Աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահվան 2-րդ պատճառը փորլուծությունն է: Ամեն տարի փորլուծությունից մահանում է շուրջ 550 հազար երեխա: Այս հիվանդության ժամանակ մարդու օրգանիզմից դուրս են մղվում ամենակարևորը՝ ջուրը և աղը, որոնք անհրաժշետ են գոյատևման համար: Իսկ գիտե՞ք, թե որն է փորլուծությունից մահանալու առաջին պատճառը… այո՛, մի՛ զարմացեք, ջրազրկումը` օրգանիզմում ամենակարևոր հեղուկ զանգվածի կորուստը:
Ջրի կենսական նշանակությունը մեր օրգանիզմի համար
Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստեր մարդու օրգանիզմի համար ջրի կարևորության մասին: Եվ ապա հասկանանք՝ որքան կարևոր է ջրի դերը մեր կյանքում, ինչո՞ւ է պետք շատ ջուր խմել ամեն օր:
- 1 տարվա ընթացքում մարդը միջինում խմում է 1000լ ջուր, իսկ ողջ կյանքի ընթացքում՝ մոտ 35 տոննա ջուր:
- Մարդու օրգանիզմում ընդամենը 1%-ի հեղուկի կորուստը տանում է ծարավի և չորության: Իսկ 12% ջրազրկումը հանգեցնում է մահվան:
- Մեր օրգանիզմի մեծ տոկոսը կազմում է ջուրը, որի քանակը տարիքի հետ փոփոխվում է: Օրինակ՝ նորածին երեխայի օրգանիզմում ջուրը կազմում է 80%, իսկ մեծահասակների մոտ դրա քանակը պակասում է հասնելով մինչև 60%-ի:
- Օրգանիզմում ջրային բալանսի գրագետ կարգավորումը կարող է պահպանել մարդու առողջությունն ու անգամ երկարացնել կյանքը:
Մեր խմած ջրի քանակից է կախված մեր ինքնազգացողությունը, առողջությունը, և հատկապես մաշկի ու մազերի վիճակը: Ջուրը մասնակցում է մեր օրգանիզմի բոլոր բիոքիմիական պրոցեսներին, ինչպիսին են օրինակ՝ նյութափոխանակությունը, մարսողությունը, արյունաստեղծումը, ջերմակարգավորումը, անոթներում ճնշման կարգավորումը, տոքսինների դուրսմղումը: Ուստի ջրի պակասը կարող է բերել այս ֆունկցիաներից յուրաքանչյուրի խանգարմանը: Եվ այս առումով նույնպես շատ կարևոր է օրգանիզմում ջրի քանակի պահպանումը: Թե ինչերի կարող է տանել դրա պակասը կխոսենք հաջորդիվ, բայց մինչ այդ փորձենք պարզել՝ որքան ջուր է անհրաժեշտ մեր օրգանիզմին ամեն օր:
Որքա՞ն ջուր պետք է խմել օրական
Դուք գիտե՞ք, թե օրական որքան ջուր է անհրաժեշտ Ձեր օրգանիզմին: Այո՛, 2 լիտրը կամ 8-10 բաժակը տարածված կարծիք է: Իսկ ամերիկյան որոշ ինստիտուտների գիտնականներ նույնիսկ սահմանել են ավելի մեծ չափաբաժին՝ օրական 2.7լ կանանց համար և 3.7լ՝ տղամարդկանց: Սակայն, այս թվերը չեն կարող վերաբերվել բոլոր կանանց և տղամարդկանց: Ջուր պետք է խմել ելնելով մեր մարմնի զանգվածից: Ճիշտ է, այսօր շատ սննդաբաններ պնդում են, որ նորմալ քաշ ունեցող անձի համար ընդունելի նորման հենց 2 լիտրն է, բայց դա միանշանակ չէ: Քանի որ պետք է հաշվի առնել մարդու տարիքը, ֆիզիկական ակտիվությունը, սուրճ կամ ալկոհոլ օգտագործելու հաճախականությունը, ինչպես նաև կլիման:
Մենք զրուցել ենք առողջաբան և սննդաբան Աիդա Խզրթյանի հետ։ Հիմնվելով American Center of Decease Control and Prevention և American Heart Association կազմակերպությունների տվյալների հիման վրա՝ սննդաբանը նշեց. «Ջրի անհրաժշտությունը մեր օրգանիզմի համար պետք է հաշվել նման կերպ՝ այսօր ջրի ընդունման չափանիշ է համարվում յուրաքանչյուր 1 կգ-ի համար 33 մլ: Այս հաշվարկը, իհարկե, վերաբերվում է զուտ միայն մաքուր ջուր ընդունելուն՝ առանց հաշվելու ապուրները, հյութերը, ֆրեշները, թեյը, սուրճն ու այլ հեղուկները»: Վերջիններս, ի դեպ շատերը կարող են նշել որպես ջուր պարունակող հեղուկ, սակայն մեր օրգանիզմը սրանք ընդունում է որպես սնունդ և մեծ ջանքեր գործադրում դրանցից ջուրը զտելու համար:
Դեհիդրատացում, դրա բացասական կողմերը
Դեհիդրատացում տերմինը ջրազրկում հասկացության հունարեն համարժեքն է, որը հատկապես շատ են օգտագործում բժշկական ոլորտում: Ի՞նչ է ջրազրկումը և ինչպե՞ս զգալ, որ ձեր օրգանիզմը ջրազրկված է:
Նախևառաջ յուրաքանչյուրս ծարավ զգալիս ունենում ենք չորության զգացողություն բերանում: Եթե Դուք սովոր եք արհամարհել այդ փաստը կամ հագեցնել ծարավը այլ ըմպելիքով ու սնունդով, հիշե՛ք, դրանով դուք ավելի եք խորացնում ջրազրկումը: Հաջորդ ազդակը մեզ ուղարկում է մեր չորացած և ճաքճքած մաշկը: Իսկ ահա ավելի բարդ դեպքերը տանում են հաճախ կրկնվող գլխացավերի, հոգնածության, էներգիայի մշտական պակասի, ցրվածության և փորկապության: Ջրազրկման շատ ակնհայտ ազդակ է նաև մեզի մուգ դեղին գույնը, որին արժե ուշադրություն դարձնել:
Ջրազրկումը վատ է անդրադառնում մարդու յուրաքանչյուր օրգանի վրա:
- Մարդու թոքերի 90%-ը բաղկացած է ջրից:
- Արյան մեջ ջրի քանակը կազմում է 80%:
- Մարդու ուղեղի 75%-ը կազմում է ջուրը:
- Մկանների 75%-ը բաղկացած է ջրից:
- Մարդու ոսկորների 20-ը նույնպես բաղկացած է ջրից:
Այսպիսով, ակնհայտ է՝ որքան քիչ է ջուրը մեր արյան մեջ, այնքան ավելի խիտ կլինի արյունը և դրանից կբարձրանա ճնշումը: Ուղեղում ջրի պակասը կարող է տանել դրա աշխատանքի խանգարմանն ու հետևաբար մարդու ցրվածությանը: Երբ օրգանիզմը սկսում է ջրի խիստ պակաս զգալ, այն արտադրում է հիստամին կոչվող հորմոնը, որը պատասխանատու է տագնապային իրավիճակներում իմունային ազդակներ արձակելու համար: Այս նույն հորմոնն ակտիվանում է ոչ միայն իմունային համակարգի տագնապի, այլև ալերգիաների դեպքում: Եվ հենց դա է պատճառը, որը ալերգիկ մարդկանց հատկապես անհրաժեշտ է ուշադիր լինել իրենց օրգանիզմում ջրային ճիշտ բալանսի պահպանմանը:
Ինչպե՞ս խուսափել ջրազրկումից կամ ինչպե՞ս շատ ջուր խմել
Մեզնից յուրաքանչյուրը գիտի՝ արդյոք նա պահպանում է իր օրգանիզմում ջրի ճիշտ քանակը, թե՞ ընդհակառակը՝ «ջուր խմող մարդ չէ»: Այո, շատ մարդիկ ջրի պահանջ չեն ունենում, չեն զգում ծարավը կամ ծանոթ չեն ջրազրկման այլ ազդակներին: Ի՞նչ անել այդ դեպքում: Պատասխանը ավելի քան պարզ է՝ խմել շատ ջուր: Մոտիվացնելու համար գնել ապակյա գրավիչ շիշ, լցնել այն ջրով, ըմպել և հետևել, թե ինչպես է պակասում ջուրը: Եվ սկսել դա առավոտյան:
Օրը սկսեք մեկ բաժակ ջրով՝ ոչ սառը և ոչ էլ տաք, այլ սենյակային ջերմաստիճանի կամ գոլ, որպեսզի օրգանիզմը սթրեսի չենթարկեք: Խորհուրդ է տրվում խմել նախաճաշից մոտ 30 րոպե առաջ: Եթե ջրի համը Ձեզ դուր չի գալիս կարող եք բաժակի կամ շշի մեջ լցնել մեկ շերտ կիտրոն կամ մրգեր և հատապտուղներ: Սա կօգնի Ձեզ սիրել ջուրը և ավելի հետաքրքրաշարժ կդարձնի այն խմելու պրոցեսը:
Կան իրավիճակներ, որոնք առնվազն 50%-ով ավելացնում են մարդու օրգանիզմում ջրի պահանջը:
- Ծխող մարդկանց մոտ հաճախ ռնգային և կոկորդային չորություն է լինում, որի պատճառով էլ տվյալ հատվածում նկատվում է իմունիտետի անկում և խոցելիություն ինֆեկցիաների նկատմամբ: Ծխողներին խորհուրդ է տրվում ավելացնել ջրի ընդունումը 60%-ով:
- Վիրուսային հիվանդությունների և մարմնի բարձր ջերմության դեպքում օրգանիզմը հեղուկազրկվում է, այդ իսկ պատճառով հիվանդ ժամանակ պետք է ջրի ընդունումը կրկնակի ավելացնել:
- Կերակրող մայրերին անհրաժեշտ է կրկնակի և եռակի ավելացնել ջրի ընդունման քանակը: Կրծքով կերակրելու դեպքում կաթի ավելացման համար նույնպես շատ մեծ նշանակություն ունի շատ ջուր խմելը:
- Սուրճ և ակոհոլ շատ օգտագործող մարդիկ ևս պետք է կրկնակի ավելացնեն իրենց ջրի ընդունման օրական չափաբաժինը, քանի որ սրանք ջրազրկող հատկություններ ունեն:
- Սպորտով զբաղվող անձինք, ովքեր ֆիզիկական մեծ ակտիվություն են ցուցաբերում պետք է կրկնակի շատ ջուր խմեն, քանի որ մարզումների ժամանակ քրտնարտադրության պատճառով օրգանիզմը շատ հեղուկ է կորցնում:
- Միզամուղներ ընդունելիս, փորլուծության և սրտխառնոցի պարագայում նույնպես ջրային բալանսը պետք է պահպանել՝ խմելով ավելի շատ ջուր:
Կան նաև դեպքեր, երբ պետք է սահմանափակել կամ ուղղակի վերահսկել ջրի ընդունման քանակը, դրանք են․
- Սնունդ ընդունելու ընթացքում. Արդարության համար նշենք, որ այս հարցի շուրջ սննդաբանների կարծիքները տարանջատվում են: Որոշ սննդաբաններ ասում են, թե ուտելու ընթացքում ջուր խմելը բացարձակ վնաս չէ օրգանիզմին: Իսկ սննդաբանների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ ուտելու ընթացքում ջուր խմելը խանգարում է մարսողությանը: Սննդաբան Աիդա Խզրթյանը նույնպես նշում է, որ սնվելիս ջրի ընդունումը ցանկալի չէ. «Երբ ուտելու ընթացքում ջուր ենք խմում, խախտվում է ստամոքսի PH բալանսը, և լուծվում է օրգանիզմի թթվայնությունը: Նախընտրելի է ջուր խմել ուտելուց 20-30 րոպե առաջ կամ հետո: Սակայն եթե անհագ ծարավի զգացողություն եք ունենում, պետք չէ դիմանալ ծարավին, ընդհակառակը՝ լսեք Ձեր օրգանիզմին: Քիչ քանակությամբ ջուրը չի վնասի Ձեր օրգանիզմին անգամ սնվելու ընթացքում»:
- Քնելուց առաջ ջրի քանակի սահմանափակումը նույնպես ցանկալի, բայց ոչ պարտադիր պայմաններից է: Այս դեպքում նույնպես նախընտրելի է ջուր խմել 30-50 րոպե առաջ, որպեսզի գիշերը վեր կենալու համար քնի խանգարումներ և այլ անհարմարություններ չլինեն: Իսկ եթե երեկոյան կամ գիշերը սովոր եք մեծ քանակությամբ ջուր խմելուն, խորհուրդ է տրվում պակասեցնել, քանի որ դա կբերի երիկամների ծանրաբեռնվածության և մարմնի տարբեր հատվածների այտուցների:
Ինչպես բազմիցս նշեցինք, շատ ջուր խմելը ողջունելի ու ցանկալի է մեր օրգանիզմի կողմից: Եվ որպես վերջաբան մեջբերենք սննդաբան, առողջաբան Աիդա Խզրթյանի գեղեցիկ համեմատությունը․ «Պատկերացրեք, որ ձեր օրգանիզմի բջիջները խաղող են՝ ձիգ թաղանթով, ուռուցիկ և հյութեղ: Եվ երբ դուք չեք պահպանում օրգանիզմի ջրային բալանսը, այն ջրազրկվում է և նմանվում չամիչի՝ չորացած, սեղմված ու ծերացած մաշկով»: