Ի՞նչ են ուտում նախաճաշին տարբեր երկրներում

Նախաճաշն օրվա առաջին և ամենակարևոր սննդընդունումն է։ Այն համալրում է օրգանիզմում սննդարար նյութերի պաշարը գիշերային երկարատև քնից հետո, զինում էներգիայով և պատրաստում աշխատանքային օրվան։  

Տարբեր երկրներում նախաճաշելու սովորույթները տարբեր են։ Նույնիսկ մեզ մոտ տարբեր շրջաններ և տարբեր ընտանիքներ նախաճաշի տարբեր նախասիրություններ ունեն։ 

Այս հոդվածի համար առանձնացրել ենք 10 երկիր տարբեր մայրցամաքներից և ուսումնասիրել, թե ինչ ուտեստներով են բնակիչները սովորաբար սկսում իրենց առավոտը։

Կարդացեք նաև՝

5 գաղափար արագ և հետաքրքիր նախաճաշի համար

Որո՞նք են սուրճի տեսակները և ինչո՞վ են տարբերվում իրարից

Մեծ Բրիտանիա

Անգլիական նախաճաշը ներառում է բեկոն կամ նրբերշիկ տապակած կամ հարած ձվով, տապակած կամ գրիլ արված լոլիկ, սունկ, լոբի, տապակած հաց, որոնք ուղեկցվում են սև սուրճով կամ թեյով։ Սա նաև անվանում են ամբողջական նախաճաշ, քանի որ շատ հագեցնող ու սննդարար է։ 

Շոտլանդական նախաճաշի տարբերակ է շիլան, որը պատրաստում են վարսակով, ջրով և աղով։ Սակայն այսօր շիլաների համն ու տեսքը բարելավելու համար այն պատրաստում են կաթով, զարդարում տարբեր բաղադրիչներով՝ մրգեր, հատապտուղներ, ընկուզեղեն, չրեր, համեմունքներ (դարչին, շաքարավազ)։ Ընդունված է այս նախաճաշն ուտել ոտքի վրա, քանի որ այն զբաղված շոտլանդացի գյուղացիների առավոտյան ուտեստն էր, ովքեր միաժամանակ ուտում և աշխատում էին։

Ֆրանսիա

Թեև կռուասանի հայրենիքն Ավստրիան է, հենց Ֆրանսիան է ասոցացվում կռուասանի հետ, որը ֆրանսիական նախաճաշի հիմնական բաղադրիչներից է։ Ֆրանսիացիների օրը սկսվում է հացաբուլկեղենային որևէ մթերքով՝ կռուասան, շոկոլատին (շերտավոր խմորով և շոկոլադով թխուկ), բագետ հաց։ Կռուասանի կամ բագետի վրա տարածում են որևէ սպրեդ՝ կարագ, ջեմ և այլն։ Ըմպելիքներից նախընտում են մրգային հյութ, սուրճ կամ թեյ։

Չինաստան

Հոնկոնգում նախաճաշին նախընտրում են դիմ-սամ՝ պելմեններ, որոնք պատրաստում են բրնձի բարակ խմորից, լցոնում տարբեր բաղադրիչներով՝ բանջարեղեն, միս, ծովամթերք, եփում գոլորշու վրա։ Որպես աղանդեր՝ Չինաստանում նախընտրում են օրը սկսել բաոցզի կամ մանտոու բուլկիներով, որոնք պատրաստում են գոլորշու վրա։ Արտաքինից հիշեցնում են բոլորիս ծանոթ մանթի ուտեստը։ 

Մանտոուն բուլկիների դատարկ տարբերակն է, բաոցզին՝ միջուկով։ Տարածված միջուկներ են՝ աղացած խոզի միս և կաղամբ, տավարի միս՝ մարինացված արքայախնձորի հյութի և սոյայի սոուսի մեջ, դդում և սոյայի կաթնաշոռ։ 

Իսպանիա

Իսպանացիների մոտ առավոտը սկսվում է չուռոս փքաբլիթներով։ Խմորի համար անհրաժեշտ են ընդամենը ալյուր, ջուր, աղ և բուսական յուղ։ 

Ջուրն ու աղը հասցնում են եռման ջերմաստիճանի, ավելացնում են ալյուրն ու խառնում այնպես, որ գնդիկներ չառաջանան։ Այնուհետև խմորը լցնում են հրուշակագործական պարկի մեջ, ձևավորում երկար էկլերների տեսքով (բայց ավելի բարակ) ու տապակում են ճարպաջեռոցի մեջ մինչև կարմրելը։ Մատուցում են շաքարի փոշիով, դարչինով և շոկոլադե սոուսով։ 

Նախաճաշի մեկ այլ տարբերակ է Կատալոնական հացը՝ տապակած հաց, որի վրա տարածում են սխտոր, տեղադրում հասած լոլիկներ, ցողում են ձիթապտղի յուղ և համեմում աղով։

Արգենտինա

Ռեվուելտո դե Գրամախոն արգենտինական նախաճաշի տարածված տարբերակ է, որն ասոցացվում է արգենտինացի զինվորական Արտեմիո Գրամախոյի հետ։ Ուտեստի բաղադրիչներն են՝ հարած ձու, խոզապուխտ և տապակած կարտոֆիլ։ Կարելի է ավելացնել նաև կանաչ ոլոռ, հավի միս կամ սոխ։

Որպես աղանդեր՝ արգենտինացիները նախընտրում են մեդիալունա (կիսալուսին) կոչվող ռոլերը, որոնք հիշեցնում են ֆրանսիական կռուասան։ Ավանդականորեն պատրաստում են կարագով կամ հալած խոզի ճարպով։ Լցոնում են շոկոլադով, կրեմով կամ հատուկ սոուսով՝ դուլսե դե լեչե։

Երբ հերթը հասնում է ըմպելիքներին, արգենտինացիները սովորաբար ընտրություն են կատարում ազգային թեյի՝ մատեի, նարնջի հյութի կամ կաթով սուրճի միջև։

ԱՄՆ

Ինչով կարող է սկսվել ամերիկյան առավոտը, եթե ոչ փանքեյքերով՝ թավաբլիթներով։ Փանքեյքերը զարդարելու տարբերակները բազմաթիվ են, սակայն ամենատարածվածը թխկու օշարակի, մեղրի և մրգի կտորների/հատապտուղների համադրությունն է։ 

Ավելի հագեցնող ուտեստ նախընտրողները պատրաստում են ձվով, պանրով և բեկոնով սենդվիչ։ Անգլիական մաֆինների կամ թթխմորով հացերի արանքում տեղադրում են Չեդեր, Ամերիկյան կամ Շվեյցարական պանիր, տապակում երկու կողմից, այնուհետև արանքում տեղադրում են տապակած կամ հարած ձու և խռթխռթան բեկոն։ Բեկոնը կարելի է փոխարինել խոզապուխտով կամ նրբերշիկով

Եթե ձեզ հետաքրքրում են այլ երկրների խոհանոցները, առաջարկում ենք ընթերցնել մեր մեկ այլ հոդված՝

9 ուտեստներ, որոնք տարածված են հայտնի զբոսաշրջային քաղաքներում

Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում նախաճաշին մատուցվող ուտեստ է Չամպորադոն՝ բրնձնով շոկոլադե պուդինգ։ Այն պատրաստում են կպչուն բրնձով, որը խառնում են կակաոյի փոշու հետ, ըստ ցանկության՝ ավելացնում են նաև շաքարավազ։ Մատուցում են տաք կամ սառը վիճակում, զարդարում խտացրած կաթով։ Կարող է մատուցվել նաև ձկան հետ։

Գերմանիա

Գերմանական նախաճաշի տարբերակ է Գյուղացիական նախաճաշը, որը տարբեր շրջաններում պատրաստում են տարբեր բաղադրատոմսերով։ Հիմնական բաղադրիչը խաշած կարտոֆիլն է, որի վրա ավելացնում են բեկոն կամ խոզապուխտ, ձու, սոխ, կանաչի և տապակում բուսական յուղի կամ կարագի մեջ։ Բեռլինում, օրինակ, այս նախաճաշն անվանում են Հոպել-պոպել։ Նախորդ օրվա սննդի մնացորդները սպառելու և հագեցնող նախաճաշ ունենալու հիանալի գաղափար է։

Քաղցրի սիրահարներն օրը սկսում են գերմանական կիսալուսնաձև ռոլերով, որոնց միջուկը շոկոլադն է, իսկ վրա տարածում են շաքարի փոշի։

Ավստրալիա

Տոստի հացով Վեջիմեյթը տարածված նախաճաշ է Ավստրալիայում։ Վեջիմեյթը ստանում են գարեջրի քաղցրահյութի մնացորդներից և զանազան համային հավելումներից, տարածում են հացի կամ կրեկերիի վրա, օգտագորրծում են որպես բուլկու միջուկ։ Մածուկը աղի է, դարչնագույն,  խտությամբ նման է գետնանուշի կարագին։ Թեև Վեջիմեյթը հարուստ է B խմբի վիտամիններով, ԱՄՆ-ում այս մթերքի նկատմամբ վերաբերմունքն այնքան էլ դրական չէ։

Իսրայել

Իսրայելական նախաճաշը ձևավորվել է կիբուցներում՝ գյուղական տնտեսություններում, որտեղ ողջ օրն աշխատելու համար առավոտյան անհրաժեշտ էր հագեցնող մթերքներով սնվել։ Նախաճաշը ներառում է ձու, իսրայելական աղցան (մանր կտրատված վարունգ, լոլիկ, սոխ, պղպեղ), հաց, ձուկ (օրինակ՝ սաղմոն, սարդինա), կաթնամթերք։ 

Թեև այլ երկրներում տարածված է նախաճաշին ուտել խոզապուխտ, բեկոն, նրբերշիկ կամ այլ տեսակի պատրաստի միս, Իսրայելում դա ընդունված չէ։ Ավելին՝ հրեական կանոններն արգելում են կաթնամթերքն ու միսը մատուցել միասին, իսկ խոզի միսն ընդհանրապես արգելված է։

Ձվով պատրաստվող հայտնի ուտեստի օրինակ է Շակշուկան, որը տարածված է նաև արաբական երկրներում։ Սոխը, լոլիկը և համեմունքները եփում են մինչև սոուսային զանգված ստանալը, այնուհետև ձվերը կոտրում են այնպես, որ դեղնուցներն ամբողջական մնան։ Համեմունքներից օգտագործում են պապրիկա, քեմոն, կծու պղպեղ։ Մատուցելիս ավելացնում են թարմ կտրատված մաղադանոս։ 

Երբեմն-երբեմն կարելի է նախաճաշել միայն մեկ բաժակ սուրճով, բայց դա պետք է լինի բացառություն, ոչ թե կանոն։ Ոգեշնչվեք նախաճաշի օտարերկրյա տարբերակներով և առավոտյան սնունդ ընդունելը դարձրեք սովորություն։

Foody-ի խոհարարներն առաջարկում են նախաճաշի իրենց տարբերակներն առավոտը բարեհաջող սկսելու համար՝

Գաթա

Խնձորով ու դարչինով թխվածք

Փանքեյքի շերտեր

Աջարական խաչապուրիՀալվա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով