Խոհարարական 5 գրքեր, որոնք կզինեն ձեզ նոր բաղադրատոմսերով

Որքան էլ բազմազան լինի ձեր՝ որպես տանը սնունդ պատրաստողի ճաշացանկը, ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում նոր բաղադրիչ ներմուծել կամ փորձվածներն օգտագործել լիովին նոր ուտեստի մեջ։

Եթե ձեզ մոտ հասունացել է նոր բաղադրատոմսեր փորձարկելու պահը, առաջարկում ենք գաղափարներ վերցնել խոհարարական 5 գրքերից, որոնցում իրենց ներդրումն են ունեցել շեֆ-խոհարարներ, սննդաբաններ ու բժիշկներ։ 

Յուրաքանչյուր գրքից մենք կներկայացնենք մեկ բաղադրատոմս, իսկ դուք կարող եք անվճար ներբեռնել գրքերի ամբողջական տարբերակները և ուսումնասիրել մյուս ուտեստները։

#1 Leanne Brown, Good and Cheap: Eat Well on $4 /Day

Լեան Բրաունը խոհարարական բեսթսելլերների հեղինակ է։ Նա նշում է, որ հրաշալի ուտեստ պատրաստելու գաղտնիքը ոչ թե բյուջեն է, այլ խոհարարական գիտելիքները և կիսվում է բյուջետային ուտեստների բաղադրատոմսերով։

Գրքի սկզբում հեղինակը նաև կիսվում է ճիշտ սնվելու և արդյունավետ գնումներ կատարելու, խոհանոցում մեծ պահանջարկ ունեցող ապրանքները պահեստավորելու խորհուրդներով։ 

Բաղադրատոմսերը խմբավորված են ըստ բաժինների՝ Նախաճաշ, Ապուր, Աղցան, Ճաշ, Ըմպելիքներ և այլն։ Ձեզ միգուցե հետաքրքրեն Դդմիկով շոկոլադե մաֆինները, Եգիպտացորենով ապուրը կամ Սմբուկով ու թահինի սոուսով աղցանը, իսկ մենք ներկայացնում ենք Ծաղկակաղամբով ջեռեփուկի բաղադրատոմսը։ Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-1 գլուխ ծաղկակաղամբ

-2 պճեղ սխտոր (չկլպված)

-1 ճաշի գդալ կարագ (հալեցված)

-1 թեյի գդալ ծխեցված պապրիկա

-0,5 թեյի գդալ կայենյան պղպեղ

-աղ, սև պղպեղ

Ծաղկակաղամբը բաժանել փոքր կտորների։ Ջեռոցը միացնել 200°C։ 

Ջեռոցի տապակի վրա դասավորել ծաղկակաղամբն ու սխտորները։ Լցնել կարագը և համեմունքները։ Ձեռքերով խառնել, որպեսզի բաղադրիչները ծածկվեն սոուսով։ Խորովել 45-60 րոպե՝ հասցնելով կարմրության նախընտրելի աստիճանի։

#2 The European Cook Book

The European Cook Book-ը բաղադրատոմսերի հավաքածու է, որը թողարկվել է Սրտաբանության եվրոպական ասոցիացիայի կողմից։ Սրտային հիվանդությունները կանխելու արդյունավետ միջոցներ են իրազեկվածության բարձրացումը և ապրելակերպի փոփոխությունը՝ ներառյալ սննդային սովորությունների վերանայումը։ 

Եվրոպական, ասիական և ամերիկյան 40+ երկրների սրտաբանական հաստատություններ կիսվել են սրտի համար նպաստավոր բաղադրատոմսերով, որոնք վերանայվել են սննդաբանի կողմից և հրատարակվել որպես խոհարարական գիրք։ 

Գիրքը սկսվում է սիրտ-անոթային համակարգի գործունեության, պսակային զարկերակային հիվանդության, արյան բարձր ճնշման, շաքարային դիաբետի ախտանշանների, ախտորոշման, բուժման մասին հանրամատչելի ինֆորմացիայով, որին հետևում են խորհուրդներ սիրտը առողջ պահելու ուղղությամբ։ 

Այնուհետև հերթը բաղադրատոմսերինն է, որոնցից կարող են օգտվել ոչ միայն սրտային հիվանդությամբ տառապող, այլ նաև առողջ սննդակարգի հետևող կամ նոր ուտեստների գաղափարներ փնտրող մարդիկ։

Ներկայացնում ենք տանձով և ընկույզով թխուկի բաղադրատոմսը, որն առաջարկվել է Սլովենիայի Սրտաբանության ասոցիացիայի կողմից (նպատակահարմար չէ դիաբետիկների համար)։ 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-4 տանձ

-1 կիտրոն

-100 գրամ աղացած ընկույզ

-1 ճաշի գդալ շագանակագույն շաքարավազ կամ մեղր

-դարչին

-1 ճաշի գդալ ցածր յուղայնությամբ յոգուրտ

Ընկույզը խառնել շագանակագույն շաքարավազի, մի քանի կաթիլ կիտրոնի հյութի և կեղևի, դարչինի և յոգուրտի հետ։ Տանձերը լվանալ, կիսել և հեռացնել միջուկները։ 

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, տանձերը դասավորել՝ կտրված մասը դեպի վեր։ Միրգը ցողել կիտրոնի հյութով և լցոնել պատրաստի խառնուրդով։ Թխել նախապես 180°C տաքացված ջեռոցում 40 րոպե։ Մատուցել տաք կամ գոլ վիճակում։

Կարդացեք նաև՝

Ինչպիսի՞ն պետք է լինի դիաբետիկների սննդակարգը

#3 Beat Hunger: A Community Cook Book with Recipes by Martin Wishart

Beat Hunger: A Community Cook Book with Recipes by Martin Wishart-ը խոհարարական գիրք է, որում իր բաղադրատոմսերով է կիսվում Միշլենի աստղի դափնեկիր, ռեստորանների հիմնադիր Մարտին Ուիշարտը։ Գիրքը ստեղծվել է բարեգործական նպատակներով և ձգտում է պայքարել Էդինբուրգում սննդային անհավասարության դեմ, նպաստել, որ բոլորը հասանելիություն ունենան առողջ, սննդարար, համեղ ուտեստների։

Կիսվում ենք կեդգերի ուտեստի վեգետարիանական տարբերակի բաղադրատոմսով։ Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-200 գրամ բասմատի տեսակի բրինձ

-1 բաժակ ոսպ (եփված)

-2 ճաշի գդալ բուսակայն յուղ

-1 թեյի գդալ քեմոնի սերմեր

-3 պճեղ սխտոր (մանր կտրատված)

-2 կանաչ չիլի պղպեղ (մանր կտրատված)

-1 կարտոֆիլ (խորանարդներով կտրատված)

-1 գազար (խորանարդներով կտրատված)

-¾ թեյի գդալ տուրմերիկի փոշի

-100 գրամ կանաչ լոբի (կտրատված)

-100 գրամ ոլոռ (սառեցված կամ պահածոյացված)

-200 գրամ բրոկոլի

-4 պինդ խաշած ձու

-աղ, սև պղպեղ

Բրինձը լվանալ և առատ ջրի մեջ թողնել 10 րոպե։ Մեծ տապակի մեջ բուսական յուղը տաքացնել, ավելացնել քեմոնի սերմերը և տապակել 30 վայրկյան։ Ավելացնել սխտորը և թողնել, որ ցածր կրակի վրա ոսկեգույն երանգ ստանա։

Ավելացնել կանաչ չիլի պղպեղները և խառնել, կրակի ուժգնությունը բարձրացնել։ Ավելացնել կարտոֆիլը, գազարը և տապակել 2 րոպե։ Ավելացնել տուրմերիկի փոշին և աղ, եփել ևս 3-4 րոպե։

Բրինձը քամել և լցնել տապակի մեջ։ Ավելացնել 700 մլ ջուր։ Երբ զանգվածի վրա առաջանան պղպջակներ, տապակը ծածկել, կրակի ուժգնությունն իջեցնել և եփել մինչև հեղուկի ներծծվելը։

Ավելացնել ոսպը, լոբին, բրոկոլին, ոլոռը։ Խառնել և թողնել, որ 5 րոպե եփվեն և հեռացնել կրակից։ Համեմել աղով ու սև պղպեղով, զարդարել խաշած ձվի կեսերով և մատուցել։ 

#4 Fast Meals & Quick Snack: A Cookbook for Teens

Խոհարարական գիրքը հրատարակվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի հովանավորությամբ և ոգեշնչված է մի քանի հեղինակների խոհարարական գրքերից։ 

Առաջին մասում խոսվում է սնունդը պլանավորելու, գնումներ կատարելու, բաղադրիչները պահեստավորելու, խոհանոցը անհրաժեշտ պաշարներով ապահովելու մասին խորհուրդներով։ Երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված է բաղադրատոմսերին՝ Սմուզիներ, Ձվով ուտեստներ, Բանջարեղեն, Բրինձ և պաստա և այլն։ 

Ձեզ համար առանձնացրել ենք Բանանով հացի բաղադրատոմսը։ Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-1 բաժակ շաքարավազ

-0,5 բաժակ թթվասեր

-2 մեծ ձու

-3 միջին չափի հասած բանան

-2 բաժակ ալյուր

-0,5 թեյի գդալ սոդա

-0,5 թեյի գդալ փխրեցուցիչ

-0,5 բաժակ ընկույզ (ըստ ցանկության)

-բուսական յուղ

Ջեռոցը միացնել 170°C։ Շաքարավազը և թթվասերը միքսերով հարել, ավելացնել ձվերը։ Բանանները կեղևազրկել, պատառաքաղով տրորել և ավելացնել զանգվածի վրա։

Առանձին տարայի մեջ խառնել ալյուրը, սոդան և փխրեցուցիչը։ Ալյուրով զանգվածի կեսն ավելացնել բանանով զանգվածի վրա, խառնել, այնուհետև ավելացնել մյուս կեսը։ Ըստ ցանկության ավելացնել մանրացված ընկույզ։

Թխելու ամանի մեջ բուսական յուղ ցողել, լցնել զանգվածը և թխել 1 ժամ։ Պատրաստ լինելը ստուգել ատամի փայտիկով։ Թողնել, որ սառչի առնվազն 30 րոպե։

#5 Stop Food Waste Day Cookbook

Stop Food Waste Day Cookbook-ը ընթերցողների ուշադրությունը հրավիրում է սննդի վատնման թեմայի վրա և ներկայացնում այն նվազեցնելու հնարքներ։ Գիրքը 30 երկրի 45 շեֆ-խոհարարների կողմից առաջարկված բաղադրատոմսերի հավաքածու է, որ նպատակ ունի խթանել սննդի մնացորդների օգտագործումը և միաժամանակ պրոֆեսիոնալ ձևով սննդի պատրաստումը։ 

Առանձնացրել ենք թխվածքի հեշտ բաղադրատոմս, որի համար անհրաժեշտ են պարզ բաղադրիչներ՝

-4 ձու

-290 մլ բուսական յուղ

-450 գրամ շագանակագույն շաքարավազ

-2 թեյի գդալ վանիլի մզվածք

-250 գրամ ալյուր

-2 թեյի գդալ փխրեցուցիչ

-2 թեյի գդալ սոդա

-0,5 թեյի գդալ աղ

-2 թեյի գդալ դարչին

-350 գրամ քերած գազար

Տաքացնել ջեռոցը 175°C։ Ձվերը, բուսական յուղը և շաքարավազը հարել 1 րոպե։ Ավելացնել մյուս բաղադրիչները և խառնել։ Լցնել թխելու աման մեջ և թողնել 40-50 րոպե։ 

Ցանկության դեպքում կարելի է պատել ջնարակով՝ խառնելով 300 գրամ սերուցքային պանիրը, 150 գրամ շաքարի փոշին և 1 թեյի գդալ վանիլի մզվածքը։ Զարդարել ընկույզի կտորներով։

Ի դեպ՝ Foody-ի ճաշացանկում նույնպես կան նորույթներ, որոնք արդեն հասցրել են փորձվել և սիրվել հաճախորդների կողմից`

Մութաբալ

Լոբով աղցան
Սմբուկով աղցան
Իսպանական աղցան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով