Կտավատի, քունջութի կամ այլ սերմերին նայելիս անհավատալի է, որ այսքան փոքր հատիկներում կարող են լինել այսքան մեծ օգտակար հատկություններ։
Սերմերը դասվում են սուպերֆուդերի շարքին։ Սուպերֆուդերը հիմնականում բուսական ծագման մթերքների խումբ են, որոնք շատ սննդարար ու օգտակար են առողջության համար։ Սերմերը հարուստ են բուսական սպիտակուցներով, առողջ ճարպերով, մանրաթելերով, վիտամիններով ու հանքանյութերով, որոնք հնարավոր չէ փոխարինել վիտամինային հաբերով կամ դեղամիջոցներով։
Այդ փոքրիկ հատիկները հարմար են թե՛ բուսակերների, թե՛ մարզվողների, թե՛ նիհարողների, թե՛ պարզապես առողջ սնունդ նախընտրող մարդկանց համար։
Եվ վերջապես՝ սերմերը հեշտ է կիրառել առօրյայում ու օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ տարբեր ուտեստներ, աղցաններ, կարկանդակներ, թանձր հյութեր պատրաստելիս։
Կտավատի սերմեր
Կտավատի սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք դրական ազդեցություն են թողնում սրտի աշխատանքի վրա։ Պարունակում են ամենից շատ քանակությամբ լիգնաններ՝ միացություններ, որոնք ունեն էստրոգեն և հակաօքսիդիչ հատկություններ։ Երկաթի, կալիումի, ֆոլաթթվի, մագնեզիումի աղբյուր են։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կտավատի սերմերը կարող են կանխել քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը, սիրտ-անոթային հիվանությունները, բարելավել արյան մեջ շաքարի մակարդակը, պայքարել բորբոքումների դեմ։
Կտավատի սերմերն օգտագործում են հաց, կարկանդակներ ու թխվածքներ պատրաստելիս։ Կարելի է ավելացնել նաև հունական յոգուրտի, մածունի, թանձր հյութերի, աղցաններր մեջ։
Խորհուրդ է տրվում կտավատի սերմերն օգտագործել աղացած վիճակում, քանի որ այդպես ավելի հեշտությամբ են մարսվում։ Աղացած սերմերն անհրաժեշտ է պահել սառնարանում, իսկ ամբողջական սերմերը՝ նաև սենյակային ջերմաստիճանում։
Օրական օգտագործեք 1-2 ճաշի գդալից ոչ ավելի չափով։
Քունջութի սերմեր
Քունջութի սերմերը հարուստ են B1, B3, B6 վիտամիններով, որոնք կենսական են բջիջների կանոնավոր գործունեության ու նյութափոխանակության համար։ Պարունակում են քիչ քանակի ածխաջրեր և մեծ քանակի սպիտակուցներ ու առողջ ճարպեր, որոնք կարգավորում են շաքարի մակարդակը։ Քունջութի սերմերը ցինկի, մագնեզիումի, երկաթի, վիտամին E-ի աղբյուր են, որոնք կարևոր են իմունային համակարգի աշխատանքի, օրգանիզմի մաքրման, ոսկորների առողջության համար։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր ձևով քունջութի սերմեր ուտելը կարող է օգնել նվազեցնել խոլեստերինի և տրիգլիցերինի (ճարպի տեսակ) մակարդակները՝ պայքարելով սրտի հիվանդությունների դեմ։
Քունջութի սերմերն օգտագործում են բուրգերի հաց, կարկանդակներ ու էներգետիկ կոնֆետներ պատրաստելիս, զարդարում են աղցանները (օրինակ՝ Թայ բիֆ), հիանալի զարդարանք են նաև հավի բդիկների ու թևիկների համար։
Օրական օգտագործեք 0,5-1 ճաշի գդալից ոչ ավելի չափով։
Արևածաղկի սերմեր
Արևածաղկի սերմերը հատկապես հարուստ են վիտամին E-ով և սելենով, որոնք հակաօքսիդիչներ են և պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալներից` մոլեկուլներ, որոնք վնասում են բջջի ԴՆԹ-ն, հանգեցնում հիվանդությունների, նպաստում օրգանիզմի ծերացմանը։ Վերջիններս մեր օրգանիզմում հայտնվում են ինչպես սննդի մարսողության արդյունքում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ շփումից՝ ծխախոտի ծուխ, կեղտոտ օդ, քիմիական նյութեր։ Ազատ ռադիկալների որոշակի առկայությունը ոչ միայն վտանգավոր չէ, այլ նաև դրական է օրգանիզմի համար, բայց մշտական կուտակումներ չպետք է թույլ տալ և անհրաժեշտ է հակաօքսիդիչների միջոցով հեռացնել օրգանիզմից։
Արևածաղկի սերմերը նաև պարունակում են օմեգա-6 ճարպաթթուներ և ցինկ, որոնք անհրաժեշտ են առողջ մաշկի համար, ինչպես նաև մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր՝ ոսկորների առողջության համար։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ արևածաղկի սերմերն ունեն հակաբորբոքային, հակասնկային, հակամանրէային ազդեցություն, կարող են արդյունավետ լինել դիաբետի և խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում։
Արևածաղկի սերմերն օգտագործում են հաց թխելիս, գրանոլա և էներգետիկ կոնֆետներ պատրաստելիս, աղցանները զարդարելիս, ինչպես նաև ձվածեղների մեջ։ Բովելուց հետո նույնպես պահպանվում է վերջիններիս օգտակար հատկությունների հսկայական պաշարը։ Թեև աղ ավելացնելը չի ազդում օգտակար հատկությունների վրա, աղի մեծ քանակը վնաս է սրտի և երիկամների համար, ինչպես նաև ջրազրկում է օրգանիզմը։
Արևածաղկի սերմեր կարելի է ուտել ամեն օր, բայց չպետք է գերազանցել 30 գրամը։ Քանի որ սերմերն ունեն բարձր կալորիականություն, պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման։ Բացի այդ՝ հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ, որոնք արտահայտվում են այտուցվածության, քորի և այլ ձևերով։
Դդմի սերմեր
Դդմի սերմերը հարուստ են հակաօքսիդիչներով՝ կարոտինոիդներով և վիտամին E-ով, որոնք նվազեցնում են բորբոքումները, պաշտպանում բջիջները, կանխում մի շարք հիվանդություններ։
Մագնեզիումն անհրաժեշտ է մեր օրգանիզմում հարյուրավոր քիմիական ռեակցիաների համար և կարգավորում է արյան ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը, նվազեցնում սրտային հիվանդությունների ռիսկը, ապահովում է ոսկորների առողջությունը։ Դդմի սերմերը մագնեզիումի հիանալի աղբյուր են, և խորհուրդ է տրվում օրական ուտել 30 գրամ։
Բացի մագնեզիումից՝ սերմերը նաև դիետիկ մանրաթելերի մեծ աղբյուր են, որոնք կարող են դրական ազդեցություն թողնել մարսողական համակարգի վրա։ Իսկ տրիֆտոֆանը, ցինկն ու մագնեզիումը միասին նպաստում են քնի որակի բարելավմանը։
Կարելի է ուտել թե՛ բնական, թե՛ բոված վիճակում, ինչպես նաև կարելի է ուտել կեղևի հետ միասին, քանի որ վերջինս պարունակում է սպիտակուցներ։ Խանութի բոված ու աղով համեմված տարբերակները հնարավոր է պարունակեն չափազանց մեծ քանակի աղ, ինչը կջրազրկի օրգանիզմի բջիջները։ Փորձեք ուշադիր լինել փաթեթի բաղադրությանը կամ հում սերմերը բովեք հենց ձեր ձեռքերով՝ կառավարելով համեմունքների չափը։
Դդմի սերմերն օգտագործում են թանձր հյութերի, հունական յոգուրտի, գրանոլայի, էներգետիկ կոնֆետների մեջ։ Զարդարում են ապուրներն ու աղցանները։
Չիայի սերմեր
Չիայի սերմերը հարուստ են մանգանով, ֆոսֆորով, սելենով, պղնձով, երկաթով, ինչպես նաև B1, B2 վիտամիններով և օմեգա-3, օմեգա-6 ճարպաթթուներով։ Արդյունքում սերմերը դրականորեն են ազդում նյութափոխանակության, արյան մեջ խոլեստերինի մակարդակի կարգավորման, ազատ ռադիկալները մարմնից հեռացնելու գործընթացների վրա։
Միս կամ կենդական ծագման մթերք չօգտագործող մարդիկ կարող են այս սերմերն օգտագործել որպես սպիտակուցների աղբյուր և բազմազանություն մտցնել իրենց սննդակարգում։
Օրական խորհուրդ է տրվում ուտել 1,5 ճաշի գդալ չիայի սերմ, բայց մարսողական խնդիր չունենալու համար անհրաժեշտ է նաև շատ ջուր խմել։ Քանի որ չիայի սերմերն ինքնին շատ չոր են և առանձին ուտելու համար անհարմար, սովորաբար դրանք օգտագործում են մածունի, հունական յոգուրտի, կաթի կամ հենց ջրի հետ խառնած վիճակում։ Մի քանի ժամվա ընթացքում սերմերն ուռչում և փափկում են․ ուտելը դառնում է ավելի հաճելի, և մարսվում են հեշտությամբ։
Չիայի սերմերով բաղադրատոմսերի համար կարդացեք մեր մյուս բլոգը՝ Չիայի սերմերի օգտակար հատկանիշները։
Կանեփի սերմեր
Կանեփի սերմերը բարձրացում են օրգանիզմի դիմադրողականությունը, օրգանիզմից հեռացնում տոքսինները, նվազեցնում տրիգլիցերինների մակարդակը, բարելավում մարսողությունը, ապահովում էներգիայով։ Սերմերը հարուստ են վիտամին E-ով, ցինկով, երկաթով, մագնեզիումով։
Մեր օրգանիզմը չի արտադրում օմեգա-6 և օմեգա-9 ճարպաթթուներ, հետևաբար դրանք պետք է ստանալ սննդի միջոցով։ Կանեփի սերմերը պարունակում են այդ թթուներն իդեալական հարաբերակցությամբ, ինչն անհրաժեշտ է առողջ սիրտ ու ուղեղ ունենալու համար։
Նաև պարունակում են սպիտակուցներ, որոնք դյուրամարս են և ապահովում են հագեցվածության զգացողություն։
Կանփեի սերմերն օգտագործում են գաթա պատրաստելիս, զանազան շիլաների, յոգուրտների, գրանոլաների ու աղցանների մեջ։
Օրական օգտագործեք 2-3 ճաշի գդալից ոչ ավելի չափով:
Համեմի սերմեր
Պարունակում են վիտամին K, որը կարևոր դեր է խաղում արյան մակարդման համար, օգնում է ոսկորներին ինքավերականգնվել և նվազեցնում սրտային հիվանդությունների ռիսկը։ Պարունակում է նաև վիտամին C, որը կարևոր է օրգանիզմի դիմադրողականության ու առողջ մաշկի համար և վիտամին A, որը կարևոր է տեսողության համար։
Հարուստ է հակաօքսիդիչներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ՝ թույլ չտալով, որ դրանք վնաս հասցնեն բջիջներին ու հանգեցնեն տարբեր հիվանդությունների։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ համեմի սերմերը նշանակալիորեն նվազեցնում են արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, օգնում են կախնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, կարգավորել դաշտանային ցիկլը։
Համեմի սերմերն օգտագործում են թե՛ որպես համեմունք, թե՛ որպես դեղաբույս։ Ավելի տարածված է համեմի սերմերն օգտագործել աղացած մսագնդիկներ, ֆալաֆել, սոուսներ ու ապուրներ պատրաստելիս։ Մարսողությունը բարելավելու և միզուղիների բորբոքումները բուժելու համար խորհուրդ են տալիս խմել համեմի սերմերով թուրմ։
Քիմիոնի սերմեր
Քիմիոնի սերմերը պարունակում են հակաօքսիդիչներ, որոնք մաքրում են օրգանիզմն ազատ ռադիկալներից, պաշտպանում մաշկը ծերացումից։ Հետազոտության են ենթարկվել հայտնի համեմունքների և բույսերի հակաքաղցկեղային հատկանիշները, և արդյունքում պարզվել է, որ քիմիոնն ու բազիլն առաջատար են։
Սերմերը կարելի է ծամել հենց բնական ձևով. դա կօգնի կարգավորել մարսողությունը, կթողնի հակաբորբոքային ազդեցություն, կօգնի մրսածության ժամանակ։
Քիմիոնի սերմերից պատրաստված թեյն օգտագործում են աղիների լարվածությունը թուլացնելու, փքվածությունը հանելու, ախորժակը բարելավելու համար։ Թուրմով խորհուրդ է տրվում լվանալ յուղոտ մաշկը։ Սերմերով համեմում են մսային կերակրատեսակները, զարդարում աղցաններն ու հացերը։
Դե ինչ, արդեն պարզ է, որ սերմերն ընդհանուր առմամբ բուսական սպիտակուցների, առողջ ճարպերի ու դիետիկ մանրաթելերի հարուստ աղբյուր են, մաքրում են օրգանիզմը, բարելավում մարսողությունը, պայքարում հիվանդությունների դեմ։
Իսկ սերմերն առօրյայում կիրառելու տարբերակներն այնքան բազմազան ու հեշտ են, որ անհնար է ձանձրանալ կամ ժամանակ չգտնել։ Մենք նույնպես մեր ուտեստների մեջ օգտագործում ենք տարբեր սերմեր, ինչպես նաև բացառապես տեղական մսամթերք և առողջ հումք։ Լավագույն մթերքից պատրաստված մեր համեղ մենյուին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։