Ինչպե՞ս գարնանային թարմություն հաղորդել խոհանոցին և ճիշտ փոփոխություններ անել

Խոհանոցը տան ամենահամեղ անկյունն է, որտեղ սիրելի մարդկանց համար սնունդ պատրաստելը վերածվում է հոբբիի և հաճելի պարտականության։

Այս սենկյանում ժամանակ անցկացնելը միայն «ճաշ եփելը» չէ, այլ նաև մաքուր, թարմ ու էսթետիկ միջավայրում գտնվելը, որը հանգստացնում է և ոգեշնչում։

Այս հոդվածում ցանկանում ենք կիսվել խոհանոցը կազմակերպելու և կառավարելու մի քանի խորհուրդներով, որոնք ակտուալ են հատկապես գարնան այս օրերին։ Չէ՞ որ գարունը ստիպում է շրջապատին և տանը նայել նորովի, բերել փոփոխություններ և սկիզբ դնել դրական սովորությունների։

#1 Թարմացրեք օդը

Խոհանոցը թարմացնելու ամենապարզ միջոցը պատուհանները բացելն է։ Գարնանը վարակները շատ ակտիվ են։ Մաքուր, թարմ օդը գալիս է փոխարինելու բակտերիաներով ու վարակներով հագեցած ծանր օդին, ինչպես նաև օգնում է, որպեսզի սնունդ պատրաստելու ընթացքում առաջացած գոլորշին դուրս գա խոհանոցից։ Նույնիսկ եթե դրսում եղանակը սառն է, մի խուսափեք և պատուհանները բաց պահեք գոնե 30-60 րոպե։

#2 Լվացեք պատուհաններն ու վարագույրները տարեկան 1-2 անգամ

Մինչ պատուհանները ջրով լվանալը չոր կտորով կամ փոշեկուլով անպայման մաքրեք շրջանակներում կուտակված փոշին ու հողը, որպեսզի ջրի հետ շփվելիս այն չվերածվի ցեխի։ 

Լվանալիս նախընտրելի է օգտագործել միկրոֆայբերից կտոր, քանի որ այն արդյունավետորեն ներծծում է հեղուկը և փայլ հաղորդում ապակիներին։ 

Մի մոռացեք լվանալ նաև վարագույները, որպեսզի ազատվեք կուտակված ծխից ու փոշուց։ Եվ վերջապես, պատուհանների ներսում ամրացրեք ցանց, որը կկանխի տարբեր միջատների մուտքը ձեր խոհանոց։

#3 Փոփոխություններ մտցրեք խոհանոցի դիզայնում

Ի՞նչը կարող է գարնանային շունչ հաղորդել խոհանոցին ու ողջ տանը, եթե ոչ թարմ, անուշաբույր ծաղիկները։ Պարտադիր չէ գնել հսկայական փունջ․ ընդամենը մի քանի ծաղիկը բավական կլինեն, որ գարուն բացվի նաև ձեր խոհանոցում։

Ինտերյերը գարնան ոգով փոփոխելու համար կարող եք հետևել նաև այս գաղափարներին՝

  • սեղանի մի անկյունում թարմ մրգերով ափսե տեղադրեք,
  • գարնանային թեմատիկայով սրբիչներ օգտագործեք,
  • լուսամուտագոգին սենյակային բույսեր խնամեք,
  • եթե ունեք բաց պահարաններ, զարդարեք դրանք խոհարարական գրքերով, որպեսզի միշտ ձեր աչքի առաջ լինեն և խրախուսեն օգտագործել,
  • զարդարեք պատերը սննդի հետ կապված մեջբերումներով կամ նկարներով

#4 Ստեղծեք էսթետիկա ապակյա տարաներով

Սոցցանցերում բոլորս էլ տեսել ենք էսթետիկ խոհանոցներ, որտեղ կահույքի վրա կամ պահարանների մեջ երևում են ապակյա տարաներ՝ լցված հատիկավորներով, համեմունքներով, քաղցրավենիքով և այլն։ Էսթետիկ ձևով պահեստավորելը նպաստում է, որ տվյալ մթերքից ավելի հաճույքով օգտվենք, ավելի ոգևորությամբ սնունդ պատրաստենք։ Բայց կա նաև գործնական կողմը։ 

Օրինակ՝ համեմունքներն առանձին տարաների մեջ պահելն օգնում է, որ բույրերը չխառնվեն իրար կամ էլ մեկի պարունակությունը չթափվի մյուսի վրա։ Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ մթերքը հեշտությամբ գտնում եք համապատասխան տարայի մեջ և  խնայում եք ժամանակ։ Ամեն ինչ գեղեցիկ է, հիգիենիկ ու կարգավորված։

#5 Կազմակերպեք մաքրության օր

Խոհանոցի մաքրությունն անհրաժեշտ է կազմակերպել մի քանի ուղղություններով․

  1. պահարաններ, դարակներ, 
  2. սառնարանի ներս/դուրս, 
  3. գազօջախ, ջեռոց, օդաքարշ պահարան,
  4. լվացարան, ծորակ,
  5. պատի և հատակի սալիկներ,
  6. ջահ

Թե ինչպես ազատվել ծորակի սպիտակ հետքերից, տարբեր մակերեսների վրա յուղի մնացորդներից, սառնարանի և տախտակների տհաճ հոտից և այլն, կարդացեք մեր մյուս հոդվածում՝

15 աշխատող հնարք դժվարանցանելի հետքերի և տհաճ հոտերի դեմ

#6 Շտկեք փոքր թերությունները

Լվացարանի ջուրը դժվարությա՞մբ է անցնում խողովակներով։ Ծորակի ջրի հետ նաև ավա՞զ է հոսում։ Խողովակներից կամ ծորակից ջո՞ւր է կաթում։

Բոլոր խոհանոցներում էլ ժամանակի ընթացքում հասունանում են մեծ ու փոքր նմանատիպ խնդիրներ։ 

Որոշ խնդիրներ հնարավոր է լուծել սեփական ջանքերով կամ ընտանիքի անդամների օգնությամբ։ Օրինակ՝ փոխել ծորակի ֆիլտրը կամ բացել խցանված խողովակները կերակրի սոդայի ու քացախի խառնուրդով։

Կազմեք խոհանոցում առկա խնդիրների ցուցակ, և եթե չի ստացվում դրանք ինքնուրույն լուծել, ապա շտապեք դիմել համապատասխան մասնագետի։ 

#7 Պահպանեք հիգիենա

Որքա՞ն հաճախ եք փոխում աման լվանալու սպունգը, սեղանի կտորները, սրբիչները, արդյո՞ք օգտագործում եք առանձին սրբիչներ սպասքը և ձեռքերը չորացնելու համար։ Եթե դեռ ոչ, ապա կատարեք այս բոլոր փոփոխությունները և ֆիքսեք հաճախականությունը, որպեսզի խուսափեք մանրէներից։

  • սեղանի համար օգտագործեք միկրոֆայբերից կտորներ և փոխեք ամեն շաբաթ,
  • խոհանոցի սրբիչները փոխեք ամեն շաբաթ,
  • աման լվացող սարքը լվացեք ամեն ամիս,
  • աման լվանալու սպունգը փոխեք 2 շաբաթը 1 անգամ կամ գոնե ամեն ամիս,
  • սառնարանի ներսը դատարկեք և լվացեք տաք ջրով ամեն 3-4 ամիսը 1 անգամ,

#8 Անկյուն հատկացրեք մաքրության պարագաներին

Խոհանոցում մաքրություն ու թարմություն ապահովելը ավելի հեշտ ու հաճելի է դառնում, երբ ձեռքի տակ ունեք անհրաժեշտ պարագաները։ Ահա նմանատիպ պարտադիր պարագաների հակիրճ ցանկ՝

-աման լվանալու սպունգներ,

-ամանի պարույր (սպիրալ),

-ռետինե ձեռնոցներ,
-թաց անհոտ անձեռոցիկներ,

-մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ (կտրատված միսը, բանջարեղենը խառնելու, մարինացնելու համար),

-սեղանի կտորներ միկրոֆայբերից,

-խոհանոցային թղթե սրբիչներ (լվացված միսը, բանջարեղենը չորացնելու համար)

#9 Դասավորեք սառնարանը ճիշտ 

Գնումներ կատարելուց հետո մենք բացում ենք սառնարանը և մթերքը տեղադրում այնտեղ, որտեղ ազատ է՝ հաշվի չառնելով տվյալ հատվածի առանձնահատկությունները։ 

Սառնարանի վերին հարկ(եր)ը նախատեսված է (են) պատրաստի սնունդը պահպանելու համար՝ եփված սննդի մնացորդներ, կաթնամթերք և այլն։ 

Ստորին հարկը նպատակահարմար է հում միսը, թռչնամիսը, ձուկը պահպանելու համար։ Նախ՝ այստեղ ջերմաստիճանն ավելի բարձր է, երկրորդ՝ կենդանու արյունը տոպրակից չի հոսի այլ հարկերում պահվող սննդի վրա և չի տարածի մանրէներ։ 

Քաշովի դարակները մրգերի և բանջարեղենի համար են։ Խիստ ցանկալի է դրանք հեռու-հեռու տեղադրել իրարից, որպեսզի մրգերի արտանետած գազը չարագացնի բանջարեղենի հասունացման գործընթացը։ 

Իսկ ահա դռները սառնարանի ամենատաք հատվածն են։ 

Մենք սովոր ենք այնտեղ պահել նաև կաթը և ձուն (արտադրողներն այդ հատվածում նույնիսկ ձվերի համար պլաստմասսե աման են տեղադրում)։ Սակայն կաթնամթերքը, ինչպես նաև ձուն, ցանկալի է պահել վերին հարկերում, որպեսզի սառնարանի դուռը հաճախակի բացել-փակելուց ջերմաստիճանի տատանումների չենթարկվեն։ 

Դռների հատվածում կարող եք պահել երկար պահպանվող, շուտ չփչացող սնունդը՝ մայոնեզ, կետչուպ, մանանեխ և այլ սոուսներ։

Դե ինչ, պատրա՞ստ եք խոհանոցին նայել նոր աչքերով: 

Իսկ եթե ցանկանաք մի պահ հանգիստ վերցնել ձեր սիրելի խոհանոցում սնունդ պատրաստելու աշխատանքից, դիմեք Foody-ի խոհարարների օգնությանը։ Պատվիրեք սնունդ տարբեր նախասիրություններ ունեցող ձեր ընտանիքի անդամների համար՝

Աղցան

Ապուր

Պիցցա

Խորոված
Բուսական
Մսային

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով