Ամառն իր հետ բերում է սեզոնային մշակաբույսերի մի ամբողջ փունջ, որոնցով կարելի է պատրաստել ամառային ուտեստների հսկայական ցանկ։ Բայց մյուս կողմից՝ ամռան շոգը չի տրամադրում, որպեսզի երկար ժամանակով վառ պահենք գազօջախը կամ սալօջախը։
Foody թիմը առանձնացրել է ամառային յուրահատուկ ու հագեցնող մի քանի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք պատրաստելու համար բավական է ունենալ միայն ջեռոց։
#1 Գունավոր պղպեղներով բրուսկետա
Եթե սիրում եք բրուսկետաներ, իսկ գունավոր պղպեղների ու կաթնաշոռային պանրի համադրությունը դեռ չեք գնահատել, անպայման փորձեք այս բաղադրատոմսը։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
-1-ական կարմիր, դեղին, նարնջագույն բուլղարական պղպեղներ
-բագետ տեսակի հաց
-կաթնաշոռային պանիր
-չորացրած օրեգանո
-ձիթայուղ
-սխտոր
-աղ, սև պղպեղ
Բուլղարական պղպեղներն անհրաժեշտ է լվանալ, չորացնել և ամբողջական տարբերակով դնել յուղաթղթով կամ փայլաթիթեղով պատված ջեռոցի տապակի վրա։ Տեղափոխել 250°C տաքացված ջեռոցը և եփել 45-50 րոպե՝ մինչև կեղևները կարամելիզացվեն։
Պատրաստ լինելուն պես տեղափոխել տարայի կամ տոպրակի մեջ և ծածկել, որպեսզի առաջանա գոլորշի, և կեղևները հեշտությամբ մաքրվեն։ Թողնել մոտ 15 րոպե։
Բուլղարական պղպեղներից հեռացնել կեղևները և սերմերը, պտուղները կտրատել կարճ ձողիկների կամ խորանարդների տեսքով։ Առանձին տարայի մեջ պղպեղների վրա ավելացնել մի փոքր ձիթայուղ, սխտոր, օրեգանո, աղ, սև պղպեղ և խառնել։
Հացն անհրաժեշտ է թեքությամբ կտրատել և չոր տապակի վրա երկու կողմից կարմրացնել։ Կտորների վրա տարածել կաթնաշոռային պանիրը և 1-2 թեյի գդալի չափով զանգված վերցնել բուլղական պղպեղներից։ Էսթետիկ, գունեղ ու համեղ բրուսկետաները պատրաստ են։ Կարելի է մատուցել ճաշին կամ ընթրիքին՝ համատեղելով որևէ մսային ուտեստի կամ խավարտի հետ։
#2 Հավ և բանջարեղեն ջեռոցում
Խոսքը հավի մսով ու կարտոֆիլով ուտեստի մասին չէ, որի բաղադրիչները ջեռոցից դուրս գալուց հետո սովորաբար չափազանց չոր են լինում։ Ուտեստը ստացվում է հյութեղ ու համեղ և ամենակարևորը՝ կատարելագործված բաղադրիչներով։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
-600 գրամ հավի կրծքամիս
-4 կարտոֆիլ
-2 կանաչ պղպեղ
-2 բուլղարական պղպեղ
-2 լոլիկ
-1 բաժակ սառեցված կանաչ ոլոռ
-1 սոխ
-սխտոր
Սոուսի համար՝
-60 մլ բուսական յուղ
-80 մլ ջուր
-1 թեյի գդալ տոմատի մածուկ
-աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ուրց
Բոլոր բաղադրիչները կտրատել խորանարդների տեսքով, ավելացնել ոլոռը և ճզմած սխտորն ու տեղափոխել ջեռոցի հրակայուն ամանի մեջ։ Առանձին տարայի մեջ պատրաստել սոուսը և լցնել հիմնական բաղադրիչների վրա։
Ամանը ծածկել յուղաթղթով և տեղափոխել նախապես 210°C տաքացված ջեռոցը։ Եփել 35-40 րոպե, այնուհետև յուղաթուղթը հեռացնել, բաղադրիչները խառնելը և եփել ևս 25 րոպե՝ մինչև երեսը կարմրի։ Կարելի է մատուցել որպես լիարժեք ուտեստ կամ էլ սոուս՝ համատեղելով որևէ փլավի հետ։
#3 Բանջարեղենային խավիար
Այս բաղադրատոմսը նման չէ սմբուկի խավիարի տարբերակին, որի համար անհրաժեշտ է բանջարեղենը կրակի մոտ խորովել, մաքրել, այնուհետև եփել գազօջախի վրա (ու մի լավ շոգել այս եղանակին)։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
-2 միջին չափի դդմիկ
-2 լոլիկ
-1 բուլղարական պղպեղ
-1 գազար
-1 սոխ
-բուսական յուղ
-աղ, սև պղպեղ
Դդմիկները կտրատել հաստ օղակներով, գազարները՝ կիսալուսնաձև, լոլիկները, պղպեղը և սոխը՝ խոշոր խորանարդներով։ Վերցնել ջեռոցի տոպրակ, ֆիքսել մի կողմից և բոլոր կտորները տեղադրել տոպրակի մեջ։ Ավելացնել նաև 2 ճաշի գդալ բուսական յուղ, աղ, սև պղպեղ։
Տոպրակը ֆիքսել մյուս կողմից և թեթևակիորեն թափահարել, որպեսզի բանջերեղենի կտորները պատվեն համեմունքներով։ Տոպրակի վրա ատամի փայտիկով անցքեր բացել, որպեսզի տոպրակը չպայթի և դնելով ջեռոցի տապակի վրա՝ տեղափոխել նախապես 180°C տաքացված ջեռոցը։ Թողնել 40-60 րոպե՝ կախված ջեռոցից և կտորների չափերից։
Բանջարեղենը տեղափոխել խորը տարայի մեջ և հարել ձեռքի բլենդերով (կամ սովորական բլենդերով)։ Եթե զանգվածը չափազանց պինդ է, կարելի է տոպրակի մեջ գոյացած բանջարեղենային ջրից մի փոքր ավելացնել։ Նկատի ունեցեք, որ խավիարը սառչելուն պես մի փոքր էլ է պնդանալու։
Այս ախորժելի, վառ գույնով խավիարը կարելի է մատուցել որպես նախուտեստ, սոուս կամ բուտերբրոդային մածուկ նախաճաշի համար։
#4 Բողկով կանաչ աղցան
Թեև բողկը ցրտասեր մշակաբույս է, ամռանը կարելի է գտնել վերջինիս ջերմակայուն տեսակները և պատրաստել թեթև, զովացնող աղցան։ Չափաբաժինները գրելու կարիք, կարծում ենք, չկա։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
-բողկ
-վարունգ (ըստ ցանկության)
-կանաչ սոխ
-հազարի տերևներ
-համեմ
-բուսական յուղ
-կիտրոնի հյութ
-շաքարավազ
-աղ, սև պղպեղ
Բողկը և վարունգը կտրատել բարակ օղակների տեսքով։ Կանաչեղենը մանրացնել և խառնել բանջարեղենի հետ։
Առանձին տարայի մեջ պատրաստել սոուսը՝ բուսական յուղ, կիտրոնի հյութ, շաքարավազ, աղ, սև պղպեղ և լցրեք հիմնական բաղադրիչների վրա։ Կանաչ-վարդագույն աղցանը թարմություն ու զովություն կբերի ձեր սեղանին։
Եթե աղցանների սիրահար եք, անպայման փորձեք նաև Foody-ի խոհարարների պատրաստած աղցանները՝
#5 Հատապտղային-մրգային թխուկ
Մեր ցանկը լիարժեք չէր լինի առանց աղանդերի, առավել ևս՝ առանց սեզոնային հատապտուղների։ Թխուկը կարելի է պատրաստել ելակով, ազնվամորիով, իսկ եթե թթվություը ձեզ հաճելի է, կարելի է օգտագործել նաև մոշ կամ շպանկա։ Այս բաղադրատոմսը հարիչ չի պահանջում, և խմորը կպատրաստեք շատ արագորեն ու հեշտությամբ։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
-200 գրամ կաթնաշոռ
-2 ձու
-2 ճաշի գդալ թթվասեր (մոտ 90 գրամ)
-45 մլ բուսական յուղ
-1,5 թեյի գդալ փխրեցուցիչ
-100 գրամ շաքարավազ
-120 գրամ ալյուր
-100 գրամ հատապտուղ
-վանիլ
-աղ
Բրիկետային կաթանաշոռը տրորել, ավելացնել ձվերը, թթվասերը և խառնել։ Ավելացնել բուսական յուղը, փխրեցուցիչը, շաքարավազը, մեկ պտղունց վանիլ, մեկ պտղունց աղ և խառնել։ Քիչ-քիչ ավելացնել նաև մաղած ալյուրը։ Թխելու ամանի մեջ լցնել խմորի մի մասը, շարել հատապտուղները, ավելացնել խմորի մյուս մասը, կրկին հատապտուղները և թխել նախապես 180°C տաքացված ջեռոցում 35 րոպե։ Ցանկալի է անջատելուց հետո անմիջապես չհանել ջեռոցից, որպեսզի զանգվածը չնստի։
Եթե շատ քաղցրասեր եք, թխուկը նաև կարող եք պատել հատապտղային գլազուրով և թարմ հատապտուղներով։ Գլազուրի համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ հատապտղային պյուրեի վրա ավելացնել շաքարի փոշի, ստանալ ծորուն զանգված և տարածել թխուկի վրա։
Ամռանը հաշված շաբաթաներ են մնացել։ Այս բաղադրատոմսերից քանի՞սը կհասցնեք պատրաստել։ Առաջարկում ենք ընթերցել նաև մեր մյուս ամառային հոդվածները՝
—6 ամառային մթերքներ օրգանիզմը բնականորեն զովացնելու համար
—Պահածոների բաղադրատոմսեր տատիկից․ պատրաստվում ենք աշնանը—Ինչպե՞ս երեխաներին պատրաստել նոր ուսումնական տարվան