Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկի տոնը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, այսինքն` մարտի 21-ից ապրիլի 25-ն ընկած այն կիրակի օրը, որը կհաջորդի առաջին լուսնի լրմանը: Զատիկի տոնի 35-օրյա շարժականությամբ են պայմանավորված տոնացույցի մյուս շարժական տոները, ինչպես Համբարձման, Պայծառակերպության (Վարդավառ) և այլն։
![](https://foody.am/blog/wp-content/uploads/2024/03/photo_5204023706207245890_x.jpg)
Տոնի եկեղեցական անունը՝ Հարություն, լիարժեք արտահայտում է գարնանային այս տոնի թե՛ եկեղեցական եւ թե՛ ժողովրդական բովանդակությունը: Ըստ եկեղեցական տոնացույցի՝ այդ օրը նշվում է Քրիստոսի հարություն առնելու հրաշքը: Ժողովրդական տոնահանդեսի հիմքում ընկած է այն իրողությունը, որ հայ ժողովուրդը, աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման, վաղնջական ժամանակներից գարնանային գիշերահավասարին նշել է ձմռան ցրտերին հաջորդող բնության «հարությունը», վերազարթոնքը ու հավերժության ամենամեծ խորհուրդը։ Հետագայի տոմարական փոփոխությունները փոփոխություններ են բերել նաև տոնացույցում, սակայն բնության երևույթը նշելու ավանդականությունը գոյատևել է։ ։ Զատիկին նախորդող Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա տոնական հանդիսությունները հարություն առնող կյանքի խորհրդանշական հավաստումն էին, իսկ բուն Զատիկն արդեն զարթոնքի ու հարության կատարված փաստի արձանագրումը։
![](https://foody.am/blog/wp-content/uploads/2024/03/photo_5197450958840387313_w-2.jpg)
Մեծ պասի ինքնամաքրումով մարդիկ նոր որակով, ֆիզիկապես ու բարոյապես մաքրված, նոր կյանք էին սկսում, և այդ նոր կյանքի խորհրդանշական մուտքը կատարվում էր հավերժության խորհրդանիշ ձվի ճաշակումով։ Զատիկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն Հարության և նոր կյանքի խորհրդանիշն է: Թելերով փնջվող, ուլունքազարդ, նկարազարդվող և այլ ձևերով զարդարվող ձվերը ժողովրդական ստեղծագործության, անսպառ երևակայության դրսևորման լավագույն ձևերից էին։
![](https://foody.am/blog/wp-content/uploads/2024/03/photo_5204023706207245882_x.jpg)
Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի»: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողություններն սկսվում են շաբաթ եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ՝ նվիրված Քրիստոսի հարությանը, որով վերջ էր դրվում յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանին: Կիրակի առավոտյան պատարագ էր մատուցվում, որի ընթացքում հավատացյալները Սուրբ Հաղորդություն են ստանում:
Այդ ժամանակ էլ կատարվում էր զատկական մատաղի հանդիսությունը: Ձուն ամենակարևոր տեղն էր գրավում զատկական տոնի սեղանին, բայց նաև կան այլ կերակրատեսակներ, ինչպիսին են` ղափաման, տապակած բանջարը, սպանախը, չամիչով փլավը, ձուկը և այլն: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, իսկ պատասխանն է. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: