Ինչպես հաղթահարել սթրեսն ու ընկճվածությունը․ մի քանի պարզ քայլ լավ տրամադրության համար

Առօրյա կյանքում սթրեսի ենթարկվելն այնքան հեշտ է։ Սկսած լրահոսից մինչև ծանրաբեռնված աշխատանք կամ չստացված շփում սիրելի մարդու հետ, մեզ կարող են տանել դեպի բացասական էներգիայի ու մտքերի աշխարհ, որտեղ մեզ զգում ենք ընկճված ու անկարող։

Մասնագետները խորհուրդ են տալիս զբաղվել յոգայով, մեդիտացիայով, սպորտով, ընդունել առողջ սնունդ, բավարար ժամանակ հատկացնել քնին, խորը շնչել և այլն։ Բայց այս խորհուրդներն ընդհանրական են և կոնկրետ իրավիճակներում միգուցե արդյունավետ չլինեն։

Առանձնացրել ենք սթրեսի դրսևորման մի քանի ձևեր, որոնց հաճախ ենք առերեսվում և փորձել ենք առաջարկել դրանցից ազատվելու պարզ, հեշտ ու կոնկրետ քայլեր։

Սպասողական անհանգստություն

Երբ սպասում եք որևէ իրադարձության և այն չափից դուրս կարևոր է ձեզ համար, սպասողական ահանգստությունից խուսափելը մի փոքր դժվար է։ Այն կարող է առաջանալ, օրինակ, երբ պատրաստվում եք աշխատավայրում պրեզենտացիա ցուցադրել, համալսարանում քննություն հանձնել, ժամադրության գնալ։ Զգացողությունը կարող է առաջանալ նաև հենց այնպես, երբ, օրինակ, վախենում եք հնարավոր բնական աղետից, ամուսնալուծությունից, հարձակումից և այլն։

Նման իրավիճակում նախ անհրաժեշտ է վերադառնալ իրականություն և կենտրոնանալ տվյալ պահի հանգամանքների, թեկուզ անկարևոր մանրուքների վրա։ Օրինակ՝ եթե պատրաստվում էիք խանութ այցելել, աչքի անցկացրեք պահարաններն ու սառնարանը, հասկացեք, թե ինչ է պակասում, կազմեք առևտրի ցուցակ։ 

Եթե ամեն դեպքում մտքերը կրկին հանգիստ չեն տալիս, պատկերացրեք սպասվող իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ և մի ֆիքսվեք ամենավատ տարբերակի վրա։ 

Եվ վերջապես, սահմանափակեք անհանգստանալու համար նախատեսված ժամանակը։ Առանձնացրեք 10 րոպե, որի ընթացքում դուք կարող եք «լիարժեք անհանգստանալ» և մտածել վատագույն սցենարների մասին։ Դա կօգնի, որ մտածելու ողջ էներգիան ծախսեք այդ րոպեների ընթացքում և հանգիստ լինեք օրվա մնացած մասը։

Միայնություն և մեկուսացվածություն

Դուք միայնակ եք սկսում զգալ տարբեր իրավիճաների հետևանքով՝ տեղափոխություն նոր վայր, ամուսնալուծություն, հարազատ մարդու կորուստ։ Սկսվում է մի փուլ, երբ առհասարակ խուսափում եք շրջապատի հետ շփվելուց, հաղորդակցությունը չի ստացվում կամ պարզապես հայացքները շատ տարբեր են։ 

Ինչպե՞ս լրացնել միայնությունն ու գտնել ընկերակից։ Շփվե՛ք կենդանիների հետ, քանի որ դա ասոցացվում է հրճվանքի ու պարգևատրման զգացողության հետ։ Շան հետ զբոսնելը կամ կատվին անասնաբույժի մոտ տանելը հիանալի հնարավորություն են ոչ միայն երկուսով լինելու, այլ նաև այլ ընտանի կենդանիների տերերի հանդիպելու և նրանց հետ ընկերանալու համար։ 

Դժվար է միայնակ զգալ, երբ ունեք բազմաթիվ պլաններ ու անելիքներ։ Նախապես պլանավորեք ձեր օրը և այն լցրեք տարբեր զբաղմունքներով՝ ֆիզիկական վարժություններ, նախաճաշ, հեռախոսազանգ քրոջ կամ եղբոր հետ, ընթերցանություն։ Գրանցվեք խմբակային որևէ դասընթացի, որի շրջանակներում կանեք նաև թիմային աշխատանք։ Խմբի ղեկավարն իր հերթին կօգնի, որ ձեզ թիմի մաս զգաք և չմեկուսանաք։ 

Կարևորն այն է, որ ձեր օրը բաղկացած լինի ոչ թե պարտադրված, այլ սիրելի զբաղմունքներից, և դուք ձեզ չծանրաբեռնեք ոչ հաճելի մարդկանց հետ զրույցով։ Այդպիսով դուք ոչ միայն ժամանակ չեք ունենա միայնության վրա կենտրոնանալու համար, այլև կվայելեք օրվա յուրաքանչյուր պահը։

Անպետքության զգացողություն

Անպետքության զգացողություն ձեզ մոտ առաջանում է հավանաբար այն պատճառով, որ ունեք ցածր ինքնագնահատական։ Դուք չափից դուրս շատ եք կենտրոնանում սեփական սխալների վրա, անընդհատ համեմատվում եք այլոց հետ, ծանր եք տանում քննադատությունը, մտածում եք, որ արժանի չեք լավ կյանքի ու հաջողությունների։ 

Ինքներդ ձեզ մարտահրավեր նետեք և փորձեք կատարել բարդ առաջադրանք։ Մի ամաչեք օգնություն խնդրելուց, եթե դա կօգնի հասնել վերջնական նպատակին։ 

Երբ խոսքը վերածում եք գործի, լավ օր կամ ուղղակի լավ ինքնազգացողություն եք ունենում, տոնեք դա և պարգևատրեք ձեզ ինչ-որ մրցանակով։ 

Եվ վերջապես, ինչո՞ւ չդառանալ կամավոր և չհեռանալ եսակենտրոն մտքերից։ Տարեցների համար ժամանց կազմակեպելը, երեխաներին որևէ գիտելիք փոխանցելը, կազմակերպչական աշխատանքներ կատարելը հիանալի ու իրական ապացույց են, որ շատերն ունեն ձեր կարիքը և դուք իսկապես կարող եք փոխել նրանց կյանքը։

Մեղքի զգացողություն

Մեղքի զգացողությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ոմանք կարող են վատ զգալ խոստումը չպահելու, խաբելու կամ դավաճանելու պատճառով։ Այս դեպքում, իհարկե, մեղքի զգացողությունն արդարացված է։ Բայց ոմանք էլ չափազանց ծանր են տանում զուտ ընկերական հանդիպումը չեղարկելը, կոպիտ խոսելը, անտեղի բարկանալը։ 

Նախ պետք է սովորել ներել և կարեկցել ինքներդ ձեզ։ Չէ՞ որ, օրինակ, կոպիտ խոսելով կամ բարկանալով կյանքը չի ավարտվում, և մենք կարող ենք բացատրություն տալ կամ ներողություն խնդրել։ 

Բացի այդ, դուք հավանաբար շատ խիստ եք վերաբերում ինքներդ ձեզ։ Խոսեք մտերիմ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ և լսեք նրա օբյեկտիվ տեսակետը։ Նրանք ձեզ կօգնեն իրավիճակն այլ կերպ մեկնաբանել և թեթևության զգալ։ 

Բացասական մտքեր

Բացասական մտքերի աղբյուր է, օրինակ, ընթացիկ նորություններին հետևելը։ Ամենապարզ ճանապարհը լուրեր չկարդալն է, կեղծ կայքերի ու վստահություն չներշնչող էջերի չհավատալը։ 

Փորձեք տեղեկատվություն ստանալ այն թեմաների մասին, որոնց վրա կարող եք ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ եթե կարդում եք բնապահպանական որևէ խնդրի մասին, փորձեք գոնե տեղական մակարդակով բարի գործ անել բնության համար՝ տեսակավորել աղբը, գնել վերամշակված աղբից ստացված ապրանք, ծառ տնկել։ 

Եթե ամեն դեպքում վատ լուր եք կարդացել, անմիջապես հետո դրական որևէ լուր կարդացեք ու շեղեք մտքերը։ 

Հետաքրքրության կորուստ կյանքի նկատմամբ

Ամեն ինչի նկատմամբ ձեր հետաքրքրությունը կարող է անհետանալ տարբեր պատճառներով՝ բաժանում, հարազար մարդու կորուստ, ձանձրալի աշխատանք։ Չկան նպատակներ ու առաջընթացի ցանկություն, նախկինում հաճելի զբաղմունքներն այլևս չեն ուրախացնում։ 

Առաջին քայլն ինքներդ ձեր նկատմամբ հետաքրքրությունը վերականգնելն ու ինքնախնամքով զբաղվելն է։ Այն կարող է արտահայտվել գեղեցկության սրահ կամ մերսման կենտրոն այցելելով։ 

Կարգի բերեք ձեր միջավայրը, դասավորեք թափթփված դարակներն ու պահարանը, ավելորդ հագուստը հանձնեք բարեգործական հիմնադրամի, խնամեք տան կամ այգու բույսերը։ Այս գործողությունները կարող են թվալ շատ պարզ ու անօգուտ, բայց իրականում դրանք կօգնեն կարգուկանոն ստեղծել նաև ձեր մտքերում, վերագտնել հետաքրքրությունը նախկինում հաճելի զբաղմունքների նկատմամբ ու գտնել մոտիվացիա նոր ծրագրեր մշակելու համար։

Ճնշվածություն 

Ժամանակը չի հերիքում։ Ցանկանում եք հասցնել դասերը, գործերը, կենցաղային պարտականությունները, բայց չի ստացվում։ Մշտապես շտապում եք, ժամանակ չունեք ինքներդ ձեզ համար, մտքերը չեն հանգստանում, քանի որ չեք կողմնորոշվում՝ ինչպես ամեն ինչ հասցնել։ Արդյունքում առաջանում է ճնշվածության, գերհոգնածության զգացողություն։

Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ դուք խուսափում եք «ոչ» ասելուց և ժամանակ եք տրամադրում բոլորին ու ամեն ինչին։ Ստեղծեք ոչ-երի ցուցակ ձեզ համար և մերժեք այն առաջարկները, որոնք ձեզ ոչ հաճույք են բերում, ոչ օգուտ։

Մի՛ խուսափեք օգնություն խնդրելուց։ Կլինի դա ընտանիքի անդամից, գործընկերներից կամ ընկերներից։ Ֆիզիկական ու մտավոր առողջությունն առաջնահերթություն է, իսկ դուք միանշանակ ժամանակ կգտնեք լավությանը փոխադարձաբար պատասխանելու համար։

Ծուլությունը միշտ չէ, որ մեղք է։ Ժամանակ տրամադրեք ոչինչ չանելուն և երբ կարճ ժամանակով արհամարհեք ձեր խնդիրները, ձեր ենթագիտակցությունը կսկսի առաջարկել լուծումներ։

Հոռետեսություն

Ինչպես ասում է հատնի խոսքը՝ հոռետեսները յուրաքանչյուր հնարավորության մեջ տեսնում են դժվարություն, իսկ լավատեսները՝ յուրաքանչյուր դժվարության մեջ՝ հնարավորություն։

Կարելի է սկսել ձևակերպումների վրա աշխատելուց։ Օրինակ՝ ոչ թե «Պետք է գնամ բժշկի, այլ «Պետք է առողջական ստուգում անցնեմ»։ Ոչ թե «Ես երևի չեմ կարող, այլ «Ես կփորձեմ»։

Կենտրոնացեք լուծումների վրա, ոչ թե խնդիրների։ Այդպիսով մտքերի բացասական ուղղվածությունը կփոխվի դրականի։ Թեև վատատեսները չեն սիրում լավատեսների հետ շփվել, պետք է փորձել հայտնվել դրական միջավայրում և իրերին նայել նաև մյուս կողմից, հասկանալ լավատես մարդու մեկնաբանություններն ու փաստարկները։

Շնորհակալ լինելը մարդու մեծագույն արժանիքներից է։ Անկախ տվյալ օրվա ընթացքից՝ հիշեք, թե ինչ ունեք այդ պահին և ցանկացած իրավիճակում փորձեք կենտրոնանալ դրական կողմերի վրա։ 

Այս քայլերը կօգնեն ձեզ սթրեսի և ընկճվածության դեմ պայքարելու հարցում, բայց արդյունավետ պայքարի հիմքում նախ և առաջ ձեր առողջությունն է։ Վերջում ձեզ ներկայացնենք մի քանի պարզ գործողություն, որոնք կօգնեն ձեզ փոքր-ինչ թեթևացնել մտքերը ցանկացած իրավիճակում․ 

  • 20-30 րոպե զբոսնել, 
  • մարզասրահ կամ լողավազան այցելել, 
  • թեթև ֆիզիկական աշխատանք կատարել (տան մաքրություն, այգու կամ բակի խնամք), 
  • մինչև կեսգիշեր անկողին մտնել և 7-8 ժամ քնել,
  • համեղ, առողջարար ու թարմ սնունդ ընդունել։

Վերջին կետով հենց մենք կարող ենք ձեզ օգնել ձեզ մեր թարմ, համեղ ու բարձրորակ ուտեստներով՝ ամենատարբեր ճաշակի գուրմանների համար։ Ամբողջական մենյուին ծանոթացեք այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով