Դուք ավելի շա՞տ եք ուտում, երբ լարված ու անհանգիստ եք։
Սնունդ ընդունելը օգնո՞ւմ է ձեզ զգալ ավելի լավ, ավելի հանգիստ, ավելի ապահով։
Դուք օգտագործո՞ւմ եք սնունդը՝ որպես ձեզ պարգևատրելու միջոց։
Եթե վերը նշված հարցերին պատասխանեցիք «այո», ապա դուք, այսպես ասած, «էմոցիոնալ սնվող» եք։
Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչ է էմոցիոնալ սննդընդունումը, որոնք են հիմնական պատճառներտը և ինչպես հաղթահարել։
Ի՞նչ է էմոցիոնալ սննդընդունումը
Էմոցիոնալ սննդընդունումը ուտելն է ոչ թե ի պատասխան ֆիզիկական քաղցի և գռգռացող ստամոքսի, այլ դրական կամ բացասական զգացողությունների։
Մարդիկ այս հակումով մեծամասամբ տարվում են բացասական իրավիճակներում՝ միայնությունը չզգալու, ձանձրույթի դեմ պայքարելու, լարվածությունը մեղմելու համար։ Բայց քիչ չեն դեպքերը, երբ մարդը որևէ հաջողության է հասել, գեղեցիկ առիթ է նշում կամ ուղղակի բարձր տրամադրություն ունի և ցանկանում է սննդի միջոցով էլ ավելի բարձր տրամադրություն ստեղծել։
Նորմալ է, եթե ձեզ մոտ ժամանակ առ ժամանակ առաջանում է էմոցիոնալ սննդընդունման ցանկություն, և դուք առաջնորդվում եք ոչ թե քաղցի զգացողությամբ, այլ տրամադրությամբ, միջավայրով։ Բայց եթե նման պոռթկումները լինում են հաճախակի և դառնում են զգացմունքները բավարարելու միջոց, երկարաժամկետ բացասական ազդեցություն են թողնում առողջության, երջանկության ընկալման ու նաև քաշի վրա։
Ֆիզիկական և էմոցիոնալ քաղցի միջև կան տարբերություններ։ Հետհայացք նետեք ձեր սննդային սովորություններին և կհասկանաք՝ սնունդ ընտրելիս լինո՞ւմ եք էմոցիոնալ, և եթե այո, ապա որքա՞ն հաճախ։
- Ֆիզիկական քաղցը հասունանում է աստիճանաբար, իսկ էմոցիոնալը՝ հանկարծակի։
- Ֆիզիկական քաղցը կարող է համբերել, իսկ էմոցիոնալն անմիջապես բավարարում է պահանջում։
- Ֆիզիկական քաղցի զգացողությունը դադարում է, երբ ստամոքսը լիքն է, իսկ էմոցիոնալի դեպքում դա նշանակություն չունի։ Մարդը կարող է չնկատել, որ մի ամբողջ տուփ չիփս կերավ կամ ամբողջական պիցցա։
- Ֆիզիկական քաղցի դեպքում մարդը բաց է սննդային տարբեր առաջարկների առջև՝ բանջարեղեն, հատիկավորներ, միս և այլն։ Իսկ էմոցիոնալի դեպքում ցանկություն է առաջանում ուտել արագ, անառողջ սնունդ (պիցցա, ֆրի, բուրգեր, սուշի) կամ քաղցրավենիք (պաղպաղակ, կոնֆետ, թխվածք), որոնք վայրկյենապես հաճույք են պատճառում։
- Ֆիզիկական քաղցը չի առաջացնում ամոթի կամ զղջանքի զգացողություն, քանի որ մարդն իր օրգանիզմին ապահովում է էներգիայով ու օգտակար նյութերով։ Իսկ էմոցիոնալ սննդընդունումից հետո հաճախ է առաջանում մեղքի զգացողություն, քանի որ վնաս է հասցվում կազմվածքին, իսկ օրգանիզմը ոչ մի օգտակար նյութ չի ստանում։
Որո՞նք են էմոցիոնալ սննդընդունման պատճառները
Պատճառները մի փոքր այլ են, քան պարզապես կարգապահության ու ինքնակառավարման բացակայությունը։ Ահա դրանցից մի քանիսը․
#1 Սթրես
Սթրեսի ենթարկվելիս օրգանիզմն արտադրում է հատուկ հորմոն՝ կորտիզոլ։ Կորտիզոլը պահանջ է առաջացնում աղի, քաղցր և տապակած սննդի նկատմամբ, որ արագորեն պատճառում է հաճույք ու տալիս էներգիա։ Որքան շատ է մարդն առնչվում սթրեսային իրավիճակների հետ, այնքան ավելի հաճախ է ցանկանում նման սնունդ ընդունել։ Սթրեսային իրավիճակները կարող են կապված լինել առողջության, ֆինանսական դրության, ընտանիքի, աշխատանքի, խիստ դիետաների և այլ գործոնների հետ։
#2 Մանկության սովորություններ
Փոքր տարիքում ծնողները լավ վարքի կամ գնահատականի համար երեխաներին երբեմն խրախուսում են, օրինակ, պաղպաղակով կամ պիցցայով։ Իսկ երբ երեխան տխուր է լինում, փորձում են տրամադրությունը բարձրացրել որևէ քաղցրավենիքով։ Եթե մանկության տարիներին նման դեպքեր հաճախակի են եղել, ապա շատ հնարավոր է, որ նույն մեթոդը դուք կիրառեք ինքներդ ձեր նկատմամբ արդեն մեծ տարիքում։
#3 Ձանձրույթ և միայնություն
Խոստովանեք, թե քանի անգամ եք բացել սառնարանի դուռը կամ փորփրել խոհանոցի դարակները միայն այն պատճառով, որ անելիք չունեք, սպասման մեջ եք կամ զբաղմունք եք փնտրում ձեզ համար։ Երբ ներսում դատարկություն է, ուտելիքը կարծես օգնության է հասնում և լցնում այդ բացը, զբաղեցնում ու ընկերակցում է մեզ, շեղում իրական խնդիրներից։
#4 Սոցիալական ճնշում
Ընտանիքի ու ընկերների հետ դրսում ճաշելը հիանալի գաղափար է մտքերը ցրելու և հաճելի միջավայրում ժամանակ անցկացնելու համար։ Բայց միջավայրը կարող է հեշտության դրդել էմոցիոնալ սննդընդունման։ Ուտեստները արդեն պատվիրված և սեղանին դրված են, բոլորը օգտվում են սեղանից, և ինքնաբերաբար դուք էլ ուտում, որպեսզի չմեկուսանաք, ուտելիքը չմնա, մյուսները չնեղանան և այլն։
Ինչպե՞ս պայքարել էմոցիոնալ սննդընդունման դեմ
Սթրես-սնունդ-սթրես ցիկլը կոտրելը բարդ է, բայց ոչ անհնար։ Չենք մոռանում, որ երբեմն-երբեմն մեզ սննդով պարգևատրելը կամ լարված պահերին մեզ սննդով հանգստացնելը նորմալ է և չի համարվում սննդային խանգարում։ Իսկ եթե արմատներն ավելի խորն են, առաջարկում ենք մտածել այս կետերի շուրջ․
#1 Գտեք գգացողություններին արձագանքելու այլընտրանքներ
Երբ միայնակ եք, զանգահարեք մտերիմ մարդու, խաղացեք ձեր ընտանի կենդանու հետ, դիտեք ձեր լուսանկարները սիրելի մարդկանց հետ։
Երբ անհանգիստ եք, կատարեք հակասթրեսային գնդակի սեղմումներ, դուրս եկեք զբոսանքի, խորը շնչեք, թեթև վարժություններ արեք։
Երբ սպառված ու հոգնած եք, տաք թեյ խմեք, լոգանք ընդունեք, անուշաբույր մոմեր վառեք, փաթաթվեք տաք ծածկոցով։
Երբ ձանձրանում եք, գիրք կարդացեք, զվարճալի հաղորդում դիտեք, երաժշտական գործիք նվագեք, որևէ թեթև ուտեստ պատրաստեք/թխեք, կազմեք ձեր հետագա անելիքների ցանկը, պլանավորեք ձեր շաբաթվա զգեստապահարանը, կարգի բերեք հեռախոսի և համակարգչի ֆայլերը։
#2 Կանոնավոր կերպով հոգ տարեք ձեր և ձեր կարիքների մասին
Բավարար ժամանակ հատկացրեք քնին և հանգստին, ամեն օր զբոսնեք մաքուր օդին, սնվեք լիարժեք՝ նախապատվություն տալով սննդարար մթերքների, զբաղվեք հաճույք պատճառող գործերով։ Նույնիսկ մանրուքները կարող են օգնել լցվել էներգիայով, վերականգնել հանգստությունը և լիարժեք զգալ։
Պատկերացնենք հակառակ իրավիճակը։ Եթե մարդն ապրում է կյանքի արագ ռիթմով, շատ է աշխատում, վատ է քնում, անկանոն է սնվում, էներգիա արագորեն ստանալը դառնում է սովորություն և կարող է համեմատվել կոֆեինից կամ այլ վնասակար սովորությունից կախվածության հետ։ Մարդը ձգտում է ուտել տապակած կամ քաղցր սնունդ, որպեսզի արյան մեջ շաքարի մակարդակն արագորեն բարձրանա և ապահովի էներգիայով։
Կարդացեք նաև՝
—Ինչպես բարելավել քնի որակը և առավելագույնս հանգստանալ քնի ընթացքում
—9 առողջ սովորություն, որոնք կնպաստեն քաշը կորցնելուն կամ պահպանելուն
#3 Փնտրեք անհանգստության իրական պատճառը
Այն կարող է լինել վախ, ցավ կամ այլ զգացմունք։ Ուտելով համեղ սնունդ՝ մենք փորձում ենք մոռանալ իրական խնդրի մասին և կենտրոնանալ սննդի պատճառած հաճույքի վրա։ Այնինչ հաճույքի զգացողությունն արագորեն մարում է, խնդիրը մնում է չլուծված, իսկ մենք սկսում ենք մեղավոր զգալ, որ չդրսևորեցինք կամքի ուժ, կուտակեցինք ավելորդ կիլոգրամներ և խուսափեցինք խնդրին առերեսվելուց։
Անհրաժեշտ է վերացնել բուն պատճառը կամ մեղմել դրա ազդեցությունը մարդու վրա՝ դիմելով ընկերների, մտերիմների կամ հոգեբանի օգնությանը։
Foody-ի խոհարարները պատրաստում են համեղ, բազմազան ու որակյալ սնունդ օրվա բոլոր ժամերի համար։ Նախապատվություն տվեք սննդային առողջ սովորություններին և պատվիրեք արագ առաքում մեր ճաշացանկից։