Հայկական 16 ուտելի կանաչիներից քանի՞սն եք դուք փորձել

Հայկական խոհանոցի ուտեստներն աչքի են ընկնում բարձր համեմվածությամբ ու հարուստ համով։ Պատճառներից մեկը Հայաստանի կլիմայական պայմաններն են, որոնք թույլ են տալիս համտեսել զանազան վայրի կանաչիներ և ուտեստներին հաղորդել թե՛ անկրկնելի համ, թե՛ բարձր օգտակարություն։

Այս հոդվածում պատմելու ենք Հայաստանում աճող 10-ից ավելի կանաչիների մասին, խոսելու ենք դրանց տարածվածության, օգտակար հատկությունների մասին և իհարկե կիսվելու ենք բաղադրատոմսերով։

Սիբեխ (սվեղ, սագի տոտիկ, լատ.՝ Falcaria)

ՀՀ-ում տարածված է սիբեխի երկու տեսակ՝ սովորական և սիբեխանման։ Սովորական սիբեխն աճում է գրեթե բոլոր մարզերում, իսկ սիբեխանմանը՝ Արարատ քաղաքի շրջակայքում և Մեծամոր գետի ափերին։ 

Սիբեխը պարունակում է վիտամին C, եթերային յուղեր, թաղանթանյութ ու հանքային աղեր։ Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործում են վերքերն ապաքինելու և արնահոսությունը կանգնեցնելու նպատակով։ Ներքին օգտագործումն օգնում է ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ՝ ծառայելով որպես միզամուղ։ 

Սիբեխի տերևներն ու ընձյուղները սննդի մեջ օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած վիճակում։ Թարմ սիբեխով մասնավորապես  պատրաստում են բրնձապուր, կաթնապուր, բլղուրով ապուր, աղցան։ Իսկ օրինակ Foody-ի խոհարարները տապակում են սիբեխ երկու տարբերակով՝ ձվով կամ սոխով՝ օգտագործելով բարձրորակ կարագ և անուշաբույր համեմունքներ։

Շուշան (լատ.՝ Lilium)

ՀՀ-ում հանդիպում է շուշանի երկու տեսակ՝ Շովիցի և հայկական։ Աճում է Կոտայքի, Լուռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ 

Շուշանն օժտված է միզամուղ, ցավազրկող և թարմեցնող հատկություններով։ Արմատներից ստացված թուրմերն օգտագործում են որպես արգանդի արնահոսությունը կանգնեցնող և ցավազրկող միջոց։

Foody-ի հմուտ խոհրարաներն առաջարկում են փորձել տապակած շուշան երկու բաղադրատոմսով՝ սոխով կամ ձվով՝ պատրաստված բարձրորակ կարագով ու անուշաբույր համեմունքներով։ Ուտում են նաև թթու դրած վիճակում։

Մանդակ (լատ.՝ Astrodaucus)

ՀՀ-ում հանդիպում է երկու տեսակ՝ արևելյան և պարսկական։ Աճում է գրեթե բոլոր մարզերում։

Պարունակում է վիտամիններ B1, B2, PP, կարոտին, եթերայուղեր, ալկալոիդներ։ Արմատներից պատրաստում են թուրմ և օգտագործում ստամոքսի հիվանդությունների ժամանակ։ 

Մանդակի ցողունները կտրատում են ու խաշում թույլ աղաջրում, ավելացնում քացախ։ Այնուհետև քամում են ջուրը, ավելացնում ձեթ, համեմ, մաղադանոս ու մատուցում։ Նաև տապակում են՝ մատուցելով սխտոր-մածունով։

Ավելուկ (լատ.՝ Rumex)

Ավելուկն աճում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ 

Այն ունի բարձր սննդային արժեք, պարունակում է վիտամիններ A, B1, B2, PP, C, սպիտակուցներ, օրգանական թթուներ, հանքային աղեր։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են վերջինիս արմատը, տերևներն ու սերմերը և խորհուրդ են տալիս ուտել փորացավի, միզակապության, լուծի դեպքում։ Ավելուկի ջուրը խմում են թոքախտի, թոքաբորբի, փորացավի, հազի ժամանակ։

Ավելուկով պատրաստում են աղցան, մասրապուր, ոսպապուր, սիսեռով ապուր, թթու լավաշով ապուր։ Foody-ի խոհարարները պատրաստում են ավելուկով աղցան՝ համեմված ընկույզով, սոխով, սխտորով և կանաչեղենի սիրահարներին խորհուրդ են տալիս անպայման պատվիրել։

Սինդրիկ (լատ.՝ Polygonátum)

ՀՀ-ում աճում է սինդրիկի վեց տեսակ, որոնք տարածված են հիմնականում Տավուշի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի մարզերի անտառներում։

Պարունակում է վիտամին С, սպիտակուցներ, հանքային աղեր, ածխաջրեր։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում շնչառական ուղիներով բորբոքային հիվանդությունների ժամանակ՝ բրոնխիտ, թոքաբորբ։ Օգնում է մաքրել ստամոքսն ու արյունը, առողջացնում է մաշկը։ Օգտակար է ռադիկուլիտ, հոդացավ, շաքարային դիաբետ, դեղնուկ, հազ ունեցող մարդկանց համար։ Ունի հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն։

Պատրաստում են սինդրիկով և ընկույզով աղցան, տապակում են ձվով, դնում են թթու։

Նեխուր (լախուր, լատ.՝ Apium)

ՀՀ-ում հանդիպում է նեխուրի մեկ տեսակ՝ նեխուր բուրավետ, որն աճում է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում։  

Պարունակում է հանքային նյութեր, վիտամիններ C, PP, B1, B2։ Այն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը, պայքարում է բորբոքումների ու մրսածության դեմ՝ բարձրացնելով դիմադրողականությունը։ 

Միկրոէլեմենտների և կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ դրական է ազդում նյութափոխանակության, մազերի և մաշկի որակի վրա։ Անտիօքսիդանտների շնորհիվ մարքում է օրգանիզմը, պայքարում ծերացման դեմ, իսկ եթերային յուղերի շնորհիվ բարելավում է մարսողությունը, թողնում հակամանրէային ազդեցություն։

Նեխուրով, վարունգով ու գազարով հյութն օգնում է ազատվել վերջույթների այտուցներից, մաքրում է օրգանիզմը, դուրս է բերում ավելորդ հեղուկը։ Օգտակար է նաև նեխուրով, գազարով, խնձորով հյութը, որը դրական ազդեցություն է թողնում լյարդի աշխատանքի, արյան, մազերի ու մաշկի որակի վրա։ Նեխուրով պատրաստում են նաև աղցաններ, թանձրուկներ, օգտագործում են չորացրած վիճակում, դնում են թթու։

Փիփերթ (մոլոշ, բալբա, լատ.՝ Malva)

Աճում է ՀՀ բոլոր մարզերում։ 

Փիփերթը պարունակում է վիտամիններ E, C, դաբաղանյութեր։ Ունի խորխաբեր, փափկեցնող, հակաբորբոքային ազդեցություն։ Թուրմն օգտագործում են վերին շնչառական ուղիների հիվանդությունների, ստամոքսային տրակտի բորբոքումների, կոլիտի դեպքում։ Բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների ժամանակ օգտագործում են ողողումներ անելու նպատակով։ 

Փիփերթը խաշում են ու պատրաստում տարբեր աղցաններ՝ համեմելով սոխով, սխտորով, քացախով։ Նաև պատրաստում են բրնձով, փիփերթով, տավարով մսապուր, փիփերթով ու կարտոֆիլով ապուր կամ պարզապես այն տապակում են ձվով։ 

Բոխի (ձիասանիթ, ժախ, լատ.՝ Hippomarathrum)

ՀՀ-ում հայտնի է մեկ տեսակ և աճում է Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի և այլ մարզերում։ 

Պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ 

Բոխու մատղաշ ընձյուղներն ու տերևները մարինացնում են կամ թթու դնում։ Հորելու նպատակով խառնում են պանրի հետ։ Պատրաստում են աղցան՝ համեմելով մաղադանոսով և համեմով։ Պատրաստում են ձվածեղ։ 

Ծվծվուկ (ծտի փլավ, կաթնիկ, լատ.՝ Silene)

ՀՀ-ում հայտնի է 30-ից ավելի տեսակ, որոնք աճում են գրեթե բոլոր մարզերում։ 

Որոշ տեսակներ պարունակում են սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին և օգտագործվում են որպես դեղաբույս։ Պատրաստուկներ ունեն խորխաբեր ազդեցություն և օգտագործվում են հազի ժամանակ։ Կիրառում են կոլիտի, փորկապության, ստամոքսահյութի իջեցված թթվայնությամբ գաստրիտի ժամանակ։

Որոշ տեսակների մատղաշ տերևներն ուտում են հում վիճակում՝ ավելացնելով աղցանների մեջ։ Իսկ հասած տերևները խաշում են, տապակում կամ ավելացնում ապուրների ու օմլետների մեջ։

Ղանձիլ (վայրի սխտոր, արջասխտոր, սխտորուկ, լատ.՝ Állium ursínum)

ՀՀ-ում աճում է Տավուշի և Լոռու մարզերում։ 

Պարունակում է վիտամիններ C, B1, B2, PP, կարոտին, ֆիտոնիցիդներ, եթերայուղեր, յոդ։ Մաքրում է արյունը, օգտագործվում է մաշկային ախտահարումների, լնդախտի, հազի, ստամոքսի և աղիների բորբոքումների ժամանակ։ Խորհուրդ է տրվում կիրառել նաև ախորժակի և մարսողության բարելավման համար։ Իջեցնում է արյան մակարդելիությունը և խոչընդոտում է անոթների պատերին խոլեստերինային կուտակումների առաջացումը։ Այդ պատճառով օգտագործվում է աթերոսկլերոզի և արյան բարձր ճնշման դեպքում։

Պատրաստում են ղանձիլով աղցան՝ նախապես խաշելով և եռացող աղաջրի մեջ լցնելով։ Մատուցում են քացախով և աղով։ Նաև դնում են ղանձիլի թթու։

Բալդրղան (բլդրղան, կոծուկ, լատ․՝ Heracleum)

ՀՀ-ում հանդիպում է յոթ տեսակ։ Աճում է հիմնականում Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում։ 

Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, ֆիտոնիցիդներ (հակամանրէային նյութեր)։ Օժտված է անտիսեպտիկ, հակաբորբոքային, հակամանրէային, կծկանքալույծ, հատկություններով։ Դրական է ազդում ախորժակի և մարսողության վրա, հեռացնում է քորը և հանդես գալիս որպես լեղագոյացնող միջոց։

Օգտագործում են հում և թթու դրած վիճակում։ 

Եղինջ (աղինջ, դաղդղան, լատ.՝ Urtica)

Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։

Պարունակում է վիտամիններ K, C, B, կարոտին, թթուներ, օգտակար քիմիական տարրեր։ Ունի դիմադրողականություն բարձրացնող, թարմեցնող, հակաբորբոքային, հակամանրէային, անտիսեպտիկ, վերքերն ապաքինող, արնահոսությունը կագնեցնող, միզամուղ և այլ ազդեցություններ։ 

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են թուրմի տեսքով՝ ստամոքսի և երիկամի հիվանդությունների, վերքերի, արնահոսության, սակավարյունության, մկանային ցավերի և հոդացավերի դեպքում։  

Պատրաստում են եղինջով ու կարտոֆիլով ապուր, եղինջով ու սնկով կոլոլակներ, եղինջով աղցաններ։ Օրինակ՝ 

  1. եղինջ, լոլիկ, վարունգ, ձիթապտուղ, համեմունքներ
  2. եղինջ, կանաչ սոխ, մաղադանոս, քացախ

Եղինջը նաև տապակում են, օգտագործում ապուրների մեջ՝ բրնձով եղինջապուր, եղինջով կաթնապուր։

Դաղձ (անանուխ, նանա, լատ.՝ Méntha)

Աճում է գրեթե ամենուր։ Աչքի է ընկնում սուր, հաճելի բույրով։ 

Դաղձը պարունակում է մենթոլ, եթերայուղ, կարոտին։ Ունի ցավազրկող, թարմեցնող, քրտնաբեր, խորխաբեր ազդեցություն։ Այն օգտագործում են նաև մարսողությունը բարելավելու, սրտխառնոցը կանխելու, ախորժակը լավացնելու համար։

Օգտագործում են վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Մենթոլի եթերային յուղերը թեթևացնում են շնչառությունն ու մրսածության ժամանակ կանգնեցնում քթից արտահոսքը։ Վիտամին C-ի շնորհիվ օգնում է ամրանդել դիմադրողականությունն ու պայքարել հիվանդության դեմ։ 

Տերևներն օժտված են անոթները լայնացնող հատկությամբ, ինչի շնորհիվ խորհուրդ են տրվում արյան բարձր ճնշման, խրոնիկ գլխացավի ժամանակ։ Դաղձի թեյը մաքրում է անոթները և ակտիվացնում ուղեղի աշխատանքը։

Դաղձն օգտագործում են թե՛ ըմպելիքներ (թան, թեյ, հյութ), թե՛ սնունդ պատրաստելիս։ Սպանախն ու դաղձը մանր կտրատում են, ավելացնում համեմունքներ և պատրաստում աղցան։ Դաղձն օգտագործում են նաև ձվածեղ և եղինջով ապուր պատրաստելու համար։

Սինձ (այծամորուս, քոշմորուք, լատ.՝ Tragopógon)

ՀՀ-ում հանդիպում է 10-12 տեսակ և աճում է գրեթե բոլոր մարզերում։

Պարունակում է ինուլին, որն անհրաժեշտ է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Որոշ տեսակներ ունեն միզամուղ, անտիսեպտիկ, հակաբորբոքային ազդեցություն։ Արմատներն օգտագործում են երիկամաքարային հիվանդության, մրսածության, մաշկաբանական հիվանդությունների ժամանակ։ Սինձից պատրաստված թուրմներն օգտագոծում են պրոֆիլակտիկ նպատակով և սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։

Ուտում են տերևները, ցողուններն ու արմատները։ Արմատներն օգտագործում են տապակած կամ խաշած վիճակում, ինչպես նաև ավելացնում են ապուրների մեջ։ Սինձի և ավելուկի, եղինջի, կնձմնձուկի ու ևս մոտ 20 տեսակ վայրի կանաչիների համադրությունից էլ պատրաստում են ժենգյլալով հացը՝ Արցախի և Սյունիքի խոհանոցների ֆիրմային ուտեստներից մեկը։

Արցախցիներն ու սյունեցիները տարբեր բաղադրատոմսերով են պատրաստում ժենգյալով հացը։ Սյունեցիների դեպքում գլխավոր կանաչիներն են եղինջը, ճռճռուկն ու կարմանձուկը։

Թալ (լատ.՝ Atriplex)

Աճում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում, հիմնականում ուտում են Կապանում։

Պարունակում է վիտամիններ P, C, B, PP, օրգանական թթուներ, եթերային յուղեր, պրոտեիններ։

Թողնում է հակաբորբոքային, հանգստացնող, ցավազրկող ազդեցություն։ Մանրաթելերի շնորհիվ հանդես է գալիս որպես բնական սորբենտ և օգտագործվում է մարսողական համակարգը խարամներից մաքրելու համար։ Թալի տերևներով թեյը խմում են դաշտանային ցավերի ժամանակ։

Թալից պատրաստում են կոտլետներ, որոնք ժողովրդականություն են վայելում բուսակերների շրջանում։ Այն նաև ավելացնում են կանաչ աղցանների մեջ, մարինացնում են, պատրաստում են բանջարեղենային պյուրե։

Աստղաշուշան (խնջլոզ, լատ.՝ Ornithogalum)

ՀՀ-ում հայտնի մոտ 10 տեսակ, որոնք աճում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ 

Պարունակում է ալկալոիդներ, եթերային յուղեր, գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ։ 

Ունի վերքերն ապաքինող, հակամանրէային և ցավազրկող ազդեցություն։ Օգտագործում են հոդատապի, անոթներում ցավերի, հարվածքների, երակների հիվանությունների, շնչառական օրգանների հիվանությունների, հերպեսի և այլ դեպքերում։ 

Ուտում են հիմնականում թթու դրած վիճակում։ Հայ ընտանիքներն այն սկսում են թթվեցնել Ավագ հինգշաբթի օրը, որպեսզի մինչև Զատիկ ունենան ցանկալի արդյունք և զարդարեն տոնական սեղանը։

Վերջաբան

Բացի այն, որ կանաչեղենը յուրահատուկ համ ու տեսք է հաղորդում ուտեստներին, այն նաև առողջ սննդակարգի անբաժան մասն է։ Կանաչիները հարուստ են վիտամիններով, հանքային նյութերով, մանրաթելերով և միաժամանակ ունեն ցածր կալորիականություն։ 

Կանաչիներով հարուստ սնունդն օգնում է նվազեցնել ճարպակալման, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման ռիսկերը, մաքրում է օրգանիզմը և հաղորդում թարմություն։ 

Եթե ցանկանում եք կանաչեղենն ընդգրկել ձեր սննդակարգում, բայց չունեք ժամանակ զանազան բաղադրատոմսեր պատրաստելու համար, առաջարկում ենք այցելել Foody-ի մենյու։ Մեր խոհարարները պատրաստում են շուշանով, սիբեխով, ավելուկով տարբեր ուտեստներ, որպեսզի պատվիրեք արագ առաքում և վայելեք առողջ, բազմազան սնունդ։