Ի՞նչ ուտեստներ են առաջարկում պատրաստել հայտնիները

Միգուցե մտածեք, որ հայտնի մարդիկ` այդ թվում արքայական ընտանիքների ներկայացուցիչները, սնվում են միայն շեֆ խոհարարների պատրաստած, թանկարժեք բաղադրիչներ պարունակող ուտեստներով։ Իրականում նրանց սննդակարգում էլ ներառված են բոլորիս համար պարզ ու հասանելի բաղադրիչներ։

Այս հոդվածում կկիսվենք ուտեստների 6 բաղադրատոմսով, որոնք առաջարկում են պատրաստել համաշխարհային աստղերը։ 

#1 Ջեսիկա Ալբա․ Հնդկահավով կոլոլակներ

Ջեսիկա Ալբան այս բաղադրատոմսով կիսվել էր Մարթա Ստյուարտի շոուի շրջանակներում։ Կոլոլակները կարելի է մատուցել որպես նախուտեստ կամ հիմնական մսային ուտեստ՝ համադրելով քաղցր կամ թթու որևէ սոուսի հետ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

900 գրամ հնդկահավի աղացած միս

1 բաժակ պաքսիմատ

¼ բաժակ մանր կտրատված գազար

¼ բաժակ մանր կտրատված դդմիկ

¼ բաժակ մանր կտրատված սոխ

2 ձու

2 ճաշի գդալ իտալական համեմունքների խառնուրդ

2 ճաշի գդալ ձիթայուղ 

¾ բաժակ հավի արգանակ

աղ

Բաղադրատոմսում նշվում է, որ բանջարեղենն անհրաժեշտ է մանր կտրատել, բայց ավելի հարմար է անցկացնել քերիչով։ Դդմիկը, գազարը և սոխը քերելուց հետո թողեք մի անկյունում, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա։ 

Խորը տարայի մեջ խառնեք միսը, պաքսիմատը, բանջարեղենը, ձուն և համեմունքները։ Ստացեք համասեռ զանգված և ձևավորեք գնդիկներ։ 

Տաքացրեք ձիթայուղով լի տապակը և տեղադրեք կոլոլակները։ Եփեք միջին ուժգնության կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը։ 

Թուլացրեք կրակը և ավելացրեք հավի արգանակի մի մասը (այնքան, որ բավականացնի նաև մյուս կոլոլակներին)։ Տապակը ծածկեք կափարիչով և թողեք, որ մարմանդ կրակի վրա հեղուկը գրեթե ամբողջությամբ գոլորշանա։ Ավելացրեք մի փոքր արգանակ ևս և եփեք մինչև ողջ հեղուկը գոլորշանա։ Մատուցեք Հունական աղցանի, Ձաձիկի սոուսի կամ որևէ խավարտի հետ։

#2 Մեթ Դեյմոն․ Ծնեբեկով ռիզոտո 

Այս կամ այն կերպարը մարմնավորելու համար դերասանները երբեմն ստիպված են լինում փոխել իրենց քաշը կամ մարմնի ձևը։ Ջեյսոն Բորնի դերը ստանձնելու համար դերասան Մեթ Դեյմոնից պահանջվում էր հետևել խիստ սննդակարգի և քաշ կորցնել։ Զաֆրանով և շոգեխաշած ծնեբեկով ռիզոտոն Դեյմոնի նախընտրած ճաշատեսակներից մեկն էր, քանի որ այն հագեցնող է, առողջարար, համեղ ու հեշտ պատրաստվող։ 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

4 բաժակ բանջարեղենի կամ հավի արգանակ

1 կապ ծնեբեկ

1 ճաշի գդալ ձիթայուղ

1 մանր կտրատված սոխ

1 բաժակ բրինձ (բաղադրատոմսում՝ արբորիո տեսակի)

0,5 բաժակ սպիտակ գինի

զաֆրան

մաղադանոս

պարմեզան (ըստ ցանկության)

Կաթսայի մեջ լցրեք արգանակը և մարմանդ կրակի վրա հասցրեք եռման ջերմաստիճանի։ Մեկ այլ կաթսայի մեջ շոգեխաշեք ծնեբեկը և թողեք անկյունում։ 

Ձիթայուղի մեջ տապակեք սոխը, բրինձը, ավելացրեք սպիտակ գինի, զաֆրան և խառնեք մինչև հեղուկը գոլորշանա։ Այնուհետև շերեփ առ շերեփ ավելացրեք տաք արգանակը, մինչև ամբողջությամբ գոլորշանա, իսկ ռիզոտոն պատրաստ լինի։ 

Մատուցեք շոգեխաշած ծնեբեկով, մանր կտրատված մաղադանոսով և պարմեզանով։

#3 Քեյթ Միդլթոն․ Ձմերուկով աղցան

Երկրպագուները Քեյթ Միդլթոնին հետևում են ոչ միայն նորաձևության ոլորտի խորհուրդների, այլ արդեն նաև բաղադրատոմսի համար։ Քեմբրիջի դքսուհին առաջարկում է բաղադրատոմս, որի գլխավոր բաղադրիչը ձմերուկն է և որն արագորեն տարածվեց Տիկ Տոկում։ Արքայական ընտանիքին մոտ աղբյուրը նշում է, որ Միդլթոնը կանոնավոր ձևով ուտում է այս թարմեցնող աղցանը տաք եղանակին։ 

Չափաբաժիններ գրելու կարիք, կարծում ենք, չկա։ Բավական է թվարկել միայն բաղադրիչները՝ ձմերուկ, վարունգ, ավոկադո, ֆետա պանիր, լայմի հյութ։

Անհրաժեշտ է խորանադների տեսքով կտրատել բոլոր բաղադրիչները և ցողել լայմի հյութով։ Որոշ բլոգերներ առաջարկում են որպես սոուս ավելացել նաև ձիթայուղ, քացախ, ինչպես նաև աղ, սև պղպեղ ու անանուխի տերևներ։

Կարդացեք նաև՝

6 ամառային մթերքներ օրգանիզմը բնականորեն զովացնելու համար

#4 Մեգան Մարքլ․ Դդմիկով պաստա

Delish կայքին տված հարցազրույցում Սասեքսի դքսուհին խոստովանեց, որ սիրում է պատրաստել ընդամենը երեք բաղադրիչ պահանջող պաստայի սոուս։ Սոուսն այնքան կրեմային է ստացվում, որ թվում է՝ շատ կարագով կամ ձեթով է պատրաստված, բայց իրականում ներառում է ընդամենը դդմիկ, ջուր, արգանակի խորանարդ։ 

Այս հոդվածում ներկայացնում ենք ոչ միայն սոուսի, այլ նաև ամբողջական ուտեստի բաղադրատոմսը, որն ավանդական Բոլոնեզե պաստայի վեգետարիանական տարբերակն է։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

1 ճաշի գդալ ձիթայուղ

5 միջին չափի դդմիկ, կտրատված

0,5 բաժակ ջուր

1 խորանարդ արգանակ

350 գրամ ռիգատոնի (կամ այլ տեսակի պաստա ձեր նախընտրությամբ)

0,5 կիտրոնի հյութ

1 սոխ (ըստ ցանկության)

քերած պարմեզան (ըստ ցանկության)

Տաքացրեք ձիթայուղով լի տապակը, ավելացրեք սոխը և տապակեք մինչև փափկելը։ Ավելացրեք դդմիկը, ջուր և արգանակի խորանարդը։ Համեմեք աղով և սև պղպեղով։ 

Ծածկեք տապակը և զանգվածը եփեք մարմանդ կրակի վրա։ Ըստ բաղադրատոմսի՝ այն անհրաժեշտ է եփել 4-5 ժամ՝ հաճախակի խառնելով։ Դդմիկը պետք է վերածվի խյուսի։ Բայց բլոգերները նշում են, որ 30 րոպե կարող է բավական լինել դդմիկը նախընտրած վիճակի բերելու համար։ 

Առանձին կաթսայի մեջ աղով համեմած ջուրը հասցրեք եռման ջերմաստիճանի, ավելացրեք պաստան և եփեք ըստ փաթեթի վրա նշված ցուցումների։ Պաստան լցրեք սոուսի վրա և մատուցեք պարմեզան պանրով։ 

Կարդացեք նաև՝

Ամենասիրված պաստաների բաղադրատոմսերը․ պատրաստում ենք լավագույն պաստաները

#5 Ռիհաննա․ Սիսեռով աղցան

Ռիհաննան Esquire ամսագրի հետ կիսվել էր իր սիրելի ուտեստներով և խմիչքներով՝ ձողաձկով թխվածք, պանրով պաստա, լիմոնադ, ռոմով պունշ։ Ուտեստների թվին էր պատկանում նաև սիսեռով թեթև աղցանը, որը կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում։ Պարզապես պահանջվում է նախապես խաշել սիսեռը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

1 վարունգ

2 լոլիկ

2 բաժակ սիսեռ (եփված վիճակում)

1 փոքր սոխ

ձիթայուղ

աղ, սև պղպեղ

Վարունգը, լոլիկը և սոխ կտրատեք խորանարդների տեսքով, ավելացրեք սիսեռը, այնուհետև համեմունքներն ու սոուսը։ 

Կարդացեք նաև՝ 

Համեմունքների օգտակար հատկությունները․ ի՞նչ համեմունքներ է օգտագործում Foody-ն

#6 Ջենիֆեր Էնիսթոն․ Բլղուրով աղցան

Դերասանուհին իր աղցանը նկարագրել է որպես «բլղուր, վարունգ, մաղադանոս, անանուխ, կարմիր սոխ, սիսեռ, ֆետա պանիր և պիստակ»։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

1 բաժակ բլղուր 

1 բաժակ վարունգ

1 փոքր կարմիր սոխ

1 բաժակ ֆետա

1 տուփ պահածոյացված սիսեռ

0,5 բաժակ մաղադանոս

0,5 բաժակ անանուխ

0,5 բաժակ պիստակ

¼ բաժակ կիտրոնի հյութ

2 ճաշի գդալ ձիթայուղ

աղ, սև պղպեղ

Թրջեք բլղուրը ըստ փաթեթի վրա նշված ցուցումների։ Խառնեք բոլոր բաղադրիչները՝ համեմելով կիտրոնի հյութով, ձիթայուղով, համեմունքներով։ Մատուցեք որպես հագեցնող աղցան կամ խավարտ։

Նշված բաղադրատոմսերից քանի՞սն եք պատրաստվում փորձել։ Իսկ որպես ամառային աղանդեր առաջարկում ենք պատրաստել տնական պաղպաղակ և զովացուցիչ ըմպելիք՝

Պաղպաղակ տնային պայմաններում․ 5 բաղադրատոմս քաղցրասերների համար9 բաղադրատոմս լավագույն զովացուցիչ ըմպելիքները պատրաստելու համար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով