդրեք, որպեսզի հյուրերը սկսեն ուտել առանց Ձեզ։
6․ Հեռացրեք սեղանից Ձեր հեռախոսը/պլանշետը
Եթե Ձեր հեռախոսը դրված է սեղանին, դա արդեն անքաղաքավարության նշան է։ Անջատեք այն և դրեք սեղանից հեռու։ Իսկ եթե անընդհատ վերցնում եք հեռախոսը և ինչ-որ բան կարդում, գրում կամ խաղում, դա արդեն անհարգալից վերաբերմունք է հյուրերի նկատմամբ։ Այդ պահվածքը նշանակում է, որ հյուրերի հետ հետաքրքիր չէ կամ հեռախոսն ավելի կարևոր է, քան նրանք։
Եթե սպասում եք կարևոր զանգի կամ նամակի, անջատեք ձայնը և ներողություն խնդրեք հեռախոսին ժամանակ տրամադրելու համար։
7․ Ուշադիր եղեք յուրաքանչյուր հյուրի նկատմամբ
Ընթրիքը մի վերածեք երկխոսության Ձեր և մեկ այլ անձի միջև։ Այնպես արեք, որ այլ մարդիկ նույնպես ընդգրկվեն խոսակցության մեջ, հայտնեն իրենց կարծիքը, ուղղեն իրենց հարցերը։
Եթե հյուրերի մեջ կան մարդիկ, ովքեր իրար լավ չեն ճանաչում, անպայման ներկայացրեք նրանց՝ ընդգծելով յուրաքանչյուրի առաձնահատկությունները և օգնելով գտնել ընդհանուր եզրեր այլ հյուրերի հետ։
Որևէ ուտեստ հյուրասիրելիս այն նախ առաջարկեք Ձեզնից ձախ նստած հյուրին, այնուհետև՝ աջ։
8․ Սննդին ձեռքով մի՛ դիպեք
Կլինի դա հացի կտորը փոխանցելիս, միրգը կտրելիս, թե այլ իրավիճակում, խուսափեք սննդին ձեռքով դիպչելուց։ Եթե փոխանցում եք ուտեստի ամբողջական ափսեն, թույլ տվեք, որ հյուրն ինքնուրույն օգտվի՝ օգտագործելով ընդհանուր գդալը կամ իր իսկ պատառաքաղը։
9․ Կենացի ժամանակ դադարեք ուտել
Եթե որևէ մեկը կենաց է առաջարկում, գեղեցիկ չէ ուտել կամ ուտեստը կտրատել նրա խոսքի ժամանակ։ Ցած դրեք դանակ-պատառաքաղը և շարունակեք Ձեր գործը միայն այն ժամանակ, երբ կենացն ավարտված կլինի:
10․ Հիշեք նաև այս կանոնները
1. Մի՛ խոսեք, եթե Ձեր բերանում ուտելիք կա։ Նույնիսկ եթե Ձեզ հարց են տալիս, կուլ տվեք սնունդը և հետո միայն պատասխանեք։
2․ Չի կարելի սեղանի շուրջ օգտագործել ատամի փայտիկ կամ ատամի թել։
3. Չի կարելի փչել ուտելիքի վրա կամ հոտ քաշել ուտելիքից։
4. Խուսափեք արմունկները սեղանի վրա դնելուց։
5. Որոշ ուտեստների դեպքում մի՛ խուսափեք դրանք ձեռքով ուտելուց։ Այդպիսիք են հացը, պիցցան, չոր, ոչ կրեմային թխվածքը և այլն։
Եթե պլանավորում ենք ընկերական, ընտանեկան կամ աշխատանքային ընթրիք՝ անկախ ծավալից, բայց ժամանակ չունեք սննդի պատրաստման համար, Foody-ն պատրաստ է օգնել։ Աղցաններից մինչև ապուրներ, թխվածքից մինչև խորոված՝ մենք սնունդն առաքում ենք թե՛ պատրաստի, թե՛ կիսապատրաստի վիճակում։
Դուք կարող եք կենտրոնանալ տան և սեղանի ձևավորման, մաքրության և Ձեր տոնական տեսքի վրա, իսկ սննդի հարցում վստահել մեր խոհարարներին։ Իսկ մինչև հուլիսի 31-ը կայքում պատվեր կատարելու դեպքում կստանաք 10% զեղչ ցանկացած արժեքի գնման համար: