Ինչպե՞ս երեխաներին պատրաստել նոր ուսումնական տարվան

Երբ ամառը վերջանում է, և մոտենում է ուսումնական տարին, երեխաների մոտ սկսում են ի հայտ գալ հուսահատության նշանները։ Ծնողներն էլ իրենց հերթին են սկսում անհանգստանալ, թե ինչպես են երեխաներին տրամադրելու դպրոց գնալուն և առաջադրանքներ կատարելուն, ինչպես են կազմակերպելու նրանց օրը, ինչպես են հետ պահելու վատ սովորություններից և այլն։ 

Այս հոդվածով ծնողներին օգնելու ենք ուսումնական տարվան պատրաստվել նախօրոք և երեխաներին էլ օգնել սահուն ձևով կատարել այդ անցումը։ 

Տարրական դասարաններ

  1. Կատարե՛ք փորձնական այցելություններ

Մինչ ուսումնական տարվա սկսվելը երեխայի հետ այցելեք դպրոց և շրջեք տարածքում։ Եթե դպրոցն ունի խաղահրապարակ, ապա այնտեղ կազմակերպեք խաղային ժամանց։ Մինչև արձակուրդների ավարտն արդեն իսկ դպրոցը կասոցացվի դրական տպավորությունների ու հիշողությունների հետ։ Եթե դպրոցը նոր է, ապա երեխային ծանոթացրեք դպրոցի ճաշարանի, բուժկետի, լվացարանի, գրադարանի և այլ սենյակների հետ։ 

  1. Տոնե՛ք ուսումնական տարվա սկիզբը

Ուսումնական տարին համեղ ուտեստներով, քաղցրեղենով սկսելը երեխայի մոտ կառաջացնի զգացողություն, որ սա դրական, ցանկալի փոխակերպում է։ Եթե երեխան ունի դպրոցական ընկերներ, ապա նրանց անպայման հրավիրեք խնջույքին։ Մի մոռացեք խնջույքն ամփոփել փոքրիկ նվերներով, որոնք կարող են լինել կրթական տեսակի՝ գրքեր, խաչբառեր, զարգացնող խաղեր։ 

Թե՛ մեծ, թե՛ փոքր առիթների համար կարող եք պատվիրել տեղական թարմ բաղադրիչներից պատրաստված որակյալ սնունդ Foody-ի ճաշացանկից։ Մենք պատրաստում և առաքում ենք թե՛ երեխաների ամենասիրելի պիցցաներն ու հավի թևիկները, թե՛ ավելի առողջ ուտեստներ, որոնք կլրացնեն երեխաների մոտ բազմաթիվ վիտամինների ու հանքանյութերի պաշարը։

  1. Խոսե՛ք անվտանգության կաննոների մասին

6-8 տարեկան դպրոցականներին հիմնականում ծնողներն են տանում դպրոց և բերում տուն, բայց կարևոր է երեխաների հետ երթևեկության և անվտանգության կանոնների մասին խոսելը։ Օրինակ՝ նշեք, որ փողոցն անցնելիս պարտադիր է անցումներից օգտվելը, աջ և ձախ կողմերը ստուգելը, անծանոթ ճանապարհներով չքայլելը։ Նաև անհրաժեշտ է հեռու մնալ օտար մարդկանցից, զգույշ լինել նրանց հետ խոսելիս։

  1. Խոսե՛ք հիգիենայի կանոնների մասին

Դեռ շատ վաղ տարիքից երեխաներին պետք է փորձել բացատրել հիգիենայի կանոնները, իսկ դպրոցական տարիքում դա արդեն պետք է լինի ապրելակերպ։ Երեխաներին պետք է սովորեցնել, որ դպրոցում սնունդ ընդունելուց առաջ պարտադիր է ձեռքերը լվանալ և սրբվել։ Խուսափել հասարակական լվացարաններին և պետքարաններին դիպչելուց։ Եղունգները չկրծել և մատները չդնել բերանում։ Տուն մտնելուց անմիջապես հետո ձեռքերը լվանալ և նոր միայն դիպչել սննդին կամ կենցաղային իրերին։ 

Այս կանոնները նշելուց բացի անհրաժեշտ է նաև բացատրել հնարավոր հետևանքները, օրինակ ծառայել սեփական ապրելակերպով և մշտապես հետևել, որպեսզի երեխան չշեղվի այս կանոններից։

  1. Սովորեցրե՛ք հեռու մնալ անառողջ սննդից

Հայաստանի դպրոցների բուֆետներում հիմնականում կարելի է գտնել անառողջ սնունդ՝ բուլկիներ, կարկանդակներ, չիպսեր, կոնֆետներ, գազավորված ըմպելիքներ, որոնք ոչ մի ձևով չեն նպաստում երեխաների մոտ ուշադրության կենտրոնացմանը, էներգիայի կուտակմանը, ուղեղի աշխատանքի բարելավմանը։ Իսկ դպրոցում նրանց անհրաժեշտ է հենց էներգիա, ուշադրություն և թարմ ուղեղ։ 

Վաղ տարիքից նվազեցրեք անառողջ սննդի նկատմամբ հետաքրքրությունը։ Այդ նպատակով կիրառում են տարբեր մեթոդներ։ Օրինակ՝ ծնողներն իրենք են տանը պատրաստում  բուրգերներ, շաուրմաներ կամ երեխաներին ներգրավում են ուտեստ պատրաստելու գործընթացի մեջ՝ ձու կոտրել, որևէ մթերք կտրատել և այլն։

Գիտակցությունը ձևավորելուց բացի անհրաժեշտ է, այսպես ասած, տեղ չթողնել բուֆետի կամ խանութի անառողջ սննդից օգտվելու համար։ Կախված այն փաստից, թե դպրոցում ինչպիսին են սնվելու պայմանները, երեխայի պայուսակում ամեն օր դրեք  թեթև սնունդ ընդմիջման համար։ Որպեսզի երեխան իրեն մեկուսած չզգա, ապա փոքր չափաբաժին առանձնացրեք նաև երեխայի 1-2 մտերիմ դասընկերների համար։

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս երեխային հեռու պահել անառողջ սննդից

Միջին դասարաններ

  1. Վերականգնե՛ք ռեժիմը 2 շաբաթ շուտ

Երեխաներին ժամանակ է պետք նոր կենսակերպին ընտելանալու համար։ Այդ պատճառով 2 շաբաթ առաջ արդեն նախապատրաստեք նրանց շուտ քնելուն և առավոտյան զարթուցիչի ձայնից արթնանալուն։ Նաև փորձեք նախաճաշ մատուցել այն ժամին, երբ երեխաները սովորաբար նախաճաշում են դպրոցական օրերին։ 

  1. Առանձնացրե՛ք գրքերի և ֆիլմերի ցանկ

Ամառը հնարավորություն է տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել ոչ ֆորմալ կրթության տարբեր տեսակներին, որոնց թվին են պատկանում նաև գրքեր կարդալն ու ֆիլմեր դիտելը։ Ուսումնական տարվա բեռը թեթևացնելու համար հիանալի տարբերակ է հասկանալ, թե ինչպիսին է լինելու երեխայի ուսումնական ծրագիրը տարբեր առարկաներից։ Այնուհետև կարող եք այդ ծրագրից առանձին թեմաներ ընդգրկել նրա առօրյայում, որպեսզի ստեղծեք հետաքրքրություն և արդեն որոշակի գիտելիքներով ուղարկեք դպրոց։

Օրինակ՝ եթե գիտեք, որ երեխան այդ տարի գրականության շրջանակներում ուսումնասիրելու է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները, ապա նախապես միասին դիտեք «Աշնան արև» ֆիլմը և քննարկեք։

  1. Բարձրացրե՛ք երեխաների անկախության մակարդակը

9-16 տարեկանում երեխաներն արդեն այն տարիքում են, որ կարող են կարծիք արտահայտել նոր հագուստ, կոշիկ, դպրոցական պարագաներ ընտրելիս։ Նրանց կարող եք ներգրավել նախադպրոցական առևտրի մեջ, ինչը կօգնի երեխաների մոտ ոգևորություն առաջացնել, տալ կարծիքն արտահայտելու և որոշում կայացնելու հնարավորություն։ Տարիքին համապատասխան փոքր հանձնարարություններ կարող եք տալ նաև տանը, որպեսզի նրանց մոտ զարգացնեք անկախության ու ինքնավստահության զգացումները։

  1. Կիսվե՛ք ձեր դպրոցական պատմություններով

Չափազանց կարևոր է, որ երեխան ձեզ լսի և վստահի, չվախենա հաղորդակցվելուց։ Այս առումով դուք ինքներդ կարող եք քայլ անել ու կիսվել ձեր դպրոցական պատմություններով, որպեսզի առաջացնեք հետաքրքրություն ու ցրեք վախերը։ Նշեք, որ դպրոցի առաջին օրերը բարդ են նույնիսկ ուսուցիչների համար, բայց կարճ ժամանակում դասընկերների և ուսուցիչների միջև առաջանում է մտերմություն, իսկ անհանգստությունները կորչում են։

  1. Ստեղծե՛ք սովորելու հարմարավետ անկյուն

Տանն առանձնացրեք փոքր անկյուն, որը նախատեսված կլինի տնային առաջադրանքները կատարելու համար։ Պարտադիր չէ, որ այն լինի մեծ ու հատուկ ձևով կահավորված, բայց պետք է լինի հարմարավետ, լավ լուսավորված և, իհարկե, տան աղմուկից (հեռուստացույց, հեռախոսազանգեր, հյուրեր) առանձին։ 

Կարդացեք նաև․ Զարգացման և ֆիքսված մտածելակերպ․ ինչպես երեխայի մոտ խթանել զարգացման մտածելակերպը

Ավագ դասարաններ

  1. Խրախուսե՛ք պատրաստել սեփական միջուտեստը

Ավագ դասարանների սովորողներն արդեն ոչ միայն ավելի լավ են պատկերացնում առողջ սնվելու առավելությունները, այլ նաև կարող են ինքնուրույն սնունդ պատրաստել։ Խրախուսեք և օգնեք նրանց այդ հարցում՝ առաջարկելով գնալ առևտրի և ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները։ Ինքներդ գտեք հեշտ, շուտ չփչացող և տեղափոխելու համար հարմար միջուտեստների բաղադրատոմսեր։ 

  1. Ուսումնասիրե՛ք համալսարանական բաժինների տարբերակները

Համալսարաններով հետաքրքրվելու գործընթացը պետք է սկսվի ոչ թե 12-րդ դասարանի վերջին կիսամյակում, այլ հենց 10-11-րդ դասարաններում։ Իմացեք ավելին ձեր երեխայի հետաքրքրությունների և նպատակների մասին ու փորձեք ուղղորդել, թե ուր դիմել, որ առարկաների վրա ուշադրություն դարձնել, որ համալսարաններն ուսումնասիրել։ 

Խորհուրդ տվեք նրանց առանձին ժամանակ հատկացնել դպրոցական դասերին և ադմինիստրատիվ աշխատանքներին՝ ընդունելության ընթացակարգերի ուսումնասիրություն, կրթաթոշաների փնտրտուք և այլն։

  1. Ցո՛ւյց տվեք ակտիվ լինելու առավելությունները

Պետք չէ սպասել համալսարական տարիներին, որպեսզի երեխան ակտիվորեն մասնակցի կամավորական աշխատանքների, նախագծերի, միջոցառումների։ Օգնեք նրան գտնել սեփական հետաքրքրություններին համապատասխան դասընթացներ, միջոցառումների, սեմինարներ, որոնք կզարգացնեն հաղորդակցվելու և հարաբերություններ կառուցելու հմտությունները, երեխային կդարձեն ավելի ակտիվ ու նախաձեռնող։

Հուսով ենք, որ մեր հոդվածը ձեզ և ձեր երեխաներին կօգնի ավելի թեթև անցկացնել ամռան վերջին օրերն ու մեծ էներգիայով լցվել նոր ուսումնական տարվանն ընդառաջ։ Քանի դեռ ամառն այստեղ է, առաջարկում ենք կարդալ նաև մեր մյուս հոդվածը․ Ինչպե՞ս կազմակերպել երեխայի ամառային արձակուրդը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով