6 ամառային մթերքներ օրգանիզմը բնականորեն զովացնելու համար

Ամռան շոգից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի քանի կանոնների՝

1․ կրել բնական կտորից կարված, բաց գույնի, ազատ հագուստ,

2․ օգտագործել արևապաշտպան միջոցներ՝ գլխարկ, հովանոց, ակնոց, արևապաշտպան քսուք,

3․ սահմանափակել տանը էլեկտրականության և գազի օգտագործումը (հնարավորության դեպքում չմիացնել լամպերը, սնունդ պատրաստել բացօթյա տարածքում),

4․ սննդակարգում ներառել թարմ միրգ, բանջարեղեն, 

5․ խմել մեծ քանակի ջուր և այլն

Սննդակարգը որոշիչ դեր ունի այն հարցում, թե ինչպիսին կլինի մեր մարմնի ջերմաստիճանը և ինչպես կկարողանանք դիմագրավել տաք եղանակին։ Այս հոդվածում ներկայացնելու ենք, թե ամռանը հատկապես որ մթերքների չարաշահումից խուսափել և որոնց նախապատվություն տալ շոգի ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար։

#1 Սուրճ

Պետք չէ չարաշահել սուրճի ու կոֆեին պարունակող այլ ըմպելիքների օգտագործումը, քանի որ կոֆեինն ունի միզամուղ հատկություն և հեռացնում է ջուրը օրգանիզմից։ Իսկ ամռան շոգին հիդրացված մնալը առույգ զգալու գլխավոր նախապայմանն է։ 

Սուրճի օրական օպտիմալ չափաբաժինը 400 միլիգրամն է, որը կարելի է ստանալ՝ 4 բաժակ աղացած արևելյան սուրճ ըմպելով։ Հիշեք, որ կոֆեին են պարունակում նաև թեյը, էներգետիկ և զովացուցիչ մի շարք ըմպելիքներ։

#2 Աղ

Ինչպես կոֆեինը՝ աղը (նատրիում) նույնպես նպաստում է օրգանիզմից ջրի հեռացմանը։ Մեծ քանակի աղ են պարունակում հետևյալ ապրանքները՝

-սոյայի սոուս

-թթու վարունգ

-պոպկորն

-աղով բոված գետնանուշ ու արևածաղկի սերմեր

-պահածոյացված, սառեցված, ապխտած բազմաթիվ ապրանքներ

#3 Շաքար

Ամռան շոգին ծարավը հագեցնելու լավագույն միջոցը ջուրն է, բայց շատերը նախընտրում են դա անելի գազավորված ըմպելիքների, քաղցր հյութերի միջոցով։ Այս ըմպելիքները միայն վայրկյական հաճույք են պատճառում, բայց րոպեներ անց կրկին ծարավի զգացողություն է առաջանում։ 

Եթե ջուր խմելը չափազանց ձանձրալի է ձեզ համար, առաջարկում ենք խանութի հյութերը փոխարինել տանը պատրաստված, անհամեմատ ավելի քիչ շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքներով՝

9 բաղադրատոմս լավագույն զովացուցիչ ըմպելիքները պատրաստելու համար

Նկատի ունեցեք, որ ամռանը խորհուրդ չի տրվում ուտել նաև չափազանց կծու, չոր և ճարպոտ սնունդ։ Արմատապտղավոր բույսերը նույնպես ցանկալի է ուտել քիչ չափաբաժիններով, քանի որ դրանք առավել հարմար են ձմռան համար՝ բազուկ, բողկ, քաղցր կարտոֆիլ, գազար։ 

Այժմ հերթն այն մթերքներինն է, որոնք կարելի է համարձակորեն ներառել ամառային սննդակարգում՝ չմտածելով ավելորդ քաշ ձեռք բերելու կամ ջրազրկվելու մասին։ 

Օգտագործելով այս մթերքները՝ կպահպանեք զովության զգացողությունը, կխուսափեք օգտակար նյութերի ու ջրի պակասից և կլինեք առույգ։

#1 Վարունգ

Վարունգը գրեթե 96%-ով բաղկացած է ջրից, պարունակում է կալիում, մագնեզիում, C, K վիտամիններ։ Վարունգը հեշտությամբ կարելի է օգտագործել մի շարք աղցաններում՝ Հունական, Ամառային, Ֆունչոզայով և այլն։ Կարելի է մատուցել նաև հումուսի կամ բանջարեղենի ձողիկների համար նախատեսված այլ սոուսի հետ։ Իսկ եթե ցանկանում եք հագեցնել ծարավը, բլենդերով հարեք վարունգը, անանուխի տերևները և լայմի հյութն ու զովացեք։

#2 Ձմերուկ

Ձմերուկը 92%-ով բաղկացած է ջրից, պարունակում է կալիում, մագնեզիում, A, C վիտամիններ։ Հաճելի է ամռան շոգին ձմերուկը վայելել հացի և պանրի համադրության հետ, ինչպես նաև վերածել հյութի։ Փորձարկումների սիրահարներին առաջարկում ենք պատրաստել ձմերուկով, վարունգով, ֆետա պանրով, ավոկադոյով աղցան՝ համեմված լայմի հյութով ու անանուխի տերևներով։

#3 Դդմիկ

Դդմիկը 94%-ով բաղկացած է ջրից, պարունակում է կալիում, վիտամիններ A, C։ Թարմեցնող աղցան պատրաստելու համար անհրաժեշտ է դդմիկը և գազարը անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով, ավելացնել սխտոր։ Համեմել սև պղպեղով, համեմի աղացած սերմերով, բուսական յուղով, քացախով, շաքարավազով։ Աղցանը կարելի է ուտել անմիջապես կամ էլ թողնել սառնարանում մի քանի ժամ, որպեսզի բաղադրիչները մարինացվեն։

#4 Ցիտրուսային մրգեր

Նարինջը, թուրինջը, ինչպես նաև կիտրոնն ու լայմը վիտամին C-ի աղբյուր են, որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, բարելավում է մաշկի որակը, նպաստում է երկաթի ներծծմանը։ Իսկ այս մրգերում առկա ջուրն օգնում է մնալ հիդրացված։ 

Ջուրը համեղացնելու լավագույն միջոցներից մեկը մի քանի կաթիլ կիտրոնի կամ լայմի հյութ ավելացնելն է։ Իսկ նարինջը կարելի է դարձնել հետաքրքիր աղցանների գլխավոր բաղադրիչը։ 

Առաջին աղցանի համար անհրաժեշտ է նարինջներից հեռացնել և՛ հաստ, և՛ թափանցիկ կեղևներն ու պտուղը կտրատել խորանարդների տեսքով։ Այնուհետև կիսել կամ քառատել ելակները։ Բաղադրիչները խառնել, համեմել անանուխի տերևներով, կիտրոնի հյութով և շաքարավազով։ 

Երկրորդ աղցանի համար անհրաժեշտ բաղադրիչներն են նարինջը, ռուկոլան, բողկը, այծի պանիրը։ Աղցանը համեմելու համար օգտագործել բուսական յուղ, կիտրոնի հյութ, մի քիչ մեղր։ 

#5 Յոգուրտ

Ամառային շոգ եղանակը կարող է մարսողական խնդիրների պատճառ դառնալ, ինչը պայմանավորված է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Յոգուրտը հարուստ է օգտակար բակտերիաներով, որոնք կօգնեն ազատվել ստամոքսում առկա անհանգստությունից։ Այն նաև ներսից կզովացնի օրգանիզմը՝ ապահովելով սպիտակուցներով, կալցիումով։ 

Կարևոր է նկատի ունենալ, որ որքան բնական ու քիչ հավելումներով լինի յոգուրտը, այնքան ավելի լավ։ Ցանկալի է նախապատվություն տալ հունական յոգուրտին կամ մածունին։

Հունական յոգուրտի համը կարելի է հետաքրքրացնել բազմաթիվ բաղադրատոմսերով։ Ահա մի քանի տարբերակ․

-հունական յոգուրտ + գետնանուշի կարագ + մեղր + դարչին,

-հունական յոգուրտ + մանր կտրատված վարունգ + սխտոր + կիտրոնի հյութ + աղ, պղպեղ + անանուխ և սամիթ,

-հունական յոգուրտ + բլենդերով հարած հատապտուղներ՝ ելակ, հապալաս, ազնվամորի

Ի դեպ՝ վերջին տարբերակը կարելի է լցնել ձևամանի մեջ և տեղափոխել սառցախցիկը։ Սառչելուն պես բաժանել կտորների և վայելել որպես պաղպաղակ։

Կարդացեք նաև՝

Պաղպաղակ տնային պայմաններում․ 5 բաղադրատոմս քաղցրասերների համար

#6 Կանաչեղեն

Նախապատվություն տվեք նեխուրին (95% ջուր), հազարին (95% ջուր), սպանախին (93% ջուր)։ 

Սպանախը կարելի է բլենդերով հարելի կիվիի հետ և պատրաստել կանաչ, անչափ օգտակար սմուզի։ Եթե աղցանի սիրահար եք, խառնեք սպանախը, գազարը, խնձորը, ցանկության դեպքում նաև բազիլը, համեմեք ձիթապտղի յուղով, կիտրոնի հյութով, աղով և սև պղպեղով։ Սպանախը կարելի է օգտագործել նաև լավաշով կամ շերտավոր խմորով թխուկներ, ձվածեղ, պաստա պատրաստելիս։

Հազարով բաղադրատոմսեր ներկայացնելու կարիք, կարծում ենք, չկա։ Այն սիրված աղցանների ու սենդվիչների անբաժան բաղադրիչն է։

Իսկ նեխուրը հայկական ընտանիքների խոհանոց ներմուծելն այնքան էլ հեշտ չէ։ Կարելի է սկսել բանջարեղենային օգտակար աղցանից, որի համար անհրաժեշտ է քերիչով անցկացնել գազարը և խնձորը, կեղևազրկել և կտրատել նեխուրի պոչերը, բարակ, երկար ձողիկներով կտրատել գունավոր պղպեղները, ավելացնել հազար, սամիթ, համեմ։ Համեմել աղով, բուսական յուղով, լիմոնի հյութով կամ քացախով։ 

Սմուզիների սիրահարները կարող են բլենդերով հարել նեխուրը, սպանախը, խնձորը և ավելացնել մի փոքր ջուր։ 

Վայելեք ամառը, սնվեք առողջ, համեղ ու թեթև և զինվեք վիտամինների պաշարով։ Ամռան շոգին զովանալու և միաժամանակ օգտակար նյութեր ստանալու համար առաջարկում ենք պատվիրել թարմ ու բազմազան աղցաններ Foody-ի խոհանոցից՝

Ավոկադոյով

Կապրեզե

Կորեական

ԲրոկոլիովՀազարով և պղպեղով և այլն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով