6 վարդագույն բաղադրատոմս Բարբի հավաքույթի համար

Զվարճանքի ոլորտում 2023-ի թրենդային նորություններից մեկը «Բարբի» ֆիլմի հայտնվելն էր կինոթատրոնների էկրաններին։ Դե, իսկ վարդագույնն անպակաս է այս տիկնիկի հետ ասոցացվող բոլոր առարկաներից։

Մենք պատկերացրել ենք, որ այս ֆիլմից ոգեշնչված՝ ցանկանում եք Բարբի հավաքույթ կազմակերպել և սեղանը զարդարել բացառապես վարդագույն ուտեստներով, աղանդերներով ու ըմպելիքներով։

Առաջարկում ենք խոհանոցում կիրառել մեր բաղադրատոմսերը, որոնցում միայն բնական բաղադրիչներ են և ոչ մի գրամ ներկանյութ։ 

#1 Բազուկով պաստա

Երբ մտածում ենք ուտեստի մեջ վարդագույն երանգ ստանալու շուրջ, առաջինը հիշում ենք բազուկի մասին։ Բազուկով կարելի է պատրաստել ոչ միայն աղցաններ, այլ նաև պաստա իտալական խոհանոցի սիրահարների համար։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-3 միջին չափի բազուկ 

-250 գրամ պեննե տեսակի պաստա (կամ այլ տեսակ ձեր նախընտրությամբ)

-1 բաժակ մասկարպոնե

-0,5 բաժակ քերած պարմեզան

-1 կիտրոնի ցեդրա և հյութ

-1 պճեղ սխտոր

-ձիթայուղ

-աղ, սև պղպեղ

Բազուկները պատեք ձիթայուղով ու աղով, փաթաթեք փայլաթիթեղով և տեղադրեք նախապես 220°C տաքացված ջեռոցը։ Եփեք 50-60 րոպե մինչև փափկելը։ Փայլաթիթեղը հեռացրեք, բազուկները կեղևազրկեք և թողեք մի անկյունում, որպեսզի սառչեն։

Բլենդերի մեջ տեղադրեք բազուկները, մասկարպոնե և պարմեզան պանիրները, ավելացրեք սխտոր, կիտորնի ցեդրան ու հյութը, համեմունքներ՝ աղ, սև պղպեղ։ Հարեք մինչև համասեռ զանգված ստանալը։

Պաստան եփեք ըստ փաթեթի վրա նշված ցուցումների և քամեք՝ պահպանելով 1 բաժակ ջուր։ Միջին կրակի վրա տաքացրեք սոուսը ձիթայուղով կամ կարագով, լցրեք պաստան և 1 բաժակ ջուրը, որն առանձնացրել էիք պաստան քամելուց առաջ։ Ջուրը կնպաստի, որ բաղադրիչներն ավելի հեշտությամբ խառնվեն իրար։

Պաստան ըստ ցանկության մատուցեք քերած պանրով, կիտրոնի ցեդրայով և բազիլի տերևով։ 

Կարդացեք նաև՝

Ամենասիրված պաստաների բաղադրատոմսերը․ պատրաստում ենք լավագույն պաստաները

#2 Բանջարեղենային աղցան

Այս բաղադրատոմսում օգտագործելու ենք այնպիսի հիմնական բաղադրիչներ, որոնք հազվադեպ են տեղ գտնում առօրյա ճաշացանկերում, այնինչ երեքն էլ շատ օգտակար են ու հասանելի։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-կես միջին չափի մանուշակագույն կաղամբ

-5 խոշոր բողկ

-1 փոքր կարմիր սոխ

-1 ճաշի գդալ մեղր

-1 փոքր հալապենյո (կծվի սիրահարների համար)

-համեմ

-ձիթայուղ

-կիտրոնի հյութ

-խնձորի քացախ

-կոկոսի փաթիլներ

-աղ

Սոխը կտրատեք կիսալուսնաձև։ Բողկը կտրատեք բանջարեղենի մաքրիչով, որպեսզի շերտերը հավասար հաստության ստացվեն։ Կաղամբը կտրատեք բարակ տաշեղների տեսքով։ Խառնեք նշված բաղադրիչները և ավելացրեք համեմը։

Առանձին տարայի մեջ պատրաստեք սոուսը՝ խառնելով կիտրոնի հյութը, քացախը, ձիթայուղը, մեղրը, աղը և լցրեք հիմնական բաղադրիչների վրա։ Զարդարեք կոկոսի փաթիլներով (ոչ քաղցր)։ Ցանկալի է մատուցել պատրաստելուց 20 րոպե հետո, որպեսզի ստանաք աղցանի իրական համը։

Բազմազանության համար առաջարկում ենք փորձել նաև Foody-ի վարդագույն աղցանները՝ Բազուկով և Վինեգրետ։

#3 Վարդի հյութ

Էլ ինչ վարդագույն առանց վարդի թերթիկների։ Այո-այո։ Վարդն օգտագործում են ոչ միայն ծաղկեփնջերի մեջ, այլ նաև թերթիկներից պատրաստում են հյութ ու մուրաբա։ 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-0,5 վարդի թերթեր (թեյի վարդ տեսակի)

-20 գրամ կիտրոնաթթու 

-800 գրամ շաքարավազ

-եռման ջուր

Նախապես առանձնացրեք 1-լիտրանոց ապակյա տարաներ, լվացեք և չորացրեք։ Յուրաքանչյուր տարայի մեջ լցրեք 50 գրամ վարդի թերթիկ, այնուհետև թեյի գդալի ծայրով ավելացրեք կիտրոնաթթու և 80-ական գրամ շաքարավազ։ Վերջում ավելացրեք այնքան եռման ջուր, որքան անհրաժեշտ է տարաներն ամբողջովին լցնելու համար։ Տարաները պինդ փակեք կափարիչով, դրեք հորիզոնական դիրքում և ծածկեք սրբիչով։ Թողեք այդպես 20-24 ժամ, որից հետո կարող եք մատուցել։

Ըմպելիքը սառը վայրում կարելի է պահել մինչև 1 տարի։ Պարտադիր պայման է, որ կափարիչը հերմետիկ փակ լինի, որպեսզի օդ չներթափանցի։

#4 Ձմերուկով մոկտեյլ

Ամռանը ոչինչ այնպես չի զովացնում, ինչպես ձմերուկի սառնությունը։ Առաջարկում ենք պատրաստել ձմերուկով վարդագույն ըմպելիք, որին միանում են նաև լայմի թթվությունն ու անանուխի թարմությունը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-450 գրամ ձմերուկ առանց կորիզի

-0,5 լիտր գազավորված ջուր

-1 ճաշի գդալ մեղր

-2 լայմ

-անանուխի 10 տերև

-սառույց

Բլենդերի մեջ խառնեք ձմերուկը, ջուրը, մեղրը, լայմի հյութը և անանուխի տերևներն ու հարեք մինչև համասեռ զանգված ստանալը։ Զանգվածը տեղափոխեք սառույցի կտորներով լեցուն բաժակի մեջ։ Զարդարեք լայմի օղակով և անանուխի տերևներով։

Կարդացեք նաև՝

9 բաղադրատոմս լավագույն զովացուցիչ ըմպելիքները պատրաստելու համար

#5 Բալով պաղպաղակ

Բանանը հասանելի է տարին 12 ամիս, իսկ բալը ամռան սիրված մրգերից է։ Առաջարկում ենք պատրաստել այս օգտակար, առանց հավելումների վարդագույն պաղպաղակը, որի համար անհրաժեշտ չէ ոչ սերուցք, ոչ խտացրած կաթ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-2 հասած, սառեցված բանան

-1 բաժակ սառեցված բալ

-կաթ (ըստ անհրաժեշտության)

-շոկոլադի տաշեղներ, կոկոսի փաթիլներ (ըստ ցանկության)

Մրգերը հարեք խոհանոցային կոմբայնով մինչև համասեռ, կրեմային զանգված ստանալը։ Եթե ձեռքի տակ ունեք ոչ թե կոմբայն, այլ բլենդեր, ապա հավանաբար կարիք կլինի մի փոքր կաթ ավելացնել։ 

Ցանկության դեպքում զարդարեք շոկոլադի տաշեղներով կամ կոկոսի խոշոր փաթիլներով։ Պաղպաղակը կարելի է ուտել անմիջապես պատրաստելուց հետո (քանի որ բաղադրիչները սառեցված էին) կամ էլ տեղափոխել սառցախցիկ և համտեսել ավելի ուշ։

Կարդացեք նաև՝

Պաղպաղակ տնային պայմաններում․ 5 բաղադրատոմս քաղցրասերների համար

#6 Հատապտուղներով յոգուրտ

Հավաքույթն ամփոփելու համար առաջարկում ենք ևս մեկ համեղ, առողջարար ու բնական աղանդերի բաղադրատոմս քաղցրասերների համար։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-1 բաժակ հունական յոգուրտ

-1 բանան

-1,5 բաժակ հատապտուղներ ըստ ցանկության՝ ելակ, ազնվամորի, մոշ, հապալաս

-1 ճաշի գդալ գետնանուշի կարագ

-1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

Բաղադրիչներն անհրաժեշտ է հարել բլենդերով մինչև համասեռ զանգված ստանալը։ Զարդարեք թարմ հատապտուղներով, նախընտրելի ընկուզեղենով, կոկոսի փաթիլներով։ 

Համացանցում առկա վարդագույն բաղադրատոմսերից ձեզ համար առանձնացրել էինք թոփ պրակտիկ, հասանելի ու հեշտ պատրաստվող տարբերակները։ Հուսով ենք, որ առնվազն 3-4-ը տեղ կգտնեն ձեր Բարբի հավաքույթի սեղանին։ 

Իսկ եթե դեռ չեք դիտել «Բարբի» ֆիլմը, մաղթում ենք ձեզ հաճելի դիտում վարդագույն ուտեստների ու ըմպելիքների ընկերակցությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով