Սուրբ Հարության Տոնը (Զատիկ)

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկի տոնը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, այսինքն` մարտի 21-ից ապրիլի 25-ն ընկած այն կիրակի օրը, որը կհաջորդի առաջին լուսնի լրմանը:  Զատիկի տոնի 35-օրյա շարժականությամբ են պայմանավորված տոնացույցի մյուս շարժական տոները, ինչպես Համբարձման, Պայծառակերպության (Վարդավառ) և այլն։

Տոնի եկեղեցական անունը՝ Հարություն, լիարժեք արտահայտում է գարնանային այս տոնի թե՛ եկեղեցական եւ թե՛ ժողովրդական բովանդակությունը: Ըստ եկեղեցական  տոնացույցի՝ այդ օրը նշվում է Քրիստոսի հարություն առնելու հրաշքը: Ժողովրդական տոնահանդեսի հիմքում ընկած է այն իրողությունը, որ հայ ժողովուրդը, աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման, վաղնջական ժամանակներից գարնանային գիշերահավասարին նշել է ձմռան ցրտերին հաջորդող բնության «հարությունը», վերազարթոնքը ու հավերժության ամենամեծ խորհուրդը։ Հետագայի տոմարական փոփոխությունները փոփոխություններ են բերել նաև տոնացույցում, սակայն բնության երևույթը նշելու ավանդականությունը գոյատևել է։ ։ Զատիկին նախորդող Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա տոնական հանդիսությունները հարություն առնող կյանքի խորհրդանշական հավաստումն էին, իսկ բուն Զատիկն արդեն զարթոնքի ու հարության կատարված փաստի արձանագրումը։

Մեծ պասի ինքնամաքրումով մարդիկ նոր որակով, ֆիզիկապես ու բարոյապես մաքրված, նոր կյանք էին սկսում, և այդ նոր կյանքի խորհրդանշական մուտքը կատարվում էր հավերժության խորհրդանիշ ձվի ճաշակումով։ Զատիկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն Հարության և նոր կյանքի խորհրդանիշն է: Թելերով փնջվող, ուլունքազարդ, նկարազարդվող և այլ ձևերով զարդարվող ձվերը ժողովրդական ստեղծագործության, անսպառ երևակայության դրսևորման լավագույն ձևերից էին։


Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի»: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողություններն սկսվում են շաբաթ եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ՝ նվիրված Քրիստոսի հարությանը, որով վերջ էր դրվում յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանին: Կիրակի առավոտյան պատարագ էր մատուցվում, որի ընթացքում հավատացյալները Սուրբ Հաղորդություն են ստանում:

Այդ ժամանակ էլ կատարվում էր զատկական մատաղի հանդիսությունը: Ձուն ամենակարևոր տեղն էր գրավում զատկական տոնի սեղանին, բայց նաև կան այլ կերակրատեսակներ, ինչպիսին են` ղափաման, տապակած բանջարը, սպանախը, չամիչով փլավը, ձուկը և այլն: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, իսկ պատասխանն է. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով