Պաղպաղակ տնային պայմաններում․ 5 բաղադրատոմս քաղցրասերների համար

Երբևէ ցանկացե՞լ եք պատրաստել տնական պաղպաղակ, բայց միևնույն ժամանակ մտածել․ 

«Ինչպե՞ս, եթե քաղցրեղենն այնքան էլ լավ չի ստացվում, իսկ պաղպաղակ պատրաստող սարք առհասարակ չունեմ»։

Եթե այո, ապա այս բաղադրատոմսերը ձեզ համար են։

Իրականում պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ չէ ոչ հատուկ սարք, ոչ հրուշակագործական գիտելիքներ։ Ընթացքն այնքան պարզ ու հեշտ է, որ գլուխ կհանեն բոլորը։ Իսկ եթե դուք մայրիկ եք և ունեք փոքր երեխաներ, ապա այս պաղպաղակները փորձելուց հետո նրանք այլևս չեն ցանկանա ուտել խանութի տարբերակները։ 

Տնական պաղպաղակը գերազանցում է ոչ միայն համով, այլ նաև բաղադրությամբ։ Չէ՞ որ խանութի պաղպաղակները պարունակում են սննդային բազմաթիվ հավելումներ, բուսական յուղեր, կաթնային յուղի փոխարինիչ, մեծ քանակի շաքարավազ և այլ անառողջ բաղադրիչներ։

Ամառվա շոգին դիմանալու համար ներկայացնելու ենք պաղպաղակի երկու տարբերակ՝

  • սերուցքային պաղպաղակ, 
  • սառույց-պաղպաղակ (popsicle, ice pop)

Առաջին տարբերակի հիմնական բաղադրիչներն են սերուցքն ու խտացրած կաթը, իսկ համային բաղադրիչները՝ կակաո, մրգեր, գետնանուշի կարագ և այլն, կարող եք ավելացնել ըստ նախասիրության։ 

Երկրորդ տարբերակն ավելի դիետիկ է և հիմնական բաղադրիչները մրգերն են։ 

Եկեք սկսենք սերուցքային պաղպաղակից և կիսվենք ամենասիրված ու դասական բաղադրատոմսերով։

Վանիլային պաղպաղակ

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 

  • 480 մլ սերուցք
  • 400 գրամ խտացրած կաթ
  • 1 թեյի գդալ վանիլ

Սերուցքը հարում ենք մինչև պնդանա։ Ավելացնում ենք խտացրած կաթը և վանիլի փոշին։

Հարում ենք թույլ արագության տակ մինչ ստանանք միասեռ զանգված։ Տեղափոխում ենք ամանի մեջ, ծածկում և պահում սառցախցիկում առնվազն 6 ժամ։ 

Պաղպաղակի գդալի օգնությամբ ձևավորում ենք գնդիկներ և տեղափոխում մատուցվող ամանի մեջ։ Զարդարում ենք ըստ ճաշակի՝ թարմ մրգերով, գետնանուշով, լուծվող սուրճով։

Շոկոլադե պաղպաղակ

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 

  • 480 մլ սերուցք
  • 400 գրամ խտացրած կաթ
  • 60 գրամ կակաո փոշի

Սերուցքը հարում ենք մինչև պնդանա։ Ավելացնում ենք խտացրած կաթը և կակաո փոշին։ 

Հարում ենք թույլ արագության տակ մինչ ստանանք միասեռ զանգված։ Տեղափոխում ենք ամանի մեջ, ծածկում և պահում սառցախցիկում 6-7 ժամ։ 

Պաղպաղակի գդալի օգնությամբ ձևավորում ենք գնդիկներ և տեղափոխում մատուցվող ամանի մեջ։ Զարդարում ենք ըստ ճաշակի՝ բանանի կամ ելակի շերտերով, կոկոսի քերուկով։

Մրգային պաղպաղակ

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 480 մլ սերուցք
  • 400 գրամ խտացրած կաթ
  • 340 գրամ բալ կամ ելակ (սառեցված կամ թարմ վիճակում)

Բալը կամ ելակը բլենդերով վերածում ենք խյուսի։ Սերուցքը հարում ենք մինչև պնդանա։ Ավելացնում ենք խտացրած կաթը և մրգային խյուսը։ 

Հարում ենք թույլ արագության տակ մինչ ստանանք միասեռ զանգված։ Տեղափոխում ենք ամանի մեջ, ծածկում և պահում սառցախցիկում 6-7 ժամ։ 

Պաղպաղակի գդալի օգնությամբ ձևավորում ենք գնդիկներ և տեղափոխում մատուցվող ամանի մեջ։ Զարդարում ենք թարմ բալի կամ ելակի հատիկներով։

Գետնանուշի կարագով պաղպաղակ

Գետնանուշը առողջ ճարպերի, սպիտակուցների և մանրաթելի աղբյուր է, պարունակում է նաև հանքանյութեր և B վիտամիններ։ 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 480 մլ սերուցք
  • 400 գրամ խտացրած կաթ
  • 250 գրամ գետնանուշի կարագ

Սերուցքը հարում ենք մինչև պնդանա։ Ավելացնում ենք խտացրած կաթը և գետնանուշի կարագը։ Ավելի հագեցնող ու խռթխռթան զանգված ստանալու համար կարող եք ավելացնել նաև մանր կտրատած գետնանուշ։ 

Հարում ենք թույլ արագության տակ մինչ ստանանք միասեռ զանգված։ Տեղափոխում ենք ամանի մեջ, ծածկում և պահում սառցախցիկում 6-7 ժամ։ 

Պաղպաղակի գդալի օգնությամբ ձևավորում ենք գնդիկներ և տեղափոխում մատուցվող ամանի մեջ։ Զարդարում ենք մանր կտրատած գետնանուշով։

Խորհուրդ 1. Սերուցքը պետք է ունենա առնվազն 20% յուղայնություն։ Ավելի ցածրի դեպքում զանգվածը չափազանց ջրիկ կստացվի։ Խանութից կարող եք գտնել 27% կամ 33% յուղայնությամբ տարբերակներ։

Խորհուրդ 2. Ոչ մի դեպքում չվերցնել ձևավորման համար նախատեսված խիտ սերուցքները։

Խորհուրդ 3․ Հարելու պահին սերուցքը պետք է լինի սառը։ Մինչ հարելը մի քանի ժամ պահեք սառնարանում։ Ի դեպ, հարելու տարան և հարիչի ոտքերը նույնպես կարող եք 30 րոպեով դնել սառնարանում։

Խորհուրդ 4. Եթե պաղպաղակն ամբողջ գիշեր պահեք սառցախցիկում, առավոտյան մինչ մատուցելը մի քանի րոպե թողեք սենյակային ջերմիաստիճանում, որպեսզի կարողանաք հեշտությամբ ձևավորվել գնդիկներ։

Խորհուրդ 5. Սերուցքն ընդհանուր առմամբ անհրաժեշտ է հարել 4-6 րոպե՝ սկսելով միջին արագությունից և աստիճանաբար արագացնելով։ Այդ ընթացքում կհասցնեք ստանալ պինդ զանգված։ 

Նշված չափաբաժիններով պատրաստված պաղպաղակը նախատեսված է 8-10 հոգու համար։ Բայց բաղադրատոմսերն այսքանով չեն սահմանափակվում։ Սերուցքին և խտացրած կաթին կարող եք ավելացնել նաև

  • Բանանի խյուս
  • Մանգոյի խյուս
  • Շոկոլադե մածուկ
  • Մանրացված թխվածքաբլիթներ

Ինչպես տեսնում եք՝ բաղադրատոմսերի մեջ շաքարավազ չենք օգտագործում, սակայն խտացրած կաթն արդեն իսկ պարունակում է շաքար և պաղպաղակին հաղորդում քաղցրություն։ Կախված սերուցքի արտադրողից՝ այն նույնպես կարող է պարունակել որոշ քանակի շաքար։ Եթե դիաբետիկ եք կամ հետևում եք նիհարելու սննդակարգի, ապա պաղպաղակները վայելեք համեստ չափաբաժիններով։ 

Պաղպաղակ-սառույց

Մրգային սառույց պատրաստելն ինքնին չափազան հեշտ է, իսկ եթե ծանոթ եք տնային պայմաններում սմուզի պատրաստելու ընթացքին, ապա ձեզ համար որևէ նորություն չի լինի։ Ամենասիրվածն, իհարկե, բանանի և ելակի համադրությունն է։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 

  • 1 հատ բանան
  • 150-200 գրամ ելակ
  • 200 մլ կաթ կամ ջուր
  • Շաքարավազ 

Նաև անհրաժեշտ են սիլիկոնե կամ պլաստմասսե կաղապարներ, որոնք նախատեսված են հենց այս սառույցները պատրաստելու համար։ Եթե չունեք, կարելի է փոխարինել մեկանգամյա օգտագործման բաժակներով և փայտիկներով։

Բանանն ու ելակը տեղափոխում ենք բլենդերի մեջ, ավելացնում կաթ կամ ջուր, որպեսզի զանգվածը վերածենք թանձր հյութի։ Եթե մրգերի քաղցրությունը բավարար չէ, ավելացնում ենք նաև շաքարավազ։ 

Կաղապարի կամ մեկանգամյա օգտագործման բաժակի հատակը և պատերը ծածկում ենք թարմ ելակի ու բանանի շերտերով, այնուհետև լցնում հեղուկ զանգվածը։ Տեղադրում ենք նաև փայտիկները։

Տեղափոխում ենք սառցախցիկ և թողնում, որ սառչեն։ Ի դեպ, բանանն ու ելակը կարող եք փոխարինել նաև այլ մրգերով՝ անանաս, մանգո, դեղձ։

Խուրհուրդ. Եթե սառույցները տեղավորել եք մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ, ապա սառցախցիկից հանելուց հետո կարող եք ընկղմել գոլ ջրի մեջ, որպեսզի բաժակից առանձնացնելը հեշտ լինի։

Քացրասերների մենյուն բնականաբար չի սահմանափակվում պաղպաղակով։ Foody-ի խոհարարներն առաջարկում են նախաճաշի մենյու, որը ներառում է՝

  • փանքեյքի փափուկ շերտեր,
  • նրբահամ հալվա,
  • խնձորով և դարչինով անուշաբույր թխվածք,
  • խռթխռթան գաթա

Ինչ էլ որ լինի հիմնական նախաճաշը՝ ձու, հնդկաձավար, վարսակ կամ կաթնաշոռ, այն անպայման պետք է լրացնել որևէ աղանդերով և օրը սկսել բարձր տրամադրությամբ։ Պատվիրե՛ք առաքում Foody-ից, և մեր առաքիչները կապահովեն առավոտվա ձեր քաղցրի պաշարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով