Նշում․ Առաջարկում ենք հոդվածը կարդալ մինչև վերջ, քանի որ հատուկ հարցազրույց է սպասվում սննդագետ Դավիթ Պիպոյանի հետ
Հնագույն ժամանակներից մարդիկ փորձել են երկարացնել մթերքի պիտանիության ժամկետը և պահպանել սկզբնական որակները։ Այդ նպատակով մթերքը չորացրել են, սառեցրել, ավելի ուշ նաև պահածոյացրել, ապխտել և այլն։
Մթերքի մեջ սննդային հավելումներ ավելացնելը պահպանման ժամկետը երկարացնելու և որակները պահպանելու տարբերակ է, ինչի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը միանշանակ չէ։
Միգուցե դուք էլ եք մտածում, որ սննդային հավելումները պարզապես չարիք են և առաջացնում են հիվանդություններ։ Բայց մի՞թե դա ճշմարտություն է և հնարավո՞ր է արդյոք լիովին հրաժարվել սննդային հավելումներ պարունակող սննդից։
Եկեք սկսենք ամենասկզբից։
Ի՞նչ է սննդային հավելումը
Սննդային հավելում է ցանկացած նյութ (կամ նյութերի խառնուրդ), անկախ դրա սննդային արժեքից, որը սովորաբար անմիջականորեն սննդամթերքում չի օգտագործվում կամ սննդամթերքի բաղադրիչ չի համարվում, և, որը տեխնոլոգիական նպատակով կանխամտածված ներառվում է սննդամթերքի բաղադրության մեջ` սննդամթերքի արտադրության, վերամշակման, պատրաստման, մշակման, փաթեթավորման, փոխադրման կամ պահպանման համար։
Ըստ կատեգորիայի՝ սննդային հավելումները լինում են
- հակագնդիկացնող
- խոնավություն պահպանող
- դոնդողացնող
- թանձրացնող
- պահածոյացնող (E200-299)
- թթվայնություն կարգավորող (E300-399)
- ներկող (E100-199)
- լցոնող
- քաղցրացնող (E900-999)
- կայունացնող
- համ/բույր ուժեղացնող
- պնդեցնող
- գույն կայունացնող և այլն
Ապրանքի բաղադրության մեջ սննդային հավելումը կարելի է նշել կա՛մ անվանումով (օրինակ՝ բենզոյական թթու), կա՛մ E տառից ու թվերից բաղկացած կոդով (օրինակ՝ E210):
Օրինակ՝ մսամթերքի արտադրության մեջ հաճախ է օգտագործվում նատրիումի նիտրիտը (E250), որը կանխում է մթերքի ներսում բակտերիաների աճը և երկարացնում պիտանիության ժամկետը։ Մսամթերքի արտադրության մեջ օգտագործվում է նաև ասկորբինաթթու (E300), որը բոլորիս հայտնի վիտամին C-ն է։ Այն իր հակաօքսիդացնող հատկությունների շնորհիվ օգնում է վերականգնել հին, ժամկետանց մսի գույնն ու տեսքը։
Բենզոյական թթուն նույնպես պահածոյացնող նյութ է և օգտագործվում է հատկապես գազավորված ըմպելիքների մեջ։
Չիփսերի, արագ պատրաստվող ապուրների, պահածոների մեջ կիրառում են նատրիումի գլուտամատ (E621):
Նատրիումի նիտրիտը թեև անվնաս է, բենզոյական թթուն դասվում է քաղցկեղածին նյութերի շարքին։
Այժմ եկեք հասկանանք, թե մթերք գնելիս ինչպես կողմնորոշվել խանութում, ինչպես ստանալ հավաստի տեղեկություն այս կամ այն բաղադրիչի վերաբերյալ և ինչպես մեր սննդակարգը դարձնել հնարավորինս առողջ։
Ուշադրությո՛ւն դարձրեք ապրանքի փաթեթավորմանը
Այստեղ որոշիչ է հենց սպառողների դերն ու իրազեկվածությունը։ Օրինակ՝ լիմոնադի շշի վրա հեշտությամբ կարելի է կարդալ հետևյալ արտահայտությունը․ «Պարունակում է ներկանյութ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների ակտիվության և ուշադրության վրա»։ Կամ շոկոլադե սալիկ գնելիս կարելի է հանդիպել այս նախազգուշացումը․ «Պարունակում է սորբիտային օշարակ, որը չարաշահելու դեպքում կարող է թողնել լուծողական ազդեցություն»։
Սպառողը կարող է տրամադրել մի քանի վայրկյան, ծանոթանալ նախազգուշացմանը և որոշել՝ ցանկանում է գնել այդ մթերքը, թե ոչ։
Սահմանափակե՛ք որոշ մթերքի օգտագործումը
Ամենավնասակար մթերքի ցանկն ունի մոտավորապես այս տեսքը՝
- մսամթերք (երշիկ, նրբերշիկ և այլն),
- կոնֆետներ, թխվածքաբլիթներ,
- գազավորված ըմպելիքներ,
- գործարանային կիսաֆաբրիկատներ,
- չիփսեր, չորահացեր (три корочки),
- սոուսներ
Թեև այս մթերքները պարունակում են սննդային հավելումներ, դրանց վնասակարության աղբյուրը ոչ թե հենց սննդային հավելումներն են, այլ հիմնականում շաքարն ու ճարպը։ Եթե շաքարին ու ճարպին գումարվում է ալերգիա, չարորակ ուռուցք կամ հիվանդություն առաջացնող սննդային հավելում, ապա այդ դեպքում արդեն վնասակարության բաժինը պատկանում է սննդային հավելմանը։
Որոշ ապրանքներից հնարավոր է ընտրել չարյաց փոքրագույնը, իսկ որոշներն անհրաժեշտ է պարզապես բացառել մեր սննդակարգից։ Օրինակ՝ խոզի մսից պատրաստված խոզապուխտը կամ բուժենինան համեմատաբար ավելի լավ բաղադրություն ունեն, քան նրբերշիկներն ու երշիկները, որոնց մեջ մսի չափաբաժինը շատ չնչին է կամ ուղղակի բացակայում է։ Իսկ չիփսերն ու չորահացերն ավելի լավ է ընդհանրապես հանել սննդակարգից կամ փոխարինել տանը պատրաստված տարբերակներով։
Կարդացեք նաև՝ Ի՞նչ միս ենք օգտագործում և որքա՞ն վտանգավոր է ներկրված սառեցված միսը
Խուսափեք վտանգավոր սննդային հավելումներից
Ինչպես նշեցինք՝ գոյություն ունեն սննդային հավելումների բազմաթիվ կատեգորիաներ։ Հետևաբար չենք կարող ասել, որ բոլոր սննդային հավելումներն ունեն նույն ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և հավասարապես վնասակար են։
Առաջարկում ենք ծանոթանալ ստորև նշված ցանկին, որտեղ առանձնացրել ենք առողջության համար վտանգավոր սննդային հավելումների անվանումները։
- Չարորակ ուռուցքներ են առաջացնում՝ ներկանյութեր E103, E105, E121, E123, E130, E131, E142, E152, պահածոյացնող նյութեր E210, E211, E213-217, E240, էմուլգատոր E447
- Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ են առաջացնում՝ պահածոյացնող նյութեր E221-226, թթվայնության կարգավորիչներ E320-322, E338-341, էմուլգատորներ E407, E450, E461-466
- Ալերգիաներ են առաջացնում՝ պահածոյացնող նյութեր E230-232, E239, էմուլգատորներ E311-313
- Լյարդի և երիկամների հիվանդություններ են առաջացնում՝ ներկանյութեր E171-173, թթվայնության կարգավորիչներ E320-322
Այստեղ կարևոր է իմանալ, որ այս կամ այն սննդային հավելման վերաբերյալ մոտեցումները կարող են տարբեր լինել՝ կախված տվյալ երկրի օրենսդրությունից։ Օրինակ՝ տիտանի երկօքսիդը (E171), որը ներկանյութ է և օգտագործվում է ապուրների, արգանակների, սոուսների մեջ, արգելված է Եվրամիության տարածում, սակայն թույլատրելի է ԱՄՆ-ում և Կանադայում։
Գնումնե՛ր կատարեք վստահելի գործարաններից
Եթե խանութում առկա խմորեղենից կարելի է ամբողջությամբ հրաժարվել և պատրաստել տանը, ապա մսամթերքի և կաթնամթերքի դեպքում դա դժվար է պատկերացնել։ Խոզապուխտ, նրբերշիկ, կաթ գնելիս ուզած-չուզած օգտվում ենք որևէ գործարանի արտադրանքից։
Այս պարագայում շատ կարևոր է վերանայել, թե որ գործարանի արտադրանքն ենք մենք գնում։ Արդյո՞ք վստահում ենք նրանց, ունե՞նք հավաստի տվյալներ, որ այդ գործարանում պահպանում են անվտանգության ու մաքրության կանոնները, ունե՞նք ծանոթներ այդ գործարանում, ովքեր կարող են մեզ իրազեկել։
Բացի այդ՝ փորձեք գնումներ կատարել այն արտադրողներից, որոնց ապրանքի վրա առկա է ISO 22000 գրառումը։ Դա միջազգային ստադարտ է, որը կարգավորում է սննդամթերքի անվտանգության պահպանումը։
Իրազեկվեք՝ օգտվելով հավաստի աղբյուրներից
Սննդային հավելումների մասին կարդալիս շատ հեշտ է խճճվել և չհասկանալ՝ ինչն է իսկապես վտանգավոր առողջության համար, ինչն է պարզապես մարքեթինգային քայլ՝ մարդկանց մեջ վախ տարածելու և ավելի թանկ ապրանքի գինն արդարացնելու համար։ Կարևոր է հասկանալ, թե այս կամ այն փաստարկի հեղինակը ով է։
Օրինակ՝ եթե լսում ենք քիմիկ-տեխնոլոգի կամ ֆլեյվորիստի, ապա նա հավանաբար կնշի, որ սննդային հավելումները տեխնոլոգիական նվաճում և մեծ առաջընթաց են մարդկության համար։
Եթե լսենք մարքեթոլոգի, ապա նա հավանաբար կչափազանցի՝ նշելով, որ բոլոր հիվանդությունների ու քաշի ավելացման աղբյուրը սննդային հավելումներն են և կառաջարկի գնել մի քանի անգամ թանկ օրգանիկ-բուսական-առանց շաքար-առանց գլյուտեն-հումակերական մթերք։
Այս կամ այն սննդային հավելումն ուսումնասիրելիս տեղեկություն փնտրեք անկախ աղբյուրների մոտ։ Օրինակ՝ հավանաբար բազմաթիվ բացասական կարծիքներ եք լսել ասպարտամի մասին (E951), որը շաքարի փոխարինիչ է և մոտ 200 անգամ ավելի քաղցր է, քան շաքարը։
Ասպարտամի բացահայտումից հետո շաքար արտադրող ընկերությունները սկսեցին հովանավորել զեկույցեր, որոնցում շաքարի փոխարինիչը ներկայացվում էր որպես թունավոր, քաղցկեղածին նյութ։ Պարզ է, թե ինչ նպատակով։ Իրականում ասպարտամի վտանգավորությունն այդպես էլ չապացուցվեց որևէ գիտական հետազոտությամբ։
Սննդային հավելումների թեման կարելի է երկար շարունակել։ Հատուկ մեր ընթերցողների համար մենք պատրաստել ենք փոքրիկ հարցազրույց սննդագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի «Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա-վերլուծական կենտրոն»-ի աշխատակից Դավիթ Պիպոյանի հետ։
Հուսով ենք, որ հարցազրույցը ձեզ կօգնի սպառիչ պատասխաններ գտնել հետաքրքրող հարցերին և ավելի կամբողջացնի ձեր գիտելիքները թեմայի վերաբերյալ։
- Սննդային հավելումները նվազեցնո՞ւմ են մթերքի օգտակար հատկությունները, վիտամինների և հանքանյութերի քանակը։
Ապրանքի սննդային և կենսաբանական արժեքը նախ պայմանավորված է առկա մակրո և միկրո սնուցիչներով, ինչպես նաև էական ազդեցություն է թողնում այն, թե ինչ ջերմային պրոցեսներ է անցել ապրանքը։ Կարող ենք ունենալ ապրանք, որը սննդային հավելում չի պարունակում, բայց սննդային և կենսաբանական շատ ցածր արժեք ունի, և հակառակը, օգտագործվել է սննդային հավելում, բայց կենսաբանական և էներգետիկ արժեքը բարձր է։
Օրինակ՝ երբ խոսում ենք պահածոյի մասին, անգամ եթե սննդային հավելում ավելացված չէ, պահածոն և թարմ բանջարեղենը չեն կարող ունենալ նույն ֆունկցիոնալ հատկանիշները։ Ջերմամշակման գործընթացը, ջերմաստիճանը, ավելացված բաղադրիչները այնքան մեծ ազդեցություն ունեն, որ միայն սննդային հավելումներով չենք կարող որոշել մթերքի վերջնական կենսաբանական արժեքը։
- Գոյություն ունի՞ սննդային հավելումներ պարունակող մթերքի սպառման օրական թույլատրելի քանակ։
Շատ կարևոր է, որ մենք ունենանք բազմազանեցված սննդակարգ։ Իսկ այն մթերքը, որը օգտագործում ենք ամենօրյա կտրվածքով, օգտագործենք փոքր չափաբաժիններով։ Երբ մեկ տեսակի սննդամթերք սկսում ենք օգտագործել շատ հաճախ ու մեծ քանակով, ենթարկվում ենք տվյալ մթերքում առկա սննդային հավելման, աղտոտիչի, հակաբիոտիկի ազդեցությանը, որոնք քրոնիկ ռիսկեր են պարունակում, այսինքն մարդու օրգանիզմի վրա բացասական ազդեցություն են թողնում։
- Հնարավո՞ր է հրաժարվել սննդային հավելումներ պարունակող մթերքից։
21-րդ դարում, ցավոք սրտի, և Հայաստանը բացառություն չէ, եթե գնանք խանութ, ինչ ձեռք բերենք՝ պահածո, կաթնամթերք, մսամթերք, կնկատենք, որ արտադրողները չեն կարող ձեռնպահ մնալ սննդային հավելումների օգտագործումից։ Օրգանիկ մթերքում չի թույլատրվում օգտագործել սինթետիկ կամ քիմիական ծագման սննդային հավելումներ, բայց նման մթերքն ունի պահպանման կարճ ժամկետ և բարձր գին։ Միայն շատ զարգացած երկրների շատ ապահով քաղաքացիներ կարող են օգտվել նման արտադրանքից։ Շարքային քաղաքացին չի կարող հրաժարվել սննդային հավելումներ պարունակող մթերքից։
- Ինչպե՞ս խուսափել սննդային հավելում պարունակող միրգ-բանջարեղենից։
Մրգերի և բանջարեղենի արտադրության ոլորտում ավելի շատ կիրառում են ոչ թե սննդային հավելումներ, այլ թունաքիմիկատներ։ Օրինակ՝ եթե ապրանքը պետք է տեղափոխվի երկրից երկիր, այն պատում են հակասնկային տարբեր նյութերով։ Շատ կարևոր դեր և նշանակություն ունի տան պայմաններում պատշաճ վերամշակումը։ Մանավորապես եթե ուզում ենք նվազեցնել թունաքիմիկատի կամ սննդային հավելման ազդեցությունը, պետք է տանը պատրաստել թույլ քացախաջուր, միրգ-բանջարեղենը զետեղել 30-60 րոպե, որից հետո լվանալ սառը ջրով և օգտագործել։
- Ի՞նչ հետևանքներ է թողնում հավելումներով սննդի երկարաժամկետ ու մեծ չափաբաժիններով օգտագործումը ընդհանուր առողջության վրա:
Շատ կարևոր խնդիր կա՝ դա թույլատրելի և արգելված սննդային հավելումների ցանկն է և այդ ցանկով պատշաճ վերահսկողության սահմանումը, ինչպես նաև պետական մակարդակով սննդային հավելումների մնացորդային քանակների ռիսկի գնահատման իրականացումը։
Ցավոք սրտի՝ Հայաստանում նմանատիպ հետազոտություններ պետական մասշտաբով չեն իրականացվում, ինչը շատ կարևոր հանրային առողջապահական նշանակություն ունի, որպեսզի մենք հասկանանք՝ երկրում կա արդյոք արգելված սննդային հավելումների կիրառություն։ Երբ սննդային հավելումն արգելվում է, ապա առողջության համար հստակ բացասական ազդեցություն պետք է արձանագրված լինի պատկան մարմնինների կամ առողջապահական մարմինների կողմից։
Ինչպես նկատեցիք՝ սննդային հավելումներով մթերքից զերծ մնալը բավականին անիրատեսական է։ Բայց հնարավոր է բազմազան ու հավասարակշռված սննդակարգի միջոցով ստանալ օրգանիզմի համար կենսական տարրերը և նվազագույնի հասցնել վնասակար բաղադրիչների ազդեցությունը։
Foody-ում բացառված է ցանկացած տեսակի սննդային հավելումների կիրառումը։ Մենք օգտագործում ենք տեղական թարմ միս, կաթնամթերք ու բանջարեղեն՝ համագործակցելով միայն այն արտադրողների հետ, ում ճանաչում և վստահում ենք։
Ներկրված ապրանքներ օգտագործում ենք այն դեպքում, երբ համոզված ենք, որ որակական հատկանիշներով այն գերազանցում է տեղականին (օրինակ՝ President կարագ)։
Foody-ի խոհանոցի կիսաֆաբրիկատները նույնպես պատրաստվում են տեղական թարմ մսից ու առանց հավելումների և ունեն պահպանման կարճ ժամկետ՝ առավելագույնը 15 օր սառցախցիկում։ Մենք երբեք չենք թաքցնում որևէ բաղադրիչների կիրառություն սննդամթերքում, միշտ ներկայացնում ենք իրական բաղադրությունները և պատրաստ ենք պատասխանել հաճախորդի բոլոր հարցերին։ Ի դեպ՝ Foody-ի կիսապատրաստի պիցցաները, որոնք նույնպես չեն պարունակում կոնսերվանտներ, կարող եք ձեռք բերել նաև սուպերմարկետներից։
Մեր պատրաստի ճաշացանկին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ կիսապատրաստիին՝ այստեղ: