Պատկերացրեք, որ դրսում ձյուն է, քաղաքի տրամադրությունը՝ ամանորյա, հաջորդ օրն էլ՝ ոչ աշխատանքային։ Իսկ դուք տանն եք՝ ձեր սիրելիի, ընկերների կամ ընտանիքի հետ և որոշում եք, թե ինչպես անցկացնել երեկոն։ Հավանաբար կնախընտրեք որևէ ֆիլմ կամ մուլտֆիլմ դիտել․ չէ՞ որ դա սիրված զբաղմունք ու ավանդույթ է ողջ աշխարհում։
Եթե ուզում եք կտրվել իրականությունից ու հանգստանալ՝ վայելելով որևէ հետաքրքիր ուտեստ կամ ըմպելիք, ապա մեր ջանքերն ապարդյուն չեն անցել։ Այս բլոգով ցանկանում ենք ձեզ օգնել ոչ միայն ֆիլմերի, այլ նաև սննդի ընտրության հարցում, որպեսզի ձեր ֆիլմային երեկոները լինեն լիարժեք ու համեղ։
Ի՞նչ ֆիլմ դիտել Ամանորին և ինչ ուտեստի հետ վայելել
#1 «Գտնված երազ»
Երբ մուլտֆիլմի սկզբում հնչում է Ռուբեն Հախվերդյանի «Ձյուն» երգը, արդեն սկսում ենք պատկերացնել ձմռան շունչն ու գեղեցկությունը։ Այս մուլտֆիլմից ստանում ես դրական էներգիաներ, լցվում բարությամբ ու մաքրությամբ և տասը րոպեով տեղափոխվում մանկության գիրկը։ Իզուր չէ, որ «Գտնված երազ»-ը բոլոր ժամանակների ամենասիրված հայկական մուլտֆիլմն է։
Մուլտֆիլմում այնքան թեթևություն ու պարզություն կա, որ ցանկանում ես այն դիտել որևէ թեթև սնունդ ուտելով։ Իսկ գիշերվա հետ կապված երկխոսությունները տրամադրում են այն դիտել երեկոյան կամ քնելուց առաջ։ Առաջարկում ենք մուլտֆիլմը դիտել հունական կամ այլ տեսակի յոգուրտով կամ պատրաստել յոգուրտ տան պայմաններում՝ խառնելով մածունը, թվվասերը և ավելացնելով մուրաբայի հյութ կամ հատիկներ։
#2 «Հարրի Փոթեր»
Հարրի Փոթերի մասին հիմնական շարքը բաղկացած է յոթ մասից, որի ընթացքում նա իր ընկերների հետ պայքարում է չար կախարդ Լորդ Վոլան դե Մորտի դեմ։ Թեև սցենարն անմիջականորեն կապ չունի Ամանորի կամ ձմռան հետ, որոշ դրվագներ այնուամենայնիվ ստեղծում են ասոցիացիաներ, իսկ շատ մարդկանց համար Ամանորին այս շարքը դիտելը պարզապես ավանդույթ է։ Բացի այդ, չէ՞ որ Ամանորին լինում են հրաշքներ, իսկ Հարրի Փոթերի մասին ֆիլմերում հրաշքներն անպակաս են։
Այս անգամ որոշեցինք ձեզ հետ կիսվել ամանորյա աղցանների փորձված ցանկով և ուտեստի ընտրությունը թողնել ձեզ։ Կարդացեք մեր բլոգը՝ Ի՞նչ աղցան պատրաստել Ամանորին․ 7 բաղադրատոմս և վստահաբար կգտնեք այն տարբերակը, որը ձեզ հոգեհարազատ է։
#3 «Գրինչ։ Սուրբ Ծնունդ առևանգողը»
Գրինչը մարդակերպ արարած է, ով ապրում է մարդկանցից հեռու, ատում է ամանորյա պատրաստություններն ու որոշում է գողանալ Նոր տարին։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է բարությունը հալեցնում նրա սիրտը։
Քանի որ ֆիլմն ամբողջությամբ Ամանորի մասին է, իսկ Ամանորի գույներն են կարմիրը, կանաչն ու սպիտակը, առաջարկում ենք պատրաստել թեթև, հեշտ աղցան հենց այս գույնի բաղադրիչներով։ Անհրաժեշտ կլինի լոլիկ, բազիլիկի տերևներ և կլոր մոցարելլա պանիր։
Համեմելու և զարդարելու համար անհրաժեշտ կլինեն օրեգանո կամ չորացրած կանաչի, սև պղպեղ, ձեթ, բալզամիկ քացախ։ Օրիգինալ տեսք ստանալու համար կարող եք աղցանը հավաքել փայտիկների՝ պահպանելով կարմիր, կանաչ, սպիտակ գույների հերթականությունը։ Կամ պատվիրել հունական աղցան Foody-ից։
#4 «Էլֆ»
Գլխավոր հերոս Բադդին իրական մարդ է, բայց նրան մեծացրել է Սանտա Կլաուսի էլֆերից մեկը։ Բադդին որոշում է գտնել իր իսկական ընտանիքը, բայց նրան այդքան էլ գրկաբաց չեն դիմավորում։ Այս ամերիկյան այս կատակերգությունը կլրանցի ամանորյա միջավայրն ու կօգնի մեկ ու կես ժամով կտրվել իրականությունից։
Ֆիլմը դիտելուց առաջ առաջարկում ենք պատրաստել ամերիկյան խոհանոցի սիրված թխվաքներից որևէ մեկը՝ Կարմիր թավիշ կամ Բրաունի։ Եթե կարծում եք, որ պատրաստելը շատ ժամանակատար կլինի, ուղղորդվեք մեր բաղադրատոմսերով, որոնք տեղադրել ենք մեր բլոգում մեր ընթերցողների համար՝
—Տորթ Կարմիր թավիշ․ իդեալական բաղադրատոմս
—Բրաունի․ իդեալական բաղադրատոմս
#5 «Տանը մենակ»
Քևինը 8-ամյա պատանի է, ում ծնողները Ամանորի արձակուրդների առթիվ մեկնում են Փարիզ, իսկ իրեն թողնում են տանը մենակ։ Տղան հասկանալով, որ տանը մենակ է մնացել, սկսում է թակարդներ կառուցել, որպեսզի պաշտպանվի գողերից ու ավազակներից։
Քևինի արկածներին հետևելիս առաջարկում ենք կտրվել Ամանորին մշտական դարձած ուտեստներից և ընտրել Foody-ի պիցցաներից մեկը՝ Պեպերոնի, Ասորտի, Մարգարիտա կամ խոզապուխտով և սնկով:
#6 «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ»
Այս ֆիլմը դարձել է ռուսական ու հետխորհրդային ամանորյա ծրագրերի անբաժան մասը։ Իրադարձությունները տեղի են ունենում հենց Ամանորի նախօրեին, ինչն էլ ապահովում է տոնական միջավայրն ու տրամադրությունը։ Շփոթմունքի հետևանքով սկսվում է մի պատմություն, որն արդեն տասնամյակներ շարունակ մեր ամանորյա էկրաններին է։
Խորհրդային ֆիլմն իհարկե արժե դիտել ռուսական խոհանոցի սիրված ուտեստ նրբաբլիթները համտեսելով։ Foody-ի խոհարարները նրբաբլիթներ պատրաստում են տեղական թարմ հորթի մսից, իսկ դրանք տապակելու համար կպահանջվի ընդամենը 5 րոպե։
#7 «Սառցե սիրտը»
Հավերժական ձյուն, ցուրտ, ձմեռ․․․ Մուլտֆիլմի գլխավոր հերոսուհիները երկու քույրեր են։ Նրանցից մեկը՝ Էլզան, օժտված է ձյան ու սառույցի ուժով և Էրենդելլի թագավորությունը պատում է հավերժական ձյունով։ Իսկ նրա քույրը՝ Աննան, իր ճամփորդ ընկերների հետ ձեռնարկում է ճամփորդություն, որ փրկի Էլզային և թագավորությունը։
Սառնությունը մուլտֆիլմում այնքան շատ է, որ ցանկանում ես այն դիտել որևէ տաք բան խմելով։ Կարելի է դիտել մեկ բաժակ սուրճով ու Ամանորի սեղանի անբաժան բաղադրիչներով՝ ընկույզ, նուշ, պնդուկ։ Իսկ ավանդական սև սուրճի փոխարեն կարող եք պատրաստել լուծվող սուրճ կաթով, սերուցքով կամ խտացրած կաթով։
Հուսով ենք, որ այս ֆիլմերն ու ուտեստները ձեզ կօգնեն անցկացնել հաճելի ժամանց Ձեր սիրելիների ու ընկերների հետ։ Եղեք առողջ, սնվեք համեղ և թող ամանորյա հրաշքն անպայման այցելի ձեզ։