Ինչպե՞ս անցկացնել Ամանորը ընտանիքի հետ և ստեղծել տոնական տրամադրություն

Ամանորը եղանակ չէ, այն զգացողություն է․․․

Ամանորի իրական ոգին ձեր սրտում է․․․

Ամանորի լավագույն նվերն այն է, որ հասկանում ես, թե ինչքան շատ բան արդեն ունես․․․

Այսպիսի մտքեր ու խոսքեր են հյուսվել Ամանորի շուրջ, որպեսզի մարդիկ հասկանան ու գնահատեն այս տոնի իրական խորհուրդը։ 

Այս հոդվածով ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել Ամանորին ընտանիքի միասնության վրա, առաջարկել ժամանցի հետաքրքիր ու զվարճալի տարբերակներ և օգնել տանը ստեղծել իսկական տոնական տրամադրություն։ 

#1 Զարդարեք տունը ամանորյա ոգով

Տան գլխավոր զարդարանքը տոնածառն է, հատկապես եթե տանը կան երեխաներ։ Բայց պետք չէ սահմանափակվել միայն դրանով։ Կարելի է հետևել նաև այս օրինակներին.

  • բազմոցի վրա տեղադրել ամանորյա թեմատիկայով բարձեր,
  • օգտագործել ամանորյա թեմատիկայով սպասք, սփռոց,
  • մահճակալի վրա փռել ամանորյա թեմատիկայով անկողին,
  • սեղանի վրա տեղադրել ամանորյա թեմատիկայով մոմեր, կերամիկական հուշանվերներ,
  • վարագույները զարդարել տոնածառի խաղալիքներով կամ կանաչ-կարմիր գուլպաներով,
  • դռները զարդարել ամանորյա պսակով,
  • ջահերը զարդարել տոնածառի խաղալիքներով, փայլերով,
  • պատերը զարդարել լույսերով,
  • պահարանների դռների, սառնարանի վրա փակցել ամանորյա թեմատիկայով ինքնակպչուններ
  • Ամանորի գիշերը կրել միանման ամանորյա շապիկներ 

#2 Դարձեք ոճաբան ձեր ընտանիքի անդամների համար

Շատ մարդիկ ընդհանրապես հաճույք չեն ստանում հագուստի տարրեր համադրելուց և նույնիսկ Ամանորի գիշերը ցանկանում են անցկացնել առօրյա հագուստով։ Եթե սիրում եք հետաքրքիր ու նորաձև լուքեր ստանալ, ապա կարող եք անգնահատելի ծառայություն մատուցել ձեզ և ձեր ընտանիքի անդամներին։ 

Ուղևորվեք դեպի զգեստապահարան և առաջարկեք Ամանորը դիմավորել այս կամ այն լուքով՝ հետևելով հագուստի ու աքսեսուարների համադրության տարբեր բանաձևերի։ 

Այս աշխատանքը կարևոր է, հատկապես եթե ընտանիքի անդամներով պատրաստվում եք Ամանորը դիմավորել որևէ ռեստորանում կամ հյուրանոցում։ Բայց եթե նույնիսկ տանն եք անցկացնելու, ապա պետք չէ ծուլանալ. գեղեցիկ ու խնամված տեսք պետք է ունենալ միշտ։

Մեր հոդվածը՝ Ինչպե՞ս ճիշտ համադրել աշնանային գույները հագուստի մեջ, թեև գրել ենք աշնան գույների տեսանկյունից, ձեզ կփոխանցի հիմնարար գիտելիքներ, որոնցով հեշտությամբ կհամադրեք նաև ամանորյա հագուստներն ու աքսեսուարները։

#3 Զբաղվեք բարեգործությամբ 

Բարեգործ լինելու համար պետք չէ լինել մեծահարուստ։ Բոլորիս տանն էլ կան նոր, չօգտագործված իրեր, որոնք, օրինակ, նվեր ենք ստացել և չենք բացել կամ գնել ենք և այդպես էլ թողել պահարանում։ Կան նաև օգտագործված իրեր, որոնք լավ վիճակում են և նույնպես կարող ենք փոխանցել կարիքավոր ընտանիքներին։

Ամանորին ընդառաջ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կապող օղակ են դառնում նմանատիպ իրերի և կարիքավոր ընտանիքների միջև։ Հետաքրքրվեք, թե ձեր թաղամասում ովքեր են հագուստի, խաղալիքների, կոշիկներ և այլ իրերի հավաքագրում կազմակերպում և միացեք նրանց։ Այդպիսով դուք տանը չեք պահի այնպիսի իրեր, որոնք չեք օգտագործում և միաժամանակ օգտակար գործ կանեք կարիքավոր ընտանիքների համար։

#4 Խաղացեք

Որքան բազմանդամ է ընտանիքը, այնքան շատ խաղեր կարելի է խաղալ և այնքան հետաքրքիր կլինի ժամանցը։ Եթե ընտանիքի անդամների թիվը փոքր է, կարելի է հրավիրել նաև զարմիկ-զարմուհիներին և այլ հարազատների։ Կարող եք ընտրել բոլորին հայտնի խաղերի այս ցանկից՝

  • Մոնոպոլիա, 
  • Այգեպան,
  • Դոմինո,
  • Ջենգա,
  • Մրոցի, 
  • Ունո,
  • Այլ կերպ,  
  • Կարմի՞ր, թե՞ սև
  • Հավատում եմ, չեմ հավատում

Եթե ցանկանում եք սեղանի նոր խաղ փորձել, ապա կարող եք ընտրել հետևյալ ցանկից՝

  • Մանչկին,
  • Տարբերակ,
  • Մոծակ,
  • Ղդիկ,
  • Բլից,
  • Կինոգետ

Օրինակ՝ «‎Տարբերակ»‎-ը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել մյուս մասնակիցներին և հասկանալ, թե վերացական տարբեր իրավիճակներում նրանք ինչպես կվարվեն։

Յուրաքանչյուր խաղացողի տրամադրվում են քվեարկության A և B քարտեր։ Առաջին խաղացողը նետում է զառը, որից հետո հաջորդ խաղացողը կարդում է հարցերը։ Օրինակ՝ «Ապրես մի երկրում, որտեղ միշտ +40° շո՞գ է, թե՞ -15° ցուրտ»։‎

Խաղացողը ընտրում է տարբերակներից մեկը՝ դնելով քվեարկության համապատասխան քարտը։ Մյուս խաղացողները պետք է կռահեն, թե նա որ տարբերակն է ընտրել՝ իրենց հերթին ցույց տալով քվեարկության այս կամ այն քարտը։

Կարելի է խաղալ նաև այնպիսի խաղեր, որոնց համար հատուկ խաղաթղթերի կամ հավելվածի կարիք չկա՝

  • 2 սուտ, 1 ճշմարտություն
  • Քաղաքներ,
  • Կախաղան,
  • Բառքամոցի,
  • Պանտամիմա,
  • Ծովային մարտ

«Գուշակիր հայտնի մարդուն» խաղը նույնպես չի պահանջում հատուկ պարագաներ, անհրաժեշտ են փոքր թղթեր ու գրիչ։ 

Խաղացողները բաժանվում են երկու կամ ավելի թիմերի։ Յուրաքանչյուրը առանձին թղթի կտորների վրա նշում է 5 հայտնի մարդու անուն և նետում գլխարկի կամ զամբյուղի մեջ։ 

Առաջին թիմի խաղացողը վերցնում է պատահական թղթի կտոր և փորձում 30 վայրկյանի ընթացքում բացատրել, թե ում մասին է խոսքը։ Ինչքան շատ թուղթ վերցնի և բացատրի, այնքան շատ կլինեն միավորները։ 

Կարելի է փոփոխել սահմանված ժամանակը՝ այն հասցնելով 60 կամ ավելի վայրկյանի։ Նաև կարելի է որոշել, որ թղթերի վրա գրվեն որոշակի կատեգորիայի պատկանող հայտնի մարդկանց անուններ։ Օրինակ՝ միայն երգիչներ, միայն դերասաններ կամ միայն մարզիկներ։ Կարելի է նաև այլ կատեգորիաներ ընտրել՝ օրինակ Դիսնեյի մուլտֆիլմերի շարքի հերոսներ կամ Հարրի Փոթերի ֆիլմերի շարքի հերոսներ։

Կա այս խաղի նաև մեկ այլ տարբերակ։ Թիմի անդամներից մեկի ճակատին փակցվում է հայտնի մարդու անունը, և վերջինս պետք է հարցեր ուղղի իր թիմակիցներին՝ պարզելու, թե ում անունն է գրված իր ճակատին փակցված թղթին։

#5 Դիտեք Ամանորի ավանդական ֆիլմերը

«Տանը մենակ»-ից մինչև «Բաղնիքդ անուշ»՝ Ամանորն ունի իր ուրույն ֆիլմացանկը, որը նայում են բոլորը և ամեն տարի։ 

Եթե ցանկանում եք որևէ նորություն դիտել, առաջարկում ենք կարդալ մեր մյուս հոդվածը, որտեղ կգտնեք կատակերգության և ֆանտաստիկայի ժանրերի ֆիլմեր ու մուլտֆիլմեր։ Ի դեպ, հոդվածում մենք նաև առաջարկում ենք, թե ինչ համեղ ուտեստներով կարելի է անցկացնել ժամանցը։

Կարդացեք այստեղ՝

7 ֆիլմ և մուլտֆիլմ Ամանորի համար, որոնք արժե նայել նորից ու նորից

#6 Զարդարեք սեղանը «‎արա ինքդ»‎ (DIY) գաղափարներով

Սեղանի ձևավորումը առանձին մասնագիտություն ու ծառայություն է, որի համար մարդիկ պատրաստ են վճարել մեծ գումարներ։ Բայց եթե ունեք ժամանակ և թիմային ոգի ընտանիքի ներսում, ապա Ամանորի ընթրիքը կարող եք վերածել թանկարժեք ռեստորանում կազմակերպված ֆուրշետ-երեկույթի։

Օրինակ՝

Ձեռք բերեք եղևնու տեսքով տախտակ և դրա վրա հավաքեք ուտելի տոնածառ՝ ծիտրոնի տերևներ (եղևնի), չերրի լոլիկներ և տարբեր պատկերներով կտրված պանրի կտորներ (խաղալիքեր)։

Միրգը մատուցեք տոնածառի տեսքով։ Հիմքում դրեք խնձոր, իսկ վրան ատամի փայտիկներով ամրացրեք գազար (սուր մասը դեպի վերև)։ Խնձորի և գազարի վրա բոլոր կողմերից ամրացրեք ատամի փայտիկներ, իսկ փայտիկների վրա սկսեք «‎կախել»‎ տոնածառի խաղալիք-մրգերը՝ ազնվամորի, խաղողի հատիկ, հապալաս, ելակ, գիլաս

Պատրաստեք աղցան Ամանորի պսակի տեսքով։ Ռուկոլայի տերևներով կազմեք շրջան և այն զարդարեք չերրի լոլիկներով ու մոցարելլայի գնդիներով։

Պատրաստեք ամանորյա կանապեներ։ Բաղադրատոմսերն անթիվ են ու չափազանց հեշտ՝ 

  • հաց, «‎Չեդդեր»‎ պանիր, ապխտած երշիկ, վարունգ, սև ձիթապտուղ,
  • հաց, պինդ պանիր, խոզապուխտ, թթու վարունգ, սև ձիթապտուղ,
  • հաց, պինդ պանիր, խոզապուխտ, լոլիկ, հազարի տերև,
  • հաց, սերուցքային պանիր, վարունգ, խեցգետնի պոչ, 
  • հաց, սերուցքային պանիր, կարմիր ձկնկիթ, 
  • հաց, սերուցքային պանիր, ավոկադո, 
  • հաց, սերուցքային պանիր, վարունգ, սաղմոն

#7 Պատրաստեք ամանորյա նոր թխվածք

Երբ խոսքը գնում է ամանորյա քաղցրիկների մասին, բոլորն այն ասոցացնում են Թռչնի կաթի, Միկադոյի, Փախլավայի և այլ ժամանակատար թխվածքների հետ։ Այս Ամանորին առաջարկում ենք պատրաստել հեշտ, տեսքով շատ տոնական ու ախորժելի ռուլետ։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • 300 գրամ շոկոլադե թխվածքաբլիթներ,
  • 2 բանան,
  • 250 գրամ կաթնաշոռ,
  • 2 ճաշի գդալ թթվասեր,
  • 2 ճաշի գդալ խտացրած կաթ,
  • մանր կտրատած մրգեր ըստ ճաշակի՝ մանդարին, ելակ, կիվի, անանաս

Թխվածքաբլիթները մանրացնում ենք հարիչի օգնությամբ, բանանը վերածում ենք խյուսի և միավորում զանգվածները։ Խմորը բացում ենք ուղղանկյունի տեսքով և բարակ շերտով;

Կրեմի համար խառնում ենք կաթնաշոռը, թթվասերը և խտացրած կաթն ու տարածում բացած խմորի վրա։ Վերջում ավելացնում ենք մանր կտրատած մրգերը և փաթաթում ռուլետի տեսքով։

Տեղափոխում ենք սառնարան մեկ ժամով, որից հետո կտրատում և մատուցում ենք։ 

Կարող եք պատրաստել նաև այլ հետաքրքիր թխվածքներ Foody-ի բաղադրատոմսերով՝

Կարմիր թավիշ

Բրաունի

Կիտրոնով թխվածք

#8 Ամփոփեք տարին և կիսվեք ապագայի տեսլականով

Անկախ տարիքից՝ բոլորս էլ ունենք պլաններ, որոնց ցանկանում ենք հասնել 2023-ին, ինչպես նաև ունենք դասեր, որոնք կարող եք սովորել 2022-ից։ Ընտանեկան միջավայրը լավագույնն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է անկեղծանալ իր ձեռքբերումների ու ձախողումների շուրջ, խորհուրդներ հարցնել տան անդամներից և տրամադրվել նոր տարվա պլաններն իրագործելուն։ 

Նստեք թեյի սեղանի շուրջ, վայելեք խնձորով շտրուդել կամ գաթա Foody-ի խոհանոցից և ամփոփեք անցնող տարին ամենաջերմ անկյունում։ 

Բոլորին մաղթում ենք անմոռանալի տարի՝ լի հույսով, հավատով ու սիրով, փոքր հրաշքներով և ընտանեկան ջերմությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով