Հին հայկական բաղադրատոմսեր․ մասրապուր, բոստանիկ, անուշապուր և այլն

Հայկական ավանդական խոհանոցը մեր պատմության, մշակութային առանձնահատկությունների ու ազգային ավանդույթների արտացոլումն է։ 

Ցավոք, ժամանակի ընթացքում շատ ուտեստներ մոռացվել են։ Foody-ն ցանկանում է հիշեցնել մի քանի գրեթե մոռացված կամ շատերին անհայտ հայկական ավանդական ուտեստների մասին։

Դրանց բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակը գտնելու հարցում մեզ սիրով օգնել է խոհարար, մի քանի խոհարարական ծրագրերի հեղինակ-վարող Սոնիա Թաշչյանը, որը երկար տարիներ զբաղվել է հայկական ավանդական խոհանոցային բաղադրատոմսերի բանահավաքչությամբ։ 

Մասրապուր

Շատերս սովոր ենք մասուրն օգտագործել թեյ պատրաստելիս, որը շատ հաճելի է վայելել հատկապես ցուրտ օրերին օրգանիզմն ամրապնդելու համար։ Սակայն պարզվում է, որ ամբողջ Հայաստանով մեկ աճող այս վայրի բույսը կարելի է կիրառել նաև ապուր պատրաստելիս։ Մասրապուր պատրաստում են Հայաստանի բոլոր շրջաններում, սակայն առավել տարածված ու համեղ է եղեգնաձորյան տարբերակը։

Բավականին պարզ բաղադրատոմսով պատրաստվող այս ապուրը ներկայացնում է ոչ միայն հետաքրքիր համադրություն, այլ նաև աչքի է ընկնում օգտակարությամբ՝ շնորիվ մասուրի, որը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, և ծիրանաչրի, որը կարգավորում է մարսողական համակարգն ու առհասարակ բարենպաստ ազդեցություն ունի մարդու առողջության վրա։ 

Ինչպե՞ս պատրաստել մասրապուր

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 

-մասուր
-ձավար (կամ խոշոր կորկոտ)
-ծիրանաչիր
-սոխ
-չոր դաղձ
-աղ

Պատրաստման եղանակը՝

-անհրաժեշտ է նախապես եփել մասուրը, այնուհետև ճզմել այն, անցկացնել փլավքամիչի, այնուհետև՝ մաղի միջով։ Սա արվում է մասուրի մեջ եղած փշերը հեռացնելու նպատակով։ Արդյունքում կստացվի մասուրի թանձր խյուս (ժողովրդական լեզվում այդ խյուսը կոչվում է մասրամածուն)։

-այնուհետև պետք է միասին եփել ձավարը և մանր կտրատված սոխը, որից հետո ավելացնել կտրատված ծիրանաչիր, ապա՝ մասուրի խյուսը, մի փոքր աղ և առատ չոր դաղձ։

-եղեգնաձորյան մասրապուրի այս տարբերակը մատուցվում է խաշի նման՝ չոր լավաշի հետ։

Ի դեպ, եթե նկատեցիք, մասրապուրը պատրատվում է առանց կարագի կամ ձեթի, իսկ սա նշանակում է, որ այն բավականին թեթև ուտեստ է։

Սմբուկով մանճիկ 

Այս սեզոնին ամենատարածված բանջարեղեններից է սմբուկը, որը լայն կիրառություն ունի հայկական ավանդական խոհանոցում։ 

Սմբուկով պատրաստվում են բազմաթիվ աղցաններ, ապուրներ, պահքային կամ մսային տոլմա։ Իսկ Մուսալեռում (այնուհետ նաև Քեսապում) պատրաստում էին շատ յուրահատուկ մի ուտեստ, որը կոչվում էր սմբուկով մանճիկ (մանճիկը Մուսալեռան բարբառային բառ է, որ նշանակում է կիսաջրիկ ճաշ)։

Ինչպե՞ս պատրաստել սմբուկով մանճիկ

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 

-սմբուկ
-սիսեռ
-լոլիկ
-սոխ
-սխտոր
-աղ, համեմունքներ

Պատրաստման եղանակը՝

-սիսեռը նախապես թրջել ամբողջ գիշերվա ընթացքում, ապա թափել ջուրը և խաշել այն։

-սոխառած անել, միասին թեթևակի տապակել նաև սմբուկի խորանարդիկները։

-ավելացնել սիսեռ, կտրատված լոլիկ և ճզմված սխտոր։

-այնուհետև համեմել և միասին եփել թույլ կրակի վրա։

Որոշ դեպքերում այս ուտեստին նաև միս են ավելացնում, դուք նույնպես կարող եք ստեղծագործել և այլ բաղադրիչներով (կծու պղպեղ, սեզոնային բանջարեղեն կամ նախընտրելի համեմունք) նոր համային երանգ հաղորդել այս ուտեստին։ 

Մշոշ

Հայկական խոհանոցն ուսումնասիրելիս հեշտ է նկատել, որ հատիկավորները հաճախ համադրվում են տարատեսակ չրերի հետ։ Նմանատիպ մի համադրություն է նաև մշոշը (բառն առաջացել է «մըշմոշ»՝ ծիրան բառի կրճատումից)։

Այն Վանա խոհանոցի պահքային ուտեստներից է, որը կարելի է ասել` մոռացված էր, սակայն վերջին շրջանում վերականգնվում է՝ պատրաստվելով տարբեր տոնածիսական միջոցառումների ժամանակ։ Մշոշը հեշտ ու արագ պատրաստվող ճաշատեսակ է, նաև՝ սննդարար ու համեղ։ 

Ինչպե՞ս պատրաստել մշոշ

Անհրաժեշտ բաղադրիչները՝

-ոսպ
-ընկույզ
-ծիրանաչիր, սալորաչիր
-չամիչ
-սոխ
-ձիթայուղ
-մաղադանոս
-աղ, համեմունքներ

Պատրաստման եղանակը՝

-ոսպը նախապես թրջել, այնուհետև եփել և տրորել:

-սոխառած անել և լցնել ոսպի վրա:

-այնուհետև ավելացնել նաև կտրատված ծիրանաչիր, սալորաչիր, ընկույզ և չամիչ:

-վերջում անհրաժեշտ է համեմել աղով, համեմունքներից՝ հիմնականում սև պղպեղով, և ավելացնել մաղադանոս:

Ի դեպ, սա մշոշի դասական բաղադրատոմսն է, սակայն այն կարող է պատրաստվել նաև դդումով, բազուկով, կանաչ լոբով։ 

Բոստանիկ

Ահա ևս մեկ ավանդական ուտեստ, որի անունն ու բաղադրությունը շատերիս անծանոթ է։ Բոստանիկը բանջարեղենով պատրաստվող փլավի տարատեսակ է, որը շատ տարածված էր Մուսալեռան խոհանոցում։ 

Ինչպե՞ս պատրաստել բոստանիկ

Անհրաժեշտ բաղադրիչները՝

-կանաչ լոբի
-կարտոֆիլ
-դդմիկ
-լոլիկ
-խոշոր կորկոտ
-սոխ
-ձիթայուղ
-աղ, համեմունքներ

Պատրաստման եղանակը՝

-կտրատել բանջարեղենը և հերթով իրար վրա ավելացնելով խաշել։

-այնուհետ բանջարեղեններին ավելացնել կորկոտ։

-եփել թույլ կրակի վրա, մինչև ջուրն ամբողջությամբ գոլորշիանա։

-վերջում անհրաժեշտ է ավելացնել սոխառած և համեմել։

-ուտեստն անհրաժեշտ է թողնել փակ կափարիչով մոտ 10 րոպե նախքան մատուցելը։ Առհասարակ այս պարզ հնարքը կարելի է կիրառել նաև մյուս ուտեստների դեպքում, որպեսզի այն ճաշակելիս ավելի վառ համային զգացողություններ առաջանան։ 

Հավելենք, որ մեզ հետ զրույցում Սոնիա Թաշչյանը նշեց, որ իրենց գյուղում (Լիբանանի Այնճար գյուղը) բոստանիկը, ինչպես նաև սմբուկով մանճիկը առօրեական ուտեստներ են, սակայն Հայաստանում անծանոթ են։ 

Անուշապուր

Անունն արդեն իսկ շոյում է քիմքը և յուրահատուկ համի ակնկալիք ստեղծում, որը լիովին արդարանում է, երբ փորձում ես այս քաղցր ապուրը։

Այն պատրաստվել է Հայաստանի բոլոր տարածաշրջաններում ամենանվիրական տոնի՝ Սբ․ Հարության (Զատիկ) առթիվ։ Մարդիկ պատրաստել են անուշապուրն ու նվիրել միմյանց, երբ հյուր են գնացել Զատկի տոնի ժամանակ։

Ինչպես և նախորդ ուտեստները, սա նույնպես պարզ ճաշատեսակ է, որը սակայն կարող է գալիք տարվա Ձեր Զատկի տոնական սեղանին հայկական ավանդական խոհանոցի շունչ ավելացնել։

Ինչպե՞ս պատրաստել անուշապուր 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

-ձավար
-տարատեսակ չրեղեն
-չամիչ
-ընկուզեղեն
-մեղր

Պատրաստման եղանակը՝

-անհրաժեշտ է խաշել ձավարը, ապա ավելացնել չրեղեն, չամիչ, ընկուզեղեն։

-այս ամենն անհրաժեշտ է եփել այնքան, մինչև համասեռ զանգված դառնա։

-արդեն գոլ վիճակում կարելի է ավելացնել մեղր հավելյալ քաղցրացնելու նպատակով։

Նշենք նաև, որ անուշապուրն առավել յուրահատուկ համ կունենա, եթե պատրաստելիս անիսոն կամ դարչին ավելացնեք։

Այս ուտեստները հայկական ավանդական խոհանոցի մի փոքր մասն են ընդամենը։ Կան հարյուրավոր բաղադրատոմսեր, որոնց մասին իմանալը կօգնի առավել լավ ճանաչել ու ըմբռնել ինքներս մեզ՝ որպես ազգ։ Դե, իսկ եթե Դուք էլ եք ցանկանում ավանդական ճաշատեսակ վայելել, ապա դրա պատրաստումը վստահե՛ք մեր արհեստավարժ խոհարարներին։ Գտե՛ք Ձեր նախընտրելի ուտեստը մեր մենյուում ու կատարե՛ք Ձեր պատվերը։ Foody թիմը սիրով սպասում է։